Միջնորդներն Ալմաթիի հանդիպումից հետո առաջընթաց չեն արձանագրում

Միջնորդներն Ալմաթիի հանդիպումից հետո առաջընթաց չեն արձանագրում

Photo: www.armeniaforeignministry.am

Մամեդյարովի (ձախից երկրորդը) և Նալբանդյանի հանդիպումը Ալմաթիում:

Հայաստանը և Ադրբեջանը կրկին համաձայնության չեկան Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններում, որոնցից վերջինն անցկացվեց երկու երկրների արտգործնախարարների միջև` միջնորդ երկրների ղեկավարների հորդորով:


Արձագանքելով անցյալ ամիս «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը` ԵԱՀԿ նախարարների հանդիպման շրջանակներում Ղազախստանի Ալմաթի քաղաքում հուլիսի 16-17-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին և Դմիտրի Մեդվեդևը կոչ էին արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին. «Այժմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը և ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կստեղծի անցնելու խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը»:

Լրատվամիջոցների հաղորդմամբ` Նալբանդյանն ու Մամեդյարովը Ղազախստանի քաղաքում բանակցությունները սկսել էին ուրբաթ երեկոյան, այնուհետև, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Բեռնար Կուշների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստայնբերգի ներկայությամբ, կրկին հանդիպել էին հաջորդ օրը:

Նույն օրը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարներ Լավրովը, Կուշներն ու Ստայնբերգը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում շեշտել էին. «Մինչ օրս հակամարտության կողմերի ձեռնարկած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար»:

Երեք պաշտոնյաները դատապարտել են նաև «վերջին զարգացումները, որոնք մեծացրել են լարվածությունը տարածաշրջանում, այդ թվում` 2010 թ. հունիսի 18-19-ին տեղի ունեցած զինված միջադեպը և հասարակությանը բորբոքող հայտարարությունները»: Նրանք զգուշացրել են, որ ուժի գործադրումն է ստեղծել ներկա իրավիճակը, և դրա կրկնությունը կարող է հանգեցնել միայն «տառապանքների, կործանման և հակամարտության ու թշնամանքի սերնդեսերունդ փոխանցման»։
Անցյալ ամիս Ադրբեջանի զինված դիվերսիոն խումբ փորձել էր անցնել Ղարաբաղի հյուսիսարևելյան շրջանի հայկական դիրքերը: Դիվերսիոն գործողության հետևանքով չորս հայ զինծառայող է զոհվել և նույնքան էլ վիրավորներ են եղել: Ինչպես հաղորդվում է, մերձամարտի ընթացքում ադրբեջանական կողմը մեկ զոհ է տվել, որից հետո ղարաբաղյան ուժերին հաջողվել է կանխել թշնամու առաջխաղացումը հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ստիպել նահանջել: Գիշերային միջադեպը, որից ժամեր առաջ անցկացվում էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև խաղաղ բանակցային գործընթացի առնչությամբ հերթական հանդիպումը, և որը պաշտոնական Երևանն անվանեց սադրանք, ցույց տվեց, որ հակամարտության գոտում 16 տարի շարունակվող հրադադարը փխրուն է: 1994 թ. Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարը վերջ դրեց մոտ երեք տարի շարունակված պատերազմական գործողություններին, որին երկու կողմից զոհ գնաց ավելի քան 30 000 մարդ:

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիվանագետներն իրենց վերջին հայտարարությունում հորդորել էին կողմերին ամրապնդել փոխզիջման ոգին՝ «բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ ընդհանուր հիմքի վրա համաձայնության հասնելու նպատակով»

«Կողմերը լրացուցիչ գործողություններ պետք է ձեռնարկեն 1994 թվականի հրադադարն ամրապնդելու և հետագա քաղաքական երկխոսության և համաձայնությունների հասնելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով»,- ասված է հայտարարությունում։ Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հաստատել են իրենց աջակցությունը կողմերին` խաղաղ ճանապարհով համաձայնության հասնելու համար, սակայն նշել են, որ ղարաբաղյան հակամարտությանը վերջ տալու գլխավոր պատասխանատվությունը կրում են ադրբեջանցի և հայ առաջնորդները։ (Հայտարարությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ` http://www.osce.org/item/45344.html)

ԱրմենիաՆաուի էջերում