Վիլսոնի գաղափարներից մինչև Սարգսյանի ելույթը. ՀՀ նախագահն ասում է` Թուրքիան չպետք է խոսի «նախապայմանների» լեզվով

Վիլսոնի գաղափարներից մինչև Սարգսյանի ելույթը. ՀՀ նախագահն ասում է` Թուրքիան չպետք է խոսի «նախապայմանների» լեզվով

The official site of the president of Armenia

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ապրիլի 12, 2010 թ.

Երկուշաբթի` ապրիլի 12-ին, Վաշինգտոնում գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի Մայր տաճարում ծաղկեպսակ է դրել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին և ելույթ ունեցել, որի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տա Թուրքիային նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ:

«Մենք չենք պատրաստվում որևէ ձևաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձևացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետև մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է բռնելու նաև այս քննությունը»,- հայտարարել է Սարգսյանը:

Նախքան Վիլսոնի (ով, որպես ԱՄՆ նախագահ, 1913-1921 թթ. կողմնակից էր, որ անկախ Հայաստանի կազմի մեջ լինեին նաև նախկին Օսմանյան կայսրության հայկական գավառները) շիրիմին ծաղկեպսակ դնելը Սարգսյանը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ ուշ երեկոյան կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Սարգսյանի 45 րոպե տևած հանդիպումը:

Նախագահները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ԱՄՆ-ը գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին Հայաստանի և Թուրքիայի ղեկավարության մասնակցությունն ապահովել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները չսառեցնելու նպատակով: Շատերի նման, Բոզոյանը նույնպես կարծում է, որ Օբաման այս տարի ևս իր ապրիլքսանչորսյան ուղերձում չի արտասանի «ցեղասպանություն» բառը:
«ԱՄՆ-ը միտումնավոր չի հրավիրել Ադրբեջանին, որպեսզի չեզոքացնի նրա գործոնը արձանագրությունների վավերացման գործընթացում, քանի որ կարծիք կա, որ Հայաստանն ու Թուրքիան պատրաստ էին վավերացնելու արձանագրությունները, սակայն Ադրբեջանը վերջին պահին խանգարեց»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Բոզոյանը:

Մինչդեռ Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, խոսելով Սարգսյան-Էրդողան հանդիպման մասին, ասել է, որ ապրիլի 24-ին ընդառաջ` Թուրքիայի քաղաքական ղեկավարության տոնայնությունը և հռետորաբանությունը բավական փոխվել են:
«Նրանք (Թուրքիան) արդեն հայտարարում են, որ պատրաստ են վավերացնելու արձանագրությունները, որ չեն սառեցնի և այլն»,- ասում է Շարմազանովը։
ԱրմենիաՆաուի էջերում