Հայաստանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փոխգործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փոխգործակցության հուշագիր են ստորագրել

Ֆոտոլուր

Չորեքշաբթի Երևանում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ստորագրել են Փոխգործակցության խորացման հուշագիր:


Հուշագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին ներկայացուցիչներ ունենալ Մաքսային միության մարմիններում՝ սկսած բարձրագույն՝ Եվրասիական տնտեսական խորհրդից ավարտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովով և նրա կոլեգիայով և առաջարկություններ ներկայացնել:

Նույն օրը Սարգսյանը և Խրիստենկոն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով քննարկումների արդյունքները և պատասխանելով մի շարք հարցերի: Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հարցին Խրիստենկոն, մասնավորապես, ասել է. «Ղարաբաղյան պատմությունը դուք ինձանից ավելի լավ գիտեք: Այն չի ծագել ո´չ հիմա, ո´չ էլ Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության հայտարարության հետ կապված: Դրա համար կան ուրույն ձևաչափեր և մասնագետներ տարբեր պետություններից, որոնք զբաղվում են այդ թեմայի կարգավորմամբ, խնդրի լուծման ճանապարհների որոնմամբ»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը՝ հավելելով, որ այս դեպքում ինտեգրացիոն գործընթացները պետք է դիտարկել տնտեսական տեսանկյունից:

Խրիստենկոն ընդգծել է, որ տնտեսական զարգացումը երբևէ չի վատթարացրել չկարգավորված իրավիճակները և նույնիսկ կոնֆլիկտները, այլ, որպես կանոն, նպաստել է դրանց կարգավորմանը:

Թե՛ Խրիստենկոն և թե՛ Սարգսյանը աննպատակահարմար են համարել մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում պետք է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումը:

Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը մշակել է Միությսնը միանալու միջոցառումների ծրագիր: «Դա մեր տեսլականն է այն աշխատանքի ծավալի մասին, որը մենք պետք է իրականացնենք Մաքսային միությանը միանալու համար: Հայաստանի նախագահը դիմել է խնդրանքով երեք պետությունների [Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի] նախագահներին, որպեսզի նրանք արձագանքեն այն միջոցառումների ծրագրին, որն արդեն սկսել ենք իրականացնել: Ես կարծում եմ, որ դա էլ կնպաստի նրան, որ մենք կկարողանանք արագ և արդյունավետ շարժվել այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը՝ ըստ կառավարության մամուլի ծառայության:
ԱրմենիաՆաուի էջերում