Հինգշաբթի երեկոյան Սկոպիեում «Միկա» ֆուտբոլային ակումբն ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլում հանդիպեց Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի» թիմի հետ: Հայաստանը ներկայացնող ակումբը խաղավարտին մոտ գնդակ բաց թողեց սեփական դարպասը, երբ տանտերերն արդեն 10 հոգով էին խաղում:
Հյուրընկալող թիմի խաղացողներից մեկն առաջին խաղակեսի ավարտից 7 րոպե առաջ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Թիմերի միջև հավասար խաղ էր ընթանում, երբ 87-րդ րոպեին «Ռաբոտնիչկիին» հաջողվեց բացել հաշիվը և, պահպանելով ձեռք բերած առավելությունը, հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Երևանում:
Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» նույնպես պահպանում է որակավորման փուլը հաղթահարելու հնարավորությունը: Հուլիսի 21-ին տիտղոսակիր ակումբը կհյուրընկալի Սերբիայի չեմպիոն «Պարտիզանին»: Չորեքշաբթի Բելգրադում թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվեց Հայաստանը ներկայացնող ակումբի պարտությամբ (1:3):
«Միկան» և «Փյունիկը» Հայաստանի միակ հույսն են միջազգային ակումբային մրցաշարերում: ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի հիմնական փուլերը կմեկնարկեն այս աշնանը:
Այս ամսվա սկզբին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման խաղերում Հայաստանը ներկայացնող «Բանանց» և «Ուլիս» ֆուտբոլային ակումբները, առաջին մրցափուլի երկու հանդիպումներում էլ պարտություն կրելով համապատասխանաբար «Անորտոսիսից» (Կիպրոս) և «Բնեյ Եհուդայից» (Իսրայել), դուրս մնացին հետագա պայքարից:
Հայաստանը` որպես անկախ երկիր, ֆուտբոլի միջազգային կազմակերպություններին անդամակցել է 1990-ականների կեսին, և ամեն տարի ամռանը հայաստանյան մի քանի ֆուտբոլային ակումբներ մասնակցում են ՈՒԵՖԱ-ի որակավորման խաղերին:
Մինչ օրս Հայաստանից ոչ մի ֆուտբոլային ակումբի չի հաջողվել հասնել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարի հիմնական (աշուն-գարուն) փուլ:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.