Ժպտացե´ք, ձեզ նկարահանում են. Երևանում տեսախցիկը կորսա օրինախախտ վարորդներին

Ժպտացե´ք, ձեզ նկարահանում են. Երևանում տեսախցիկը կորսա օրինախախտ վարորդներին

Ֆոտոլուր

Մոտ մեկ շաբաթից արդեն Երևանում օրինազանց վարորդներին «կհետևեն» և նրանց կատարած խախտումները կարձանագրեն մայրաքաղաքի տարբեր փողոցներում և խաչմերուկներում տեղադրված խախտումներն արձանագրող տեսախցիկները:

Երևանի փողոցներում ճանապարհային երթևեկությանը հետևելու համար ճանապարհային ոստիկանությունը դեռևս ամիսներ առաջ սկսել էր տեսախցիկներ տեղադրել, որն իրականացնում է 2011 թ. հունիսին հիմնադրված և արտաքին ներդրումներով գործող տեղական «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որի հետ ՀՀ ոստիկանությունը 25 տարվա պայմանագիր է կնքել:

Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը «ԱրմենիաՆաուի» հետ հարցազրույցում տեղեկացրեց, որ արդեն ավարտվել է ծրագրի առաջին փուլը, որի շրջանակներում մայրուղիներում (Մյասնիկյան, Թբիլիսյան, Արշակունյաց, Աճառյան, Սևան և այլն) տեղադրվել են 15 արագաչափեր և խախտում արձանագրող 10 տեսախցիկներ Երևան քաղաքի տասը խաչմերուկներում (Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոցի-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծի և այլն): Իսկ արդեն հունվարի 15-ին ճանապարհային ոստիկանության վարչական շենքում կբացվի խախտումների արձանագրման կենտրոնը:

Ըստ ՃՈ պետի` այս համակարգն առաջին հերթին ձեռնտու է հենց վարորդներին, ինչպես նաև նվազեցնելով ճանապարհային ոստիկան-վարորդ շփումը` կանխարգելելու է կոռուպցիոն ռիսկերը:

«Վստահ եմ, որ համակարգն իր դրական ազդեցությունը կունենա վթարների, վրաերթերի նվազման գործում: Սա ոչ թե միայն պատժիչ, այլ ավելի շատ կանխարգելիչ միջոցառում է: Այսպիսով վարորդները կգիտակցեն, որ իրենց առջևում կա խախտումն արձանագրող սարք, կզգուշանան ու խախտում չեն անի»,- ասում է Գալստյանը` հավելելով, որ տեսախցիկների մոտ տեղադրվելու են նախազգուշացնող վահանակներ:

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Վահագն Աղանիկյանն «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց, որ խախտումների արձանագրման կենտրոնում աշխատելու են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հատուկ դասընթացներ անցած աշխատակիցները:

Խախտումների արձանագրման կենտրոնում տեղադրված մոնիթորները ստանում են բոլոր տեսախցիկների ինֆորմացիան: Մոնիթորի առջև նստած տեսուչն էլ արձանագրելու է խախտումը, որն այնուհետև փոխանցվելու է ոստիկանության տեսուչին, և, համապատասխանաբար, կազմվելու է արձանագրություն:

«Տեղադրված տեսախցիկները մեքենան ֆիքսում են մոտ 100 մետր հեռավորությունից: Խախտման դեպքում մենք ապահովում ենք 40 վայրկյան տևողություն ունեցող տեսաշար` 20 վայրկյան մինչև խախտումը և 20 վայրկյան խախտումից հետո, ինչպես նաև ֆոտոներ, այսինքն` խախտման մասին մի քանի ապացույցներ ենք ներկայացնում»,- ասում է Աղանիկյանը:

Խախտման փաստերն արձանագրելու արդյունքում կազմված վարչական ակտը հասցեատիրոջը հանձնվելու է փոստային առաքմամբ, իսկ գանձումն իրականացվելու է վարչական ակտում նշված հաշվեհամարին վճարելով։

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենն ասում է, որ ընկերությունն ըստ կնքված պայմանագրի` պարտավորվել է 2011-2017 թթ. համակարգի զարգացման նպատակով կատարել 9,8 մլն եվրոյի ներդրում:

«Վարորդների խախտումներից գանձված գումարների 70 տոկոսն անցնելու է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, մինչև հետ վերադարձվեն ներդրված գումարները, իսկ հետո արդեն կկնքենք նոր պայմանագիր նոր պայմաններով»,- ասում է Աղանիկյանը` հավելելով, որ վեց տարիների ընթացքում համակարգը կընդլայնվի, և ընդհանուր առմամբ Երևան քաղաքում և միջպետական ավտոճանապարհներին կտեղադրվեն արագաչափ շուրջ 185 տեսախցիկներ և 90 խաչմերուկում` տեսադիտարկման տեսախցիկներ:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը թեև ողջունում է համակարգի ներդրումը, սակայն կարծում է, որ օրենքում առկա վիճարահարույց հարցերը հնարավոր է անհարմարություններ առաջացնեն:

«Թեև խախտումներն արդեն ոչ թե տեսուչն է ասում, այլ նկարահանված ապացույցը, բայց գուցե վարորդը չհամաձայնի այդ ապացույցին, քանի որ օրենքում նրբություններ կան, օրինակ` գրվում է, «եթե վարորդը չի կարող արգելակել կանգ գծի առջև, ապա կարող է անցնել» և նման այլ կետեր, որտեղ «կարող է»-ն ի վիճակի է ասել միայն վարորդը, ուստի արդեն վիճելի հարց է առաջանում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Հովհաննիսյանը:

Թեև տեսախցիկները դեռևս չեն աշխատում, սակայն արդեն իսկ անհարմարություններ են պատճառում վարորդներին:

«Մեզ մենակ էս էր պակասում: Մեր համար հանգիստ քշում էինք, էլի: Միգուցե խախտումները ստուգելու լավ ձև է, բայց կարող է պատահի, որ իմ խախտման պատճառը լինի մեկ այլ օրինախախտ վարորդի հետևանքով, որը միգուցե տեսախցիկը չֆիքսի, ու արդյունքում կստացվի, որ ես եմ արել խախտումը»,- ասում է տաքսու վարորդ 56-ամյա Դավիթ Ասատրյանը:
ԱրմենիաՆաուի էջերում