Նշանակալի առաջընթաց ընդդիմության համար. ոստիկանությունը hետ է քաշվել, որպեսզի ցուցարարները մտնեն Ազատության հրապարակ
Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, անդրադառնալով ցուցարարներին հրապարակ մտնել թույլ տալու որոշմանը, «ԱրմենիաՆաուին» ասել էր, որ «ընդդիմության հետ բանակցել ենք, և այս անգամ մարդիկ, կարծես, ավելի գիտակից են և կարողանում են իրենց նորմալ դրսևորել»: Հանրահավաքը սկսվել է ժամը 17:00-ին, այնուհետև մեկ ժամ անց ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել հավաքվածներին իջնել Մաշտոցի պողոտայով ներքև և «վերանվաճել հրապարակը»: Ճանապարհին մի քանի անգամ դադար տալով` Տեր-Պետրոսյանը և ընդդիմության մյուս ղեկավարները նախքան Թումանյան փողոցով իջնելը և Հյուսիսային պողոտայի կողմից հրապարակ մտնելը կարծես ծանրութեթև էին անում իրենց քայլերը: Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին առաջին ՀՀ արտգործնախարար Հովհաննիսյանը հացադուլի մասին իր հայտարարությունից հետո երկու օր ու գիշեր է անցկացրել հրապարակի մի նստարանի վրա: Այս քայլով նա իր բողոքի ձայնն է բարձրացնում, իր խոսքով` ոչ լեգիտիմ իշխանության և, մասնավորապես, կոալիցիոն հուշագրի դեմ, որով երեք կուսակցությունները համաձայնել են համագործակցել` ընդլայնելով իրենց արդեն իսկ մեծ գերակշռությունը Ազգային ժողովում և Սերժ Սարգսյանի կառավարությունում: Հովհաննիսյանը բողոքում էր նաև ընդդիմության մուտքը Ազատության հրապարակ արգելելու դեմ: Հայտնվելով հրապարակում` ընդդիմադիրներից ոմանք հավաքվել են այն նստարանի մոտ, որտեղ Հովհաննիսյանն էր: Իր շուրջը հավաքվածներին նա ասել է, որ իրադարձությունների նման շրջադարձը կարելի է «հաղթանակ» համարել, սակայն հավելել է, որ կշարունակի անժամկետ հացադուլը: Ընդդիմության այսօրվա խորհրդանշական հաղթանակը համընկել է ԵԽԽՎ համազեկուցողների այցի հետ մայրաքաղաք: Այս զուգադիպությունը կարող է կապ ունենալ իշխանությունների ընդունած որոշման հետ, որի արդյունքում ոստիկանությունը մի կողմ է քաշվել` թույլ տալով ընդդիմադիրների մուտքը Ազատության հրապարակ: Ազատության հրապարակում արդեն շուրջ մեկ ժամ շարունակվող հանրահավաքը սյուրռեալիստական պատկեր էր հիշեցնում. հիմնականում սևազգեստ ցուցարարների հոծ բազմությունում երևում էին գունագեղ և այս իրավիճակին անհարիր թվացող մանկական փչովի ատրակցիոններ, որոնք այստեղ են 2010 թ. մայիսից, երբ հրապարակը վերանորոգվել և վերաբացվել է ու հանրային ելույթների համար համապատասխան հարմարանքներ տեղադրվել: Դիմելով հավաքվածներին` Զուրաբյանը նաև խոսել է «թավշյա» կամ անարյուն հեղափոխության մասին: Հավաքվածներից մեկը «հի-մա, հի-մա» վանկարկեց` կոչ անելով անհապաղ քայլերի դիմել, սակայն Զուրաբյանը զսպվածության և խաղաղություն պահպանելու կոչ արեց: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հորդորել է մարդկանց «հավատալ» Տեր-Պետրոսյանին և ասել է, որ սա առաջին հաղթանակն է, որը, սակայն, միայն սկիզբն է. «Վստահե´ք մեզ, մենք ամեն ինչ հաշվարկել ենք»,- ասել է Մանուկյանը: Հավաքվածները ոգևորված էին նաև այն լուրից, որ 2008 թ. մարտիմեկյան դեպքերի առնչությամբ ձերբակալված երկու «քաղբանտարկյալներ» այսօր ազատ են արձակվել, որոնցից մեկը խոսել է ժողովրդի հետ: Ընդդիմության վերջին` մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած 15 պահանջներից մեկը 3 տարի առաջ ձերբակալված և մինչ օրս անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակումն էր: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ այսօրվա հանրահավաքում անդրադարձ է լինելու այն հարցերին, թե ինչպես են իշխանություններն արձագանքել իրենց պահանջներին, որոնք նախագահ Սարգսյանի իշխող Հանրապետական կուսակցությունն անընդունելի «վերջնագիր» է անվանել: 21:00-ի սահմաններում հավաքվածներին իր խոսքն ուղղեց Տեր-Պետրոսյանը` ասելով, որ վերջին երեք տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանն ավելի քան 100 անգամ (երեք տարբեր քաղաքապետների պաշտոնավարման ժամանակ) մերժել է հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀԱԿ-ի դիմումները: Առաջին նախագահը հավելել է, որ մերժումներով խախտվել է հասարակության և իր առաջնորդների միջև երկխոսության անհրաժեշտությունը: Նա ասել է, որ հրապարակում ընդդիմության հաջորդ հանրահավաքի թույլտվություն ստանալու մասին ևս մի դիմում կուղարկվի քաղաքապետարան: «Դե, թող հիմա այս քաղաքապետը փորձի մերժել 100.000-ին»,- ասել է նա: Շուրջ 20 րոպե տևած իր խոսքը եզրափակելով` Տեր-Պետրոսյանը կրկնել է բանտարկյալներին ազատ արձակելու մասին իր պահանջը և կոչ արել իշխանություններին բացահայտել 2008 թ. մարտիմեկյան սպանությունները: Դիմելով իր շուրջը հավաքված լրագրողներին` Հովհաննիսյանը ասել է. «Այս մուտքը (հրապարակ) խորհրդանշում է մեր ազգի ապագան, որն ազատությունն է: Հաղթանակը լինում է ոչ թե առաջին նախագահի, ոչ թե իմ, այլ ժողովրդի կամքի շնորհիվ»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 7 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.