Ջավախքի (Վրաստան) հայկական դպրոցներում նոր ուսումնական տարուն ընդառաջ խիստ կրճատվել են հայոց լեզվի դասաժամերը: Այս մասին ահազանգող ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն ասում է, որ Վրաստանի իշխանություններն այդ քայլով նպատակ ունեն Ջավախքը հայաթափելու և հայերի ազգային դիմագիծը խեղելու:
Թորոսյանը, որին Վրաստանի իշխանությունները 2009-ի հունիսից արգելում են մուտք գործել Վրաստան` պատճառաբանելով, որ նա Վրաստանի ազգային անվտանգությանը վտանգ է սպառնում, ներկայացնում է վերջին տարիներին Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի կրճատման միտումները:
«Խորհրդային շրջանի միջնակարգ դպրոցներում հայերեն դասավանդում էր շաբաթական ութ ժամ, հետխորհրդային ժամանակաշրջանում` վեց, հետո Վրաստանի իշխանությունները դարձրեցին չորս ժամ, իսկ այսօր դասավանդման ժամանակը հասցրել են շաբաթական ընդամենը երկու ժամի»,- ասում է Թորոսյանը:
Վրաստանի հարավարևմտյան մասում` Սամցխե-Ջավախեթիում, ապրող 120.000 հայերը մշտապես բողոքում են Վրաստանի իշխանությունների կողմից տարատեսակ ճնշումների և, որպես ազգային փոքրամասնություն` խտրական վերաբերմունքի արժանանալու համար:
Թորոսյանն ասում է, որ մայրենի լեզվի (տվյալ դեպքում` հայերենի) քննությունը ներառված չէ Վրաստանի ավարտական` 12-րդ դասարանի քննություններում, ինչը, ըստ նրա, աշակերտի մեջ իր մայրենիի նկատմամբ անլուրջ և քամահրական վերաբերմունք կձևավորի:
«Երևույթը նպատակ ունի արմատախիլ անելու հայերենը` որպես տարածաշրջանի և հաղորդակցման լեզու ջավախահայության համար, մինչդեռ մենք անընդհատ պայքարում ենք, որ հայերենը տարածաշրջանում ճանաչվի որպես երկրորդ պետական լեզու»,- ասում է Թորոսյանը` ավելացնելով, որ դա բխում է ազգային փոքրամասնությունների իրավունքների միջազգային իրավական նորմերից ու մասնավորապես` Եվրախորհրդի ազգային փոքրամասնությունների իրավունքներին առնչվող շրջանակային կոնվենցիայից ու ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագրից:
Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից վերջերս հայ մանկավարժների սև ցուցակ է կազմվել, որում ներառված են հիմնականում հայոց լեզու և պատմություն դասավանդող մանկավարժները, և որոնց արդեն հեռացրել են աշխատանքից:
«Նրանց որևէ բացատրություն ու պատճառաբանություն չի ներկայացվել, փոխարենը զգուշացրել են, որ ուր էլ բողոքեն` ոչինչ չի փոխվելու»:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.