Հարկել շռայլությունը. հայ պատգամավորն առաջարկում է ճոխության հարկ սահմանել
Օրենքն ընդունվելու դեպքում հավաքված հարկերը բացառապես կծառայեն թոշակների և նպաստների բարձրացմանը, ինչպես նաև առողջապահության խնդիրների լուծմանը: «Սոցիալական այս ծանր պայմաններում, թալանի հաշվին հարստացած մեծահարուստների թույլ տված շքեղությունները խրախճանք են ժանտախտի ժամանակ,- ասում է նախագծի հեղինակ Դալլաքյանը: - Այս օրենքը հնարավորություն կտա ոչ միայն հարուստներին բերելու հարկային դաշտ, այլև, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում, գանձել հարստության և շքեղ ապրելակերպի համար հարկեր»: Ըստ Դալլաքյանի` նման օրենք գործում է եվրոպական մի շարք երկրներում, իսկ ԱՊՀ երկրներից`Ուկրաինայում, Ղազախստանում, քննարկվում է նաև Ռուսաստանում մտցնելու հարցը: Դալլաքյանի տվյալներով` Ավստրալիայում շքեղ մարդատար ավտոմեքենայի համար վճարում են շքեղության հարկ՝ տվյալ ավտոմեքենայի արժեքի 33 տոկոսի չափով: «Ի դեպ, շքեղ են համարվում 57 հազար ամերիկյան դոլարից ավելի արժեք ունեցող մարդատար ավտոմեքենաները, իսկ մեր փողոցներում 100 հազարանոց մեքենաներն ամեն քայլափոխի են: Եթե ուզում են վայելել, թող վճարեն»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Դալլաքյանը: Նման օրենքի անհրաժեշտության մասին դեռ նախորդ ամիս հայտարարել էր ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, երբ քննարկվում էր կառավարության կողմից առաջարկված 8 նոր հարկատեսակների ավելացման մասին օրինագիծը: ԱԺ նախկին փոխխոսնակ Հովհաննիսյանը, քննադատելով նոր հարկատեսակների ընդունումը, ասել էր, որ ավելի լավ է դրա փոխարեն ընդունվի «Ճոխության հարկ»: «Ուզո՞ւմ ես անպայման «Մայբախ» ու «Ռոլս-ռոյս» քշես, քշի´, բայց հա´րկ տուր պետությանը, հա´րկ տուր, որովհետև քո պետության մեջ կա նաև անապահով խավ»,- հայտարարել էր Հովհաննիսյանը: Խորհրդարանական կոալիցիայի անդամները, որոնցից շատերի գրպանին օրենքն ուղղակիորեն հարվածելու է, քանի որ հայտնի օլիգարխներ են, խուսափեցին «ԱրմենիաՆաուին» հարցազրույց տալուց` պատճառաբանելով, թե դեռ ծանոթ չեն նախագծին: Միայն հայտնի գործարար Լյովա Խաչատրյանն ասաց թե` ծիծաղելի է:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 8 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.