Բոյկոտ. դաշնակցականները մերժել են հանդիպել ԵԽԽՎ թուրք նախագահին, քանի որ նա հրաժարվել է այցելել Ցեղասպանության հուշահամալիր

Բոյկոտ. դաշնակցականները մերժել են հանդիպել ԵԽԽՎ թուրք նախագահին, քանի որ նա հրաժարվել է այցելել Ցեղասպանության հուշահամալիր

Photo: www.coe.int

Մովլութ Չավուշօղլուի

Չորեքշաբթի Հայաստան ժամանած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ, ազգությամբ թուրք Մովլութ Չավուշօղլուի այցն սկսվեց բոյկոտով. Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորները մերժել են նրա հետ հանդիպել, քանի որ Չավուշօղլուն հրաժարվել է այցելել 1915 թ. Հայոց ցեղասպանության հուշահամալիր:


Ըստ ոչ պաշտոնական լուրերի` ի սկզբանե նախատեսվում էր Չավուշօղլուի պաշտոնական այցը, որի արարողակարգը պարտադիր ենթադրում է բարձրաստիճան հյուրի այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը կառուցվել է ի հիշատակ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում զոհ դարձած ավելի քան 1,5 մլն հայերի:

Սակայն Չավուշօղլուն հրաժարվել է Եղեռնի հուշահամալիր այցելությունից, ինչն էլ ստիպել է իշխանություններին պաշտոնական այցը վերափոխել աշխատանքայինի, որի դեպքում պարտադիր չէ Ծիծեռնակաբերդ այցելությունը:

«Պաշտոնական արարողակարգից հրաժարվելու այս քայլը ակնհայտ ցույց է տալիս, որ Չավուշօղլուն Հայաստան է այցելում ոչ որպես ԵԽԽՎ ղեկավար, այլ որպես թուրք քաղաքական գործիչ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ նման պայմաններում իրենք նպատակահարմար չեն գտնում հանդիպել Չավուշօղլուի հետ:

(ԵԽԽՎ նախագահի և ընդունող երկրի քաղաքական կուսակցությունների միջև նման հանդիպումները նույնպես ընդգրկվում են օրակարգի մեջ:)

Հովհաննիսյանը հիշեցնում է, որ ցանկացած օտարերկրյա պաշտոնյա, որը Հայաստան է այցելել պաշտոնական այցով, անկախ այն բանից` իր ներկայացրած երկիրն ընդունե՞լ է Հայոց ցեղասպանության փաստը, թե՞ ոչ, այցելում է Ծիծեռնակաբերդ:

«Սա անարգանք է, և մենք պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տանք թուրք քաղաքական գործչին»,- ասում է Հովհաննիսյանը` կոչ անելով մյուս քաղաքական ուժերին ևս միանալ բոյկոտին:
Մինչդեռ խորհրդարանական ընդդիմադիր մյուս խմբակցության ղեկավարի կարծիքով` բոյկոտն «ուշացած զայրույթ» է:

«ՀՅԴ-ն թուրք նախագահի այդ վտանգների մասին պետք է հիշեր այն ժամանակ, երբ մերժեց միանալ մեր խմբակցության նախագծին, որով հնարավոր էր կանխել Չավուշօղլուի նախագահությունը: Դեռ այն ժամանակ մենք զգուշացնում էինք, որ ԵԽԽՎ թուրք նախագահը լուրջ վտանգ է ներկայացնելու»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Չավուշօղլուն ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվեց այս տարվա հունվարին:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը դեռևս 2009 թ. նոյեմբերից նախագիծ էր ներկայացրել ԵԽԽՎ, ըստ որի բոլոր այն երկրները, որոնք մոնիթորինգային կամ հետմոնիթորինգային փուլում են, չեն կարող ստանձնել ԵԽԽՎ նախագահի պաշտոնը (Թուրքիան գտնվում է հետմոնիթորինգային փուլում): Թեև ԵԽ անդամ մոտ 10 պետություններ միացել էին նախաձեռնությանը, սակայն Հայաստանի պատվիրակության մյուս անդամները, այդ թվում` ՀՅԴ-ն անդամները, մերժեցին նախաձեռնությանը միանալ:
ԱրմենիաՆաուի էջերում