Ամենաթափանցիկը. հայաստանյան ՀԿ-ներն ուսումնասիրել են հայկական պաշտոնական կայքերը

Ամենաթափանցիկը. հայաստանյան ՀԿ-ներն ուսումնասիրել են հայկական պաշտոնական կայքերը


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ուսումնասիրության համաձայն` ՀՀ պետական մարմինների 23 պաշտոնական կայքերից ամենաթափանցիկը ճանաչվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքը:


Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսավորմամբ` 2010 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին ուսումնասիրվել են 23 պաշտոնական և 10 մարզային կայքեր:

Հինգ կայքեր, ըստ կարևորության, առանձին են գնահատվել. նվազող հաջորդականությամբ ամենաթափանցիկն է ճանաչվել ՀՀ դատախազության, ապա ՀՀ կառավարության, Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի, ՀՀ նախագահի կայքը:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությունը և 2003 թ.-ից գործող «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը` մշակվել է 177 չափորոշիչ, որոնցից հիմնականներն են կայքի ամբողջականությունը, հրատապությունը և մատչելիությունը:

Այդ չափորոշիչների համաձայն` երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են աշխատանքի և սոցիալական հարցերի ու կրթության և գիտության նախարարությունները:

«Ամենացածր տեղը զբաղեցրել է պետական եկամուտների կոմիտեի կայքը, որից չես հասկանում, թե ի´նչ տեղեկություններ է հաղորդում, ի´նչ մարմին է դա, ի´նչ գործունեություն է իրականացնում»,- ասում է այս ծրագրի փորձագետներից Մեսրոպ Հարությունյանը:

Ուսումնասիրության համաձայն` թերի է գնահատվում նաև այն, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդհանրապես կայք չունի, իսկ մարզպետարանների 10 կայքերից Լոռու և Արարատի մարզի կայքերն ընդհանրապես չեն բացվում, մյուսներն էլ շատ քիչ տեղեկություն են պարունակում:

«Պաշտոնական կայքերից ոչ մեկում չի նշվում, թե տվյալ կառույցի որոշումները բողոքարկելու համար քաղաքացին որտե´ղ պետք է դիմի»,- ասում է Հարությունյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հույս ունի, որ այս ուսումնասիրությունը ավելի կզգաստացնի պետական կառույցներին և կնպաստի տեղեկատվության հասանելիությանը:

ԱրմենիաՆաուի էջերում