Հայաստանի փաստաբանների պալատը հատուկ խումբ է ստեղծում` պաշտպանելու սփյուռքահայ գործարարներին

Հայաստանի փաստաբանների պալատը հատուկ խումբ է ստեղծում` պաշտպանելու սփյուռքահայ գործարարներին

Ֆոտոլուր

Մի խումբ հայ փաստաբաններ համագործակցում են` ստեղծելու հիմնադրամ, որը զբաղվելու է սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին հայտարարվել է ուրբաթ` փաստաբանների պալատում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:


«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որը նախաձեռնության հեղինակներից մեկն է, ասում է, որ խումբը հույս ունի «հասնել Հայաստանում այնպիսի միջավայրի ստեղծման, որտեղ սփյուռքահայն իրեն պաշտպանված կզգա, մարդկանց «չքցեն»: Նա քննադատեց սփյուռքի նախարարությանը «պաթոսային ելույթների» համար` անուղղակիորեն առաջարկելով, որ նախարարությունն աջակցի նախաձեռնությանը:

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուրդյանի գործը:

«Խուրդյանը Մաշտոցի պողոտայում ներդրում է արել 13 հարկանի շենք կառուցելու համար, սակայն ոչ մի դրամ հետ չի ստացել: Ընկերության տնօրենը և աշխատակիցները թալանել են նրան և մի շարք այլ ներդրողների, որոնց այդ գործում ներգրավել է Խուրդյանը` մոտ 20 հոգի: Ընդհանուր առմամբ, նրանցից 7 միլիոն դոլար են գողացել»,- ասում է Հովհաննիսյանը:

«Սկայպ» ծրագրով ուղիղ կապով ասուլիսին միացած Էդմոնդ Խուրդյանը ցավով է նշում, թե իրեն ինչպես է խաբել հայաստանցի իր գլխավոր գործընկերը` Վլադիսլավ Մանգասարյանը, որի հետ իրեն ծանոթացրել է երկրի նախագահի եղբայրը` Լևոն Սարգսյանը:

«Նրանք ընդհանուր առմամբ 5 միլիոն են յուրացրել, նաև ցույց են տվել, որ Խուրդյանին 2 միլիոն դոլարի փոխառության գումար են տվել, սակայն իրականում նա այդպիսի փաստաթուղթ չի ստորագրել»,- ասում է փաստաբանների պալատի փոխնախագահ Նիկոլայ Բաղդասարյանը:

Դատական հայտ ներկայացվել է դեռևս մարտ ամսին, սակայն առ այսօր ընկերության տնօրենին չեն հարցաքննել:

ԱրմենիաՆաուի էջերում