Սպիտակ, թաց, ձմեռային. ձյան տեղումները վերջ դրեցին Հայաստանում չոր եղանակին, կանխատեսվում է ջերմաստիճանի նվազում
Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը, հանրապետության մարզերի մեծ մասում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, առանձին վայրերում` մառախուղ և քամու ուժգնացում, իսկ լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք: Ըստ ԱԻՆ-ի տվյալների` ուրբաթ առավոտյան ՀՀ գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են եղել, և փակ է միայն Սելիմի լեռնանցքը: Իսկ մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Բերդ-Իջևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանների հատվածը: Այս տարի, ինչպեսև նախորդող երկու տարիներին Հայաստանում ձմեռը սակավաձյուն էր: «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանն ասում է, որ նման եղանակը բնականոն երևույթ է: «Դեկտեմբերը ձնառատ էր, սակայն հունվարը` ոչ այնքան, բայց առաջիկա օրերին այդ բացը կլրացվի, քանի որ հանրապետությունում օդի ջերմաստիճանը հունվարի 20-ին կնվազի 5-6 աստիճանով, 21-ի գիշերը` ևս 2-4-ով, և կլինեն տեղումներ»,- ասում է Պետրոսյանը` հավելելով, որ հունվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, և ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում ուրբաթ ցերեկը կլինի -1C (30,2` ըստ Ֆարենհայթի), իսկ գիշերը` -12C (10,4` ըստ Ֆարենհայթի): Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության աշխատակից Վասիլի Աբրահամյանն «ԱրմենիաՆաուին» տեղեկացնում է, որ քաղաքապետարանը տեղումների մաքրման աշխատանքներին հավուր պատշաճի է պատրաստվել, և արդեն առավոտյան ժամը 4-ից սկսվել են փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքները: «Այս պահին գործի է դրվել 166 մեքենա, որոնք փողոցներում և մայթերում իրականացնում են մաքրման աշխատանքներ: Ներկա պահին կան 2000 տոննա աղ և շուրջ 4000 խմ ավազ, որոնք նման տեղումների համար լիովին բավարար են»,- ասում է Աբրահամյանը: Ի դեպ, Երևանում հունվարի 20-ի համար օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1961-ին`12,5 C (54,5` ըստ Ֆարենհայթի), իսկ նվազագույնը 1906-ին` -22,8 C (-9,04` ըստ Ֆարենհայթի):
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.