«Ապամոնտաժելով» վստահությունը. Մաշտոցի պուրակում եռուզեռը կրպակների տեղափոխման մասին խոսակցությունների տեղիք է տվել

«Ապամոնտաժելով» վստահությունը. Մաշտոցի պուրակում եռուզեռը կրպակների տեղափոխման մասին խոսակցությունների տեղիք է տվել

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Օրեր առաջ Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների հարցը իրարանցում է առաջացրել երևանցիների շրջանում, քանի որ, ըստ շրջանառվող խոսակցությունների, դրանց նոր հանգրվանը կլինի Մաշտոցի պուրակում:

Անցյալ տարի Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել, ըստ որի` արգելվում է մայթերն օգտագործել առևտրի օբյեկտներ կառուցելու համար, և սկսվել էր մայթերից խանութների ու կրպակների ապամոնտաժումը:

Շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցում Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Մարգարյան հիվանդանոցի առջևի այգում իրականացվող շինարարության մասին խոսակցություններին, ասել էր, որ «այնտեղ կա սրճարան, և սրճարանն իր գարնանային նախապատրաստական աշխատանքն է անում»:

Սակայն «Մենք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն շտապում վստահել քաղաքապետի խոսքին և այսօր ակցիա էին անցկացրել Մաշտոցի պուրակում, քանի որ, ըստ մասնակիցների` այգում տեղադրվող ապակեպատ կառույցները նույնն են, ինչ Աբովյան փողոցից ապամոնտաժվածները:

«Այստեղ հստակ երևում է, որ տեղադրվում են նույն կրպակները, որոնք ապամոնտաժվել էին, սակայն եթե նույնիսկ այստեղ շինարարությունն իրականացնում է սրճարանատերը, ամեն դեպքում զավթվել է հանրային կանաչ տարածքը, իսկ հանրային զբոսայգին կառուցապատման ենթակա չէ»,- ասում է ակցիայի կազմակերպիչներից Գայանե Մելքոմյանը:

Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն ասում է, որ իրականացվող գործունեությունն անօրինական է, քանի որ «բանվորների ու նրանց ղեկավարության մոտ որևէ օրինական փաստաթուղթ չկա այս գործունեության համար»:

«Մենք պահանջում ենք դադարեցնել շինարարական աշխատանքները, քանի որ ներկա պահին այս տարածքում որևէ պաշտոնական ցուցանակ չկա այն մասին, թե ինչ է կառուցվում ու ինչու է կառուցվում, այսինքն` կարող ենք համարել, որ այստեղ կատարվում է անօրինական կառուցում»,- ասում է Դովլաթյանը:
ԱրմենիաՆաուի էջերում