Խնդիրներ հարևանի մոտ. Երևան-Թեհրան հարաբերությունները Իրան-Արևմուտք առճակատման ֆոնին

Խնդիրներ հարևանի մոտ. Երևան-Թեհրան հարաբերությունները Իրան-Արևմուտք առճակատման ֆոնին

Ֆոտոլուր

Հայաստան-Իրան սահմանը

Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը հունվարի կեսին կայցելի Երևան: Իրանական ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ` այցի նպատակը անվտանգության հարցերի քննարկումն է: Այցելությունը տեղի կունենա Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների աննախադեպ լարվածության ֆոնին, որոնք հայտնվել են պատերազմի շեմին:

Դեկտեմբերի 24-ին Հայաստան այցելեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որն այժմ շրջում է Լատինական Ամերիկայի երկրներով: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը Ահմադինեժադի լատինամերիկյան ճամփորդությունն անվանել է «հուսալքության ժեստ»` պամանավորված նրանով, որ «Թեհրանը նոր դաշնակիցների փնտրտուքի մեջ դեսուդեն է նետվում»: Ուշագրավ է, որ Ահմադինեժադի` Հայաստան կատարած այցից հետո ԱՄՆ-ը հայտարարություններ չի արել «դաշնակիցների» մասին:

Մինչ այդ, նույնիսկ Սուրբ Ծննդյան տոները չխանգարեցին Իրանի շուրջ իրավիճակի վատթարացմանը: ԱՄՆ-ի ռազմական հարվածը կարող է ոչնչացնել Իրանի ողջ միջուկային ծրագիրը: Նման հայտարարությամբ կիրակի հանդես է եկել ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին: «Իրանը կարող է որոշ ժամանակով փակել Հորմուզի նեղուցը, սակայն այդ դեպքում ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի այն վերաբացելու ուղղությամբ»,- նախազգուշացրել է գեներալը:

Իրանի նախազգուշացումը` փակել Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի արտահանման մոտ մեկ երրորդը, պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը սպառնացել է էմբարգո դնել Իրանից նավթի արտահանման վրա: Նավթային էմբարգո դնելու մասին որոշումը կարող է ընդունվել ամսվա վերջին` հունվարի 30-ին Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում:

Անցյալ ամիս Իրանը զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում: Ի պատասխան` Իսրայելի իշխանությունները պատրաստվում են ԱՄՆ բանակի հետ համատեղ հակահրթիռային պաշտպանության ուժերի լայնածավալ վարժանքներ իրականացնել, ինչի մասին անցյալ շաբաթ հայտարարել էր Իսրայելի զինվորական հրամանատարությունը:

Այդ ֆոնին Հայաստանի գործոնը, որը Իրանի հետ սահմանակից է Մեղրիում 40 կիլոմետրանոց հատվածով (գումարած 100 կմ սահմանը Ղարաբաղի հարավում, որը վերահսկվում է հայկական բանակի կողմից), հատկապես ծանրակշիռ է դառնում: Ակնհայտ է, որ Հայաստանը, ինչպես նաև նրա դաշնակից Ռուսաստանը, չի փորձի կանգնել Արևմուտքի կողքին հավանական ռազմական գործողությունների սկսման դեպքում: Իրանը Երևանից նման երաշխիքներ ստանալու կարիք ուներ, և նա դրանք հավանաբար ստացավ: «Հնարավոր չէ փոխել Հայաստանի և Իրանի քարտեզը»,- Երևանում այցի ժամանակ ասել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Հայ փորձագետներն անմիջապես հայտարարեցին, որ խոսքը Ղարաբաղի ներկայիս տարածքի անուղղակի ճանաչման մասին:

Միևնույն ժամանակ, պատահաբար տեղեկատվություն է հայտնվել հայ-իրանական խոշոր նախագծի մասին: «2011 թ. վերջապես սկսեց աշխատել «հոսանք` գազի դիմաց» հայ-իրանական բանաձևը: Թե կոնկրետ ո՞ր օրն ու ո՞ր ժամին կողմերը գործարկեցին այս նախագիծը` հայտնի չէ, քանի որ ոչ մի բարձրագոչ հայտարարություն չեղավ, ու ոչ մի կարմիր ժապավեն չկտրվեց: Սակայն փաստն այն է, որ Հայաստանը արդեն իսկ մոտ 2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա է արտահանել, որը գերազանցում է նույնիսկ ադամանդի արտահանման ծավալները»,- հաղորդել է news.am լրատվական գործակալությունը:

Ուշագրավ է, որ այս ֆոնին սրվում են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: ԶԼՄ-ներում արդեն տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովի այցը Իրան, որը նախաձեռնվել է լարվածությունը թուլացնելու նպատակով, ապարդյուն է անցել: Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդների վերջին հայտարարություններից դատելով` կարելի է ենթադրել, որ Թեհրանը մտադիր չէ թուլացնել Ադրբեջանի վրա ճնշումը նաև այս տարի:
ԱրմենիաՆաուի էջերում