Աշխույժ ընտրություններ և որոշ դժգոհություններ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար մրցակցությունում

Աշխույժ ընտրություններ և որոշ դժգոհություններ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար մրցակցությունում

Ֆոտոլուր

Հրազդանում քաղաքապետի ընտրությունների պատասխանատուների գնահատմամբ` կեսօրին քաղաքացիներն ակտիվ մասնակցում էին քվեարկությանը: Թեկնածուների համախոհները, ընդհանուր առմամբ, գոհ են եղել ընտրական գործընթացից:

Ըստ 25-րդ ընտրատարածքի հանձնաժողովի հաղորդած նախնական տվյալների` Հրազդանի մոտ 44.000 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 25.395 մարդ կամ ընտրողների շուրջ 57 տոկոսը, ինչը բավական բարձր ցուցանիշ է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների համար` հաշվի առնելով այն փաստը, որ եղանակը բավականին ցուրտ է, իսկ քաղաքի փողոցների մեծ մասը` սառցապատ:

Հրազդանի (Երևանից 50 կմ հյուսիս-արևելք) քաղաքապետի ընտրություններում աշխուժությունը թերևս պայմանավորված է թեկնածուների միջև լուրջ մրցակցությամբ: Գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, որին սատարում է իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), պաշտոնի համար պայքարում է Ղարաբաղյան պատերազմի վետերան Սասուն Միքայելյանի հետ, որը նախկինում եղել է Հրազդանի քաղաքապետ և ԱԺ պատգամավոր: Վերջինիս սատարում է Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժը` Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ):

«ԱրմենիաՆաուի» թղթակիցը եղել է 25/15 ընտրատեղամասում, որտեղ Միքայելյանի վստահված անձ Մյասնիկ Մալխասյանն ասել է, որ եղել են որոշ անհարթություններ, սակայն տեղեկացրել է, թե առնվազն մինչև կեսօր քվեարկությունը հանգիստ է ընթացել:

Նա մասնավորապես նշել է, որ խոտանվել են մի քանի չօգտագործված քվեաթերթիկներ, որոնց վրա որոշ նշաններ են նկատվել: Մեկ այլ դեպքում ընտրական գործընթացի պատասխանատուներից մեկն «օգնել» է քաղաքացուն նշել քվեաթերթիկը, երբ վերջինս ասել է, թե լավ չի տեսնում: Սակայն այդ քվեաթերթիկը խոտանվել է, և քաղաքացուն հնարավորություն է տրվել կրկին քվեարկելու` այս անգամ ինքնուրույն լրացնելով և քվեատուփի մեջ գցելով քվեաթերթիկը: Մալխասյանը կրկին անդրադարձել է օգտագործված կնքաբարձիկների (օրենքով այն պետք է նոր լիներ) հետ կապված միջադեպին: Ընդդիմության թեկնածուի ներկայացուցիչը դժգոհ էր նաև փոխարինված կնքաբարձիկից:

Վերոնշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրաչ Հուսիկյանը բացատրել է, որ խնդիրն ավելի շատ կապված է եղել օդի ցածր ջերմաստիճանի, քան կնքաբարձիկների օգտագործված լինելու հանգամանքի հետ: Ընդհանուր առմամբ, ըստ նրա` ընտրություններն անցնում են առանց արտառոց միջադեպերի:

Մինչ այդ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, որը սատարում է ներկայիս քաղաքապետին, պնդել է, թե մի մարդ 25/19 ընտրատեղամասում փորձել է ուրիշի անձնագրով քվեարկել, և որ այդ մարդը Միքայելյանի աջակիցներից է եղել: Նշված տեղամասի և´ հանձնաժողովի նախագահը, և´ Միքայելյանի ներկայացուցիչը հերքել են, թե նման միջադեպ է տեղի ունեցել:

Ներկայիս ՏԻՄ և, մասնավորապես, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները շատերի կողմից համարվում են լակմուս-թեստ` ցույց տալու, թե Հայաստանի քաղաքական իշխանությունները որքանով հավատարիմ կլինեն իրենց խոստմանը, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններն արդար են լինելու:

Թեև մի քանի դիտորդական խմբերի հսկողությամբ և լրատվամիջոցների լուսաբանմամբ` Հրազդանում ընթացող ընտրությունները մինչև 16.00-ի դրությամբ անցել են առանց լուրջ խոչընդոտների, որոշ ընդդիմադիրների և շարքային քաղաքացիների շրջանում մտավախություն կա, որ հնարավոր է խախտումներ լինեն ձայները հաշվարկելիս, որը պետք է սկսվեր 20:00-ին` ընտրատեղամասերը փակվելուց հետո:

Ակնկալվում է, որ քվեարկության նախնական արդյունքները պարզ կլինեն երկուշաբթի առավոտյան:

ԱրմենիաՆաուի էջերում