Հարցում. արդյոք Կոլումբիայից և Նիգերիայից հետո Հայաստանը երրորդ «ամենաերջանիկ» երկի՞րն է, թե՞ ոչ

Հարցում. արդյոք Կոլումբիայից և Նիգերիայից հետո Հայաստանը երրորդ «ամենաերջանիկ» երկի՞րն է, թե՞ ոչ

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

WIN-Gallup International միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ «ԷմՓիՋի» ընկերության անցկացրած «Երջանկության համաշխարհային բարոմետր» տարեվերջյան հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են այս շաբաթ, ցույց է տվել, որ Հայաստանում հարցված 500 հոգուց 70 տոկոսն իրեն երջանիկ է համարել, 10 տոկոսը`դժբախտ, 18 տոկոսը`ոչ երջանիկ, ոչ դժբախտ, 2 տոկոսը չի պատասխանել:

Հետազոտությունը քննարկումների առիթ է դարձել հասարակական լայն շրջանակներում: Հարցումների ճշգրտությանն ու արժանահավատությանը թերահավատորեն են վերաբերվում` ելնելով հատկապես այն փաստից, որ հարցումներն անցկացվել են հեռախոսով:

Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն ասում է, որ հեռախոսային հարցումները ճիշտ արդյունք ցույց չեն տալիս:

«Հարցում անցկացնողը հնարավորություն չունի տեսնելու` հեռախոսից այն կողմ մարդն ի´նչ վիճակում է գտնվում: Ես համոզված եմ, որ իրեն երջանիկ համարողների մեծ մասն այդ պատասխանը տվել է կատակով, նույնիսկ` հեգնանքով, սակայն դա ճիշտ չի հասկացվել և ընդունվել է որպես «երջանիկ եմ ինձ համարում» պատասխան»,- ասում է Աթանեսյանը:

2003-ին ստեղծված «ԷմՓիՋի» խորհրդատվական ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը, հակադարձելով Աթանեսյանին, ասում է. «Հեռախոսային հարցումներ աշխարհում իրականացվում են արդեն 15-20 տարի: Հարցվողների կազմը եղել է ներկայացուցչական, և մինչև բուն հարցերին անցնելը նախապատրաստական խոսք է ասվել, որը մարդկանց տրամադրել է լուրջ պատասխանելուն»:

Բացի երջանկության վերաբերյալ խնդրահարույց հարցից, եղել է ևս տասը հարց` հավատը դեպի մյուս տարին դրակա՞ն է, թե՞ ոչ, տնտեսությունը կզարգանա՞, թե՞ ոչ և այլն:

«Մեր հարցաշարում այդ (երջանկության մասին) հարցը երրորդն էր: Անլրջություն նկատելու դեպքում մենք նախընտրել ենք հարցումը չշարունակել»,- բացատրում է «ԷմՓիՋի»-ի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:

Հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանում մարդիկ իրենց երջանկությունը չեն կապում իրենց տնտեսական վիճակի հետ: Աթանեսյանը կարծում է, որ մարդ իրեն երջանիկ է համարում, եթե սոցիալապես ապահովված է:

Gallup-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսապես ապահովված երկրների ժողովուրդներն իրենց պակաս երջանիկ են համարում:

«Ռուսաստանում իրեն երջանիկ է համարում մարդկանց 35 տոկոսը: Ուրեմն ինչո՞ւ է Հայաստանից օրական մի քանի թռիչք իրականացվում դեպի Ռուսաստան: Մեր ժողովուրդը կգնա՞ր մի երկիր, որտեղ մարդիկ իրենցից պակաս երջանիկ են»,- հարցնում է Աթանեսյանը:

Նավասարդյանը նշում է որ հետազոտությունն իրականացվել է աշխարհի 58 երկրներում, և տարբեր ժողովուրդներ տարբեր մոտեցումներ են ցույց տվել:

«Չինացիների 25 տոկոսն է իրեն երջանիկ համարել, մինչդեռ Չինաստանի տնտեսությունն այսօր աշխարհում առաջինն է: Այսինքն` տնտեսական աճի և երջանկության հետ հետ ուղիղ կապ տանելը ճիշտ չէ»,- ասում է նա:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշում է, որ երջանկության հետ կապված հարցը աշխարհի բարդագույն հարցերից մեկն է:

«Երջանիկ լինելու համար մարդը պետք է ապրի ակտիվ կյանքով, արդյունավետ կենսակերպ ունենա: Հայաստանն առավելապես հանդիսանում է հոգսաշատ, քան երջանիկ մարդկանց երկիր»,- ասում է նա:

Ըստ Նավասարդյանի` իրենք հարցաշարով չեն էլ փորձել մարդկանցից իմանալ նրանց երջանկության պատճառը:

«Ունեն շատ փո՞ղ, լավ ընտանի՞ք, լավ բարեկամնե՞ր, սիրելի աշխատա՞նք… անգամ փորձ չի արվել ճշտելու: Բայց այն փաստը, որ 70 տոկոսը նշել է, թե ինքը երջանիկ է, մենք չենք կարող չասել»,- ասում է նա:

58 երկրներում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ իրենց ամենաերջանիկը համարում են Կոլումբիայում՝ 74 տոկոս, Նիգերիայում՝ 89 տոկոս։ Ամենադժբախտն են իտալացիները, սերբերն ու պաղեստինցիները։
ԱրմենիաՆաուի էջերում