Օբամա. «Կործանարար էջ», բայց ոչ ցեղասպանություն

Օբամա. «Կործանարար էջ», բայց ոչ ցեղասպանություն

Ֆոտոլուր

Activists outside the White House, led by Armenian National Committee of America’s executive director Aram Hamparian held a protest encouraging Obama to “keep your promise”.

Շաբաթ ապրիլքսանչորսյան իր ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերահաստատեց «իր սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ», սակայն, ինչպես և սպասվում էր, չօգտագործեց «ցեղասպանություն» բառն այն օրը, երբ աշխարհասփյուռ հայությունը նշում էր 95 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած 1,5 մլն հայերի հիշատակը:


Սա «հայ ժողովրդի պատմության կործանարար էջերից է, և մենք պետք է կենդանի պահենք այդ մասին հիշողությունը՝ ի նշան զոհերի հանդեպ հարգանքի և որպեսզի խուսափենք անցյալի սահմռկեցուցիչ սխալներից»,- ասել է Օբաման հայտարարության մեջ։


Նախագահ դառնալուց հետո Օբաման, որն իր նախընտրական քարոզարշավում խոստացել էր ճանաչել Ցեղասապնությունը, օգտագործեց բառեր, որոնք ծանոթ են Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներին, ովքեր ավելի քան մեկ տասնամյակ շարունակ ականատես են եղել, թե ինչպես ԱՄՆ նախագահները հավատարիմ չեն մնացել իրենց նախընտրական քարոզարշավների ընթացքում Ցեղասպանությունը ճանաչելու մասին տված խոստումներին:

«Հիշատակի այս հանդիսավոր օրը մենք կանգ ենք առնում՝ հիշելու, որ 95 տարի առաջ սկսվեց 20-րդ դարի ծանրագույն եղեռնագործություններից մեկը»,- ասել է նախագահն իր հայտարարության մեջ, որի հրապարակման պահին նա գոլֆ էր խաղում։

«Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, և իմ տեսակետն այդ պատմության վերաբերյալ չի փոխվել։ Մեր բոլորի շահերից է բխում փաստերի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչմանը հասնելը»,- ասված է հայտարարությունում։

Նախագահը հայտարարության մեջ ասել է. «…Քաջալերված եմ պատմության այս ցավալի դրվագի շուրջ թուրքերի և հայերի միջև երկխոսությամբ, ինչպես նաև հենց Թուրքիայում ծավալվող քննարկումներից»:
Սակայն Օբաման չի նշել, որ հինգշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խիստ տոնով ուղերձից հետո, երբ ՀՀ նախագահը մեղադրեց Թուրքիային հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողելու համար, երկու երկրների միջև երկխոսությունը, ըստ էության, դադարել է:

ԱրմենիաՆաուի էջերում