Դինքի գործի դատավճիռը. ցմահ ազատազրկումը չի բավարարում Դինքի ընտանիքին, ընկերներին

Դինքի գործի դատավճիռը. ցմահ ազատազրկումը չի բավարարում Դինքի ընտանիքին, ընկերներին

Ֆոտոլուր

Երեքշաբթի Ստամբուլի քրեական գործերով 14-րդ դատարանն «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով ցմահ ազատազրկման է դատապարտել գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին և կրկին հաստատել, որ սպանությունը «կազմակերպված չէր»:


Դատավճիռը զայրացրել ու հիասթափեցրել է 2007 թ. իր խմբագրության շենքի առաջ սպանված Դինքի հարազատներին ու աջակիցներին, ովքեր վստահ են, որ դատարանը միտումնավոր չբացահայտեց սպանության իրական կազմակերպիչներին:

«Հրանտի որդին` Արատ Դինքը, ասել է, որ նրանք սկզբից էլ ծաղրում էին մեզ, սակայն ամենամեծ ծաղրը պահել են վերջում մատուցելու համար: Դատարանն ասաց, որ սպանությունը կազմակերպված չէր: Ես չէի սպասում սա: Այս որոշումը ցույց է տալիս, որ պետությունը շարունակում է սեփական քաղաքացիներին անախորժություններ պատճառելու և թշնամիներ դարձնելու ավանդույթը»,- դատավճռից հետո հայտարարել է Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը` Ֆեթիե Չաթինը:

Գործով անցնող մեղադրյալներից ամենախիստ պատիժը տրվել է Հայալին, ով մեղադրվում է սպանությունն իրականացրած 17-ամյա Օգյուն Սամասթին սպանության դրդելու մեջ: Սամասթին դատարանը նախորդ տարի դատապարտել էր 22 տարվա ազատազրկման:

Մյուս մեղադրյալը` Էրհան Թունջելը, արդարացվել է սպանության գործով, սակայն մեղավոր է ճանաչվել 2004 թ. Ստամբուլի McDonald’s-ի պայթյունը կազմակերպելու համար` դատապարտվելով 10 տարվա ազատազրկման։

Հինգ տարի տևած դատավարության վերջին` 25-րդ դատական նիստում գործով արդարացված Թունջելն իր պաշտպանական ճառի ընթացքում կրկին հայտարարել է, որ սպանությունը «Էրգենեկոնի» ծրագրերից է» եղել («Էրգենեկոնը» թուրքական ծայրահեղ ազգայնական գաղտնի կազմակերպություն է, որում ենթադրաբար ներգրավված են Թուրքիայի զինված ուժերի և անվտանգության մարմինների բարձրաստիճան ղեկավարներ):

«Էրգենեկոնի» ներգրավվածության հարցն այդպես էլ դատարանը քննության չառավ, և շատ հիասթափված ենք, որ հանցագործության հետևում կանգնած զինվորականներն ու ոստիկաններն այդպես էլ գաղտնի ու անպատիժ կմնան»,-«ԱրմենիաՆաուին» ասում է «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Սարգիս Սերոբյանը:

Դատավճիռը բողոքարկվելու է, և հունվարի 19-ին` Դինքի սպանության հինգերորդ տարելիցի օրը, «Դինքի ընկերներ» խումբը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում բողոքի ցույց է կազմակերպելու:

ԱրմենիաՆաուի էջերում