Պրեսկոտը չի ընկերանում. ԵԽԽՎ համազեկուցողի երկօրյա այց և հանդիպումներ երկու դժգոհ ճամբարների հետ

Պրեսկոտը չի ընկերանում. ԵԽԽՎ համազեկուցողի երկօրյա այց և հանդիպումներ երկու դժգոհ ճամբարների հետ

Ֆոտոլուր

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի երկօրյա հանդիպումները լուրջ անվստահության ալիք են բարձրացրել Եվրախորհրդի գործունեության նկատմամբ ընդդիմության և հասարակության շրջանում:


Երեքշաբթի կայացած մարտիմեկյան տասը զոհերի հարազատների, ինչպես և նախօրեին ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է լարված ու անարդյունք:

Պրեսկոտի վերաբերմունքը զարմացրել ու վրդովեցրել է զոհերի հարազատներին, որոնց համազեկուցողը չի ցանկացել լսել:

«25 րոպեանոց հանդիպման 15 րոպեն խոսեց ինքը և մեզ ասաց, որ միայն երկու հարց ունի` ծանո՞թ ենք եղել նախապես Հատուկ քննչական ծառայության միջանկյալ զեկույցին և կարողացե՞լ ենք ծանոթանալ նախաքննության նյութերին: Այլ բան մեզ ասել ու պարզաբանել չհաջողվեց: Այնպիսի տպավորություն էր, որ մեզ հետ հանդիպումը ոչ թե իսկապես իրավիճակին ծանոթանալու խնդիր ուներ, այլ պարզապես ձևական էր»,- «ԱրմենիաՆաուին» ասում է մարտիմեկյան զոհ Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, որի որդին մահացել է ոստիկանության կողմից կիրառված «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից:

Ծնողներին զարմացրել է այն փաստը, որ համազեկուցողը, ով դեռ 2011 հոկտեմբերին ներկայացրել էր զեկույց, և նույն ամսին ընդունվել էր 1837 բանաձևը` նշելով, որ «մարտի մեկի էջը կարելի է վերջապես փակված համարել», տեղյակ չէր, որ զոհերի հարազատները հնարավորություն չեն ունեցել և չունեն առ այսօր ծանոթանալու նախաքննության նյութերին:

Թե ի´նչ հիմնավորմամբ է Պրեսկոտը մարտի 1-ի էջը փակել` զոհերի հարազատները հարցրել են համազեկուցողին, սակայն ինչպես պատմում է մեկ այլ զոհի` Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Խաչատրյանը, համազեկուցողը «պարզապես շրջանցում էր հարցերը ու լռեցնում մեզ»:

Երկուշաբթի Պրեսկոտը հրաժարվել էր մեկնաբանել ընդդիմադիրների հետ հանդիպման մասին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցը:

Պրեսկոտի այցի համառոտ հայտարարությունն ակնկալվում է նրա ճամփորդության ավարտին:

ԱրմենիաՆաուի էջերում