«Անմեղը» փոխհատուցում է. ՃՈ նախկին պետն ասում է, թե մեղավոր չէ, սակայն պետբյուջե է փոխանցում 177 միլիոն դրամ

«Անմեղը» փոխհատուցում է. ՃՈ նախկին պետն ասում է, թե մեղավոր չէ, սակայն պետբյուջե է փոխանցում 177 միլիոն դրամ

Ֆոտոլուր

Անցյալ տարի բենզինի յուրացման գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող ճանապարհային ոստիկանության (ՃՈ) նախկին պետ Մարգար Օհանյանը որպես փոխհատուցում պետբյուջե է փոխանցել մոտ կես միլիոն դոլար:

Երկուշաբթի` դատավարության առաջին նիստի ժամանակ, Օհանյանը կրկին իրեն մեղավոր չճանաչեց: Գնդապետի փաստաբանն ասել է, որ թեև Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչում, իր պաշտպանյալը որոշել է փոխհատուցել բյուջեի կորուստը` գումար հավաքելով ընտանիքից և ընկերներից, քանի որ դա «նրա պատվի և արժանապատվության խնդիրն է եղել»:

Օգոստոսի վերջին Օհանյանը ձերբակալվել էր և հետագայում ազատվել աշխատանքից: Ըստ ՃՈ նախկին պետի նկատմամբ հարուցված քրեական գործի` նա մեղադրվում է ավելի քան 150 տոննա վառելիք (ՃՈ մեքենաների համար հատկացված) յուրացնելու մեջ: Նրա դեմ գործը հիմնված է Օհանյանի երեք ենթակաների (նրանք նույնպես ամբաստանյալի կարգավիճակում են) ցուցմունքների վրա: Ի տարբերություն Օհանյանի` նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել:

Դատավարության առաջին նիստի ժամանակ Օհանյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես ակնարկեց, որ ինքը ձերբակալվել է ոստիկանության կառույցի ղեկավարների հետ իր անձնական հարաբերությունների պատճառով:

Երկուշաբթի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատավարության առաջին նիստում Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը հանդես եկավ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ: Մինչ դատավոր Մխիթար Պապոյանը կհեռանար խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, Օհանյանն ասաց, թե կա մի բան, որ ուզում է առանձին ասել դատավորին և մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանին: Դատավորն ասաց, թե նման կարգ չկա քրեական դատավարությունում, որից հետո Օհանյանն առանց կոնկրետ անուններ տալու ասաց, թե [բարձրաստիճան պաշտոնյայի] մի հեռախոսազանգի պատճառով վկայից դարձել է կասկածյալ: Նա չի մասնավորել, թե ով է եղել զանգահարողը:

«Ինձ օգոստոսի 30-ին կանչել են Հատուկ քննչական ծառայություն, գրել եմ, որ նման բան չի եղել և չէր էլ կարող լինել, ուղիղ 40 րոպե ոչինչ չլինելուց հետո մի հեռախոսազանգից հետո ես վկայից դարձել եմ կասկածյալ և ձերբակալվել եմ: Դա ուներ իր հանգամանքները, որ ես չեմ կարող արտահայտվել: Խնդրում եմ հաշվի առեք Ձեր խղճի առաջ, որ ինձ արդեն չորս ամիս անազատության մեջ են պահում չգիտեմ ինչու: Ինձ պարզապես պետք էր հեռացնել, պետք էր կալանավորել, որպեսզի կարողանային այն ամենը, ինչ ի սկզբանե դրված էր, իր ավարտական փուլին հասցնեին»,- ասաց նա:

«Խոսքը վերաբերում է ոստիկանական կառույցին, որտեղ ես աշխատել եմ: Ես Ձեզ ուղղակի պետք է ասեի, որ մինչև Հատուկ քննչական ծառայությունը ով է եկել և ում տարել: Ուրիշի կռիվը Ձեր վրա մի´ վերցրեք: Ուրիշի հետ, իմ անձնական հարաբերություները համապատասխան ղեկավարների հետ այստեղ ավարտին մի´ հասցրեք»,- մանրամասնեց Օհանյանը:

Ապա դիմելով մյուս մեղադրյալներ Արա Լևոնյանին և Սամվել Մախմուդյանին` Օհանյանը ասաց. «Կասեմ, թե ոնց է եղել և ում քանի ժամ են պահել և ով է եղել միջնորդը, այս երկրում բարձրաստիճան ղեկավար, որի անունը չեմ ուզում տալ, որ այ նրան [Լևոնյանին] հանել է-տարել է վեցերորդ վարչությունից գիշերը ժամը երեքին: Գիտես չե՞մ ասելու կամ քոնը չե՞մ ասելու, թե քեզ ո՞վ է եկել-տարել, հետո՞ ինչ, որ պատգամավոր է»:

Դատարանը մերժեց Օհանյանի պաշտպանի միջնորդությունը` խափանման միջոցը թողնելով կալանքը: Օհանյանի փաստաբան Վասակյանը լրագրողների հետ զրույցում ձեռնպահ մնած իր պաշտպանյալի հայտարարությունը մեկնաբանելուց` ասելով, որ պաշտպանական տակտիկայից ելնելով չի ցանկանում խոսել, և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատաքննության ընթացքում:
Դատական նիստի հաջորդ լսումները նախատեսված են հունվարի 13-ին:
ԱրմենիաՆաուի էջերում