Պաշտպանության խորհուրդ. իրավապաշտպան կազմակերպությունները միավորվում են ի պաշտպանություն կալանավորված զինվորների(Երեք զինծառայողները դատապարտվել են Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեղադրանքով: Նրանց մարմինները 2004 թվականի հունվարի սկզբին գտնվել են զորանոցի մոտակա ջրամբարում: Զալյանը և Սերոբյանը հայտարարել են, որ անմեղ են: Սարգսյանը խոստովանել է, որ մասնակցել է սպանություններին, սակայն հետագայում հայտարարել է, որ իրեն տանջելով են ստիպել նման խոստովանություն անել և ցուցմունք տալ մյուս երկուսի դեմ: Սարգսյանն օգոստոսի 12-ից հացադուլի մեջ է` բողոքելով բոլոր ներկայացված մեղադրանքների դեմ: Ստորև տես` հարակից հոդվածները): Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ երիտասարդ զինվորները վերջինը չեն զինակոչիկների այն երկար շարքում, որոնք ենթարկվում են դաժան վերաբերմունքի ու բռնությունների, իսկ այս դեպքում` ակնհայտ անօրինականության, որը լայնորեն տարածված է հայկական բանակում: Նորաստեղծ խորհրդի հայտարարության մեջ մեղադրվում է զինվորական դատախազությունը զինվորների հետ կապված գործերի քննության ընթացքի, դատական վարույթի և հարակից բոլոր իրավական հարցերում ճնշում գործադրելու համար: Խորհուրդը պնդում է, որ դատախազությունը դիմում է այդ քայլերին` փորձելով պաշտպանել գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանին, որը, դատապարտվածների պաշտպանների համոզմամբ, պատասխանատու է սպանությունների համար: Խորհուրդը նաև պնդում է, որ դատարանը ոչինչ չի անում պաշտպանելու մեղադրյալների ընտանիքի անդամներին և նրանց պաշտպանող փաստաբաններին մեղադրող կողմի աջակիցների սպառնալիքներից: «Այն հանգամանքը, որ դատարանը միջոցներ չի ձեռնարկում նման գործողությունների դեմ, ապացուցում է նրա կախվածությունը զինվորական դատախազությունից»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ: Խորհուրդը, ինչպես նաև դատապարտվածների փաստաբանները, քննադատում են դատարանին Գրիգորյանին հարցաքննության չկանչելու համար: ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջնորդել է Գրիգորյանի դեմ քրեական գործ չհարուցել` նշելով, որ ղարաբաղյան պատերազմի մասնակիցն «ազգային հերոս է և զղջացել է»: «Ինչի՞ համար է զղջացել Իվան Գրիգորյանը` այդպես էլ անհասկանալի մնաց թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում»: Զալյանի, Սարգսյանի և Սերոբյանի աջակիցները կազմակերպել են բազմաթիվ ասուլիսներ ու հրապարակային ելույթներ, այդ թվում` բողոքի ցույցեր ՀՀ նախագահի նստավայրի ու գլխավոր դատախազության առջև: «Մենք պատերազմ ենք հայտարարելու զինդատախազության քայլերի դեմ,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: - Միակ ճանապարհը խորհրդի ձևավորումն է և հասարակական ակցիաները, որոնք ուղղված կլինեն ոչ միայն 3 երիտասարդների, այլև զինդատախազությունից տուժած բոլոր քաղաքացիների պաշտպանությանը»: Իսկ առայժմ վերաքննիչ դատարանը հետաձգել է Սարգսյանի գործի լսումը` հացադուլի հետևանքով վատացած առողջական վիճակի պատճառով: Սարգսյանին պաշտպանող փաստաբանները` Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Ոսկանյանը և Աշոտ Աթոյանը, չեն տեսակցել իրենց պաշտպանյալի հետ օգոստոսի 25-ից: Մեկուսարանի ղեկավարությունը թույլ չի տալիս նրանց հանդիպել Սարգսյանի բանտախցում և միաժամանակ ասում է, թե Սարգսյանը չափազանց թույլ է և չի կարող գալ հանդիպման սենյակ: «Խախտվել է մեր պաշտպանական իրավունքը: 22 օր է զրկված ենք մեր պաշտպանյալին տեսնելու հնարավորությունից: Եթե նրա վիճակն այդքան ծանր է, ինչո՞ւ չեն տեղափոխում հիվանդանոց»,- բողոքում է Փոստանջյանը, որը համոզված է, թե իր պաշտպանյալին մեկուսացնելը հոգեբանական ճնշում գործադրելու միտում ունի: Մեկուսարանի պետն ասում է, թե Սարգսյանի առողջությունը վատ չէ, և նրան կտեղափոխեն հիվանդանոց, եթե նրա կյանքին սպառնալիք առաջանա: Երկուշաբթի փաստաբանները գրություն են ստացել մեկուսարանից, որում մասնավորապես ասված է. «Կալանավորված անձանց առողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը չեն տրամադրվում, բժշկական քարտերը գաղտնի փաստաթղթեր են»: Սարգսյանի փաստաբանների հավաստմամբ` 19-ամյա պատանին երիկամի սուր ցավեր ունի, չի կարողանում քայլել, հազիվ է խոսում:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.