Press TV: Իրանն ու Հայաստանը ամրապնդում են հարաբերությունները

Press TV: Իրանն ու Հայաստանը ամրապնդում են հարաբերությունները

Courtesy of Press TV

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (ձախից) հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ Իրանում:

Ինչպես երկուշաբթի հաղորդել է Իրանի Իսլամական Հանրապետության անգլիալեզու արբանյակային հեռուստատեսությունը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Թեհրանում Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների կապերն ընդլայնելու կոչ է արել:


Press TV-ն (www.presstv.ir) հաղորդել է, որ երկու պաշտոնյաները կարծիքներ են փոխանակել երկկողմ կապերի և տնտեսական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

Օհանյանն ընդգծել է Իրանի ռազմավարական դերակատարումը Մերձավոր Արևելքում և իր երկրի պատրաստակամությունն է հայտնել` աջակցելու երկկողմ տնտեսական և պաշտպանության հարցերին վերաբերող հարաբերություններին:

Իր կողմից Մոթաքին ընդգծել է «միջտարածաշրջանային մեխանիզմների» միջոցով տարածաշրջանային անվտանգության հարցերը լուծելու անհրաժեշտությունը և կոչ արել ընդլայնել Թեհրան-Երևան համագործակցությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը շաբաթ նաև հանդիպել է Իրանի իր գործընկերոջ` բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի հետ:

Հաղորդագրությունների համաձայն` այդ հանդիպման ժամանակ Օհանյանն ասել է, որ իր երկիրը հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ կապերի պահպանմանն ու ընդլայնմանը:

«Իրան-Հայաստան ջերմ կապերը կօգնեն խաղաղություն և կայունություն պահպանելու տարածաշրջանում: Տարածաշրջանային խնդիրները կարող են և պետք է լուծվեն տարածաշրջանի պետությունների միասնական կարծիքի հիման վրա»,- ասել է նա:

Վահիդին էլ իր հերթին հույս է հայտնել, որ Օհանյանի այցն արդյունավետ կլինի երկկողմ հարաբերությունները բարելավելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում:

ԱրմենիաՆաուի էջերում