1001 մանրուք Պուտինի մասին. հայ երիտասարդությունը միանում է Պուտինի մեծարանքին
Լուրը վրդովմունք է առաջացրել սոցիալական ցանցերում: Ինտերնետի հայ օգտատերերը վրդովված են նրանից, որ ռուսական գրքի տներում, որոնք բացվում էին, կարծես թե, ռուսական մշակույթի տարածման նպատակով, բացվում են բացահայտ քաղաքական ակումբներ: «Ռուսական գրքի տների գաղափարը միանգամայն ընդունելի է, ինչպես, ասենք, Բրիտանական խորհրդի կամ ֆրանկոֆոնիայի ակումբների աշխատանքը: Սակայն ինչո՞ւ փչացնել նման գաղափարը, որն ակնհայտորեն անընդունելի է ընդհանուր ակումբի համար»,- հարցնում է «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը: Զայրացրել է նաև այն, որ «Պուտին» ակումբները ԱՊՀ երկրների երիտասարդական միության վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի խոսքով` իբրև թե բացվում են «հայ երիտասարդության նախաձեռնությամբ»: «Հայ երիտասարդությունից ստացված առաջարկից ելնելով` պարզ է դառնում, որ նա մեծ համակրանք է տածում Վլադիմիր Պուտինի նկատմամբ, նախևառաջ այն պատճառով, որ նա կարողացել է առանձնացնել ամենակարևոր առաջնահերթությունները և ճիշտ շեշտադրումներ կատարել երկու երկրների հետ հարաբերություններում»,- ասել է Անդրանիկ Նիկողոսյանը: «Ֆեյսբուքի» բազմաթիվ օգտատերեր մտադիր են գրանցվել «Պուտին» ակումբում` այն ներսից բոյկոտելու համար: Նրանք ասում են, որ Ռուսաստանում քաղաքական պայքարը հայ երիտասարդության գործը չէ, և նա լավ կանի կողմնորոշվի Հայաստանում թեկնածուների հարցով, որտեղ նույնպես շուտով ընտրություններ կանցկացվեն: Բացի այդ, Պուտինը Ռուսաստանում բավականին ոչ միանշանակ է ընդունվում, և այնտեղ սկսված բողոքի շարժումն արդեն բացահայտ հակապուտինյան է կոչվում: Գործակալություններից մեկի հարցին, թե ինչո՞ւ է բացվում հենց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի անունով ակումբ, այլ ոչ թե, ասենք` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պատվին, Նիկողոսյանը հայտարարել է. «Որովհետև հայ երիտասարդությունը նախընտրում է Պուտինին: Որոշումն ընդունվել է հայ երիտասարդության ներկայացուցիչների առաջարկով»: Սոցիալական ցանցերում հայ երիտասարդությունը վրդովված է նրանից, որ նրա անունից նման որոշումներ են ընդունվում: «Ֆեյսբուքի» օգտատերերն առաջարկում են հրապարակել նրանց անունները, որոնք խնդրել են «Պուտին» ակումբներ ստեղծելու մասին: Ակումբների բացման մասին տարածված հաղորդագրությունում ասվում է, որ հայ երիտասարդությանը, իբրև թե, ոգեշնչել է ԽՍՀՄ-ի նման Եվրասիական միություն ստեղծելու Պուտինի գաղափարը: Սակայն Հայաստանը դեռ պաշտոնապես չի արտահայտել իր վերաբերմունքն այդ գաղափարի վերաբերյալ, ավելին` ոչ մի ազդեցիկ կուսակցություն չի աջակցել դրան: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը դեռ չի կողմնորոշվել Եվրասիական միության նկատմամբ վերաբերմունքի հարցում, որովհետև միությունը դեռ ձևավորված չէ: Նման միության նկատմամբ դրական վերաբերունք արտահայտել են միայն երկու հայ քաղաքական գործիչներ` Արամ Կարապետյանը («Նոր ժամանակներ») և Արտաշես Գեղամյանը: Մյուս ուժերը` իշխող և ընդդիմադիր, այդպես էլ չեն ողջունել Եվրասիական միություն ստեղծելու մասին Պուտինի առաջարկությունը: Ակնկալվում է, որ ռուսական գրքի տներում միջոցառումներ կանցկացվեն, որոնց արդյունքներով բանաձևեր կընդունվեն Պուտինի և նրա Եվրասիական միության օգտին: Սակայն ամենաուշագրավն այն է, որ բանաձևերը կընդունվեն հայ երիտասարդության անունից: Առաջին «Պուտին» ակումբները կբացվեն Երևանի և Արտաշատի, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի ռուսական գրքի տներում: Նիկողոսյանի խոսքով` «Պուտին» ակումբներ կբացվեն ԱՊՀ ողջ տարածքով, իսկ Հայաստանից հետո հաջորդը կլինեն Ղազախստանն ու Ղրղըզստանը: Պուտինամետ երիտասարդական խմբեր Ռուսաստանում եղել են 2000 թ.-ից նրա իշխանության գլուխ կանգնելուց հետո: Քննադատները ծաղրում են դրանք` որպես Պուտինի անձի պաշտամունքի ապացույց, սակայն նրա մամուլի խոսնակը և ինքը` Պուտինն ասել են, որ նման պաշտամունքի վերահայտնվելու վտանգ Ռուսաստանում չկա:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.