Ճանապարհային խարդախություն. ՀԿ-ն մեղադրում է ոստիկանությանը ավտոպատահարները կոծկելու նպատակով կաշառք վերցնելու մեջ

Ճանապարհային խարդախություն. ՀԿ-ն մեղադրում է ոստիկանությանը ավտոպատահարները կոծկելու նպատակով կաշառք վերցնելու մեջ

Ֆոտոլուր

Ըստ ապահովագրական ընկերությունների՝ ոստիկանությունը թաքցնում է ճանապարհային պատահարների իրական թիվը:

Ապահովագրական ընկերությունները և ոլորտի մասնագետները պնդում են, որ հունվարի 1-ից սկսած, երբ ուժի մեջ է մտել պարտադիր ապահովագրությունը, ոստիկանությունը կոծկում է ավտոպատահարների պաշտոնական տվյալները: Նրանք նաև մեղադրում են ճանապարհային ոստիկանությանը` տուգանքներից կամ պարտադիր ապահովագրությունից խուսափող վարորդներից կաշառք վերցնելու համար:


Անցյալ տարվա մայիսին ՀՀ Ազգային ժողովն օրենք է ընդունել, որը պարտադրում է Հայաստանում գրանցված մոտ 450.000 մեքենաների տերերին ապահովագրել իրենց փոխադրամիջոցները, որը ենթադրում է երրորդ կողմին հասցված վնասների փոխհատուցում: Այն արժե 16.000-109.000 դրամ (մոտ 45-300 դոլար):

Տուժողն ապահովագրվում է մինչև 3 մլն դրամ (մոտ 8300 դոլար), եթե նրա գույքին է վնաս հասցվել, մինչև 1,5 մլն դրամ (մոտ 4160 դոլար), եթե ավտովթարի հետևանքով տուժել են մի քանի հոգի, ապա ապահովագրության ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 9 մլն դրամը (մոտ 25.000 դոլար), իսկ գույքային վնասի դեպքում`10,5 մլն դրամը (մոտ 29.000 դոլար):

«Միայն «Ռեսո» և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունների հունվարի 1-17-ի տվյալներով գրանցվել է 270 դեպք, իսկ ՀՀ ոստիկանության ընդհանուր տվյալները շատ ավելի քիչ են»,- ասում է «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանը:

ՀՀ ոստիկանության տվյալներով` հունվարի 1-17-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար:

«Ոստիկանությունը հաղորդում է միայն մարմնական վնասվածքներով ելք ունեցած դեպքերը, դրա համար էլ կան նման թվային անհամաձայնություններ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀՀ ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Նա չի հաստատում նաև դեպքի վայրում անհիմն պատճառներով ոստիկանների կողմից գանձվող գումարների լուրը:

«Աքիլլեսի» տնօրենին դիմած քաղաքացիների բողոքների համաձայն` ՀՀ ոստիկանության աշխատակիցները գումար են վերցնում քաղաքացիներից, երբ վթարից հետո քաղաքացիները համաձայնության են գալիս:

«Ոչ մի օրենքով գրված չէ, որ նրանք իրավունք ունեն քաղաքացիներից գանձելու 20.000 դրամ (մոտ 55 դոլար)»,- ասում է Հովհաննիսյանը:

Այս տարվա տվյալներով` 200.000 դրամը (մոտ 555 դոլար) գերազանցող վնաս կրած որևէ վարորդ դեռ չի ապահովագրվել: «Ռեսո» և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ իրենք 270-ից ընդհանուր առմամբ ապահովագրել են մոտ 60 քաղաքացու, և գումարը կազմել է 8 մլն դրամ (մոտ 22.200 դոլար):

ԱրմենիաՆաուի էջերում