Կռվի պատրա՞ստ. Հայաստանը և Ադրբեջանը ցուցադրում են ռազմական մկանները` երդվելով տեղի չտալԻսկ դրանից գրեթե մեկ ամիս առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանը ձեռք է բերել 10 գրոհային ինքնաթիռ` իր ռազմական օդուժը 6 միավորից հասցնելով 16-ի: Մինչդեռ Ադրբեջանը նախատեսում է հաջորդ տարի պաշտպանությանը հատկացնել 650 մլն դոլար, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է 2005 թվականի (մոտ 300 մլն դոլար) և գրեթե չորս անգամ 2004 թվականի (175 մլն դոլար) հատկացումները: Անցյալ ամիս Ադրբեջանի Լենքորան քաղաքում ունեցած ելույթում նախագահ Իլհամ Ալիևը զգուշացրել է. «Թշնամին պետք է իմանա, որ Ադրբեջանը պատրաստ է ազատագրելու իր տարածքները ցանկացած պահի»,- և ավելացրել է, որ աճի գումարները գալու են նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործումից ստացված շահույթից: Ալիևը նաև նշել է, որ երկրի առաջ նպատակ է դրվել հասցնելու Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ընդհանուր տարեկան բյուջեին (որը հաջորդ տարի կկազմի մոտ 1 միլիարդ դոլար): Մի՞թե երկու հանրապետությունները պատրաստվում են պատերազմի: Հայաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ հայկական բանակը չի պատրաստվում պատերազմի, այն պարզապես արձագանքում է բանակն ուժեղացնելու մյուս կողմի քայլերին: Ինչը հաստատում է Ադրբեջանը, որի ղեկավարությունը հայտարարել է, թե ղարաբաղյան հարցի լուծման միակ ձևը կարող է լինել ռազմական ուղին: Անցյալ ամիս հայկական լրատվամիջոցները տեղեկացան, որ Հայաստանը ռազմական ինքնաթիռներ է գնել: Թեև պաշտպանության նախարարությունը չբացահայտեց, թե դրանք ինչ արտադրության ու տեսակի են, պարզվեց, որ դրանք կարելի է բնութագրել երկու բառով` հին և էժան: «Սու-25» ինքնաթիռները գնվել են Սլովակիայից: Մոդիֆիկացված «Սու-25»-ն արժե մոտ 16-17 մլն դոլար: Հին մոդելի օգտագործված ինքնաթիռն արժե մոտ 1 մլն դոլար: Հայաստանը 1 միլիոն է վճարել 10 ինքնաթիռի համար: Ինքնաթիռներն առնվազն 20 տարվա են (թերևս, նույնիսկ ավելի հին են), քանի որ արտադրվել են խորհրդային տարիներին և ժառանգություն են մնացել Սլովակիային նախկին Չեխոսլովակիայի բանակից (ինքնաթիռների մասին տեղեկությունների համար այցելեք http://disarmament2.un.org/UN_REGISTER.nsf): Այդուհանդերձ, ադրբեջանցիներն անմիջապես սկսեցին շահարկել գործարքի մասին լուրերը և բղավել «ագրեսիվ» հայերի մասին: Դեռ ավելին` ադրբեջանական լրատվամիջոցները տարածում էին, թե իբր Հայաստանը ռազմական օգնություն է ստանում Ռուսաստանից: Ընդ որում, հաղորդում էին «Սու-27» ինքնաթիռների մասին, որոնք «Սու-25»-ը նկատելիորեն գերազանցող, «Սու»-ի հաջորդ սերնդի ինքնաթիռներ են: «Ձեռք բերված ինքնաթիռների սկզբունքային տարբերությունը «Սու-27» տեսակի կործանիչներից այն է, որ եթե «Սու-27»-ն իր բազային մոդիֆիկացիայով օդում գերազանցության հասնելու զորեղ կործանիչ է, որը բնութագրվում է թռիչքի մեծ հեռահարությամբ և նախատեսված է հիմնականում օդային թիրախների դեմ պայքարի համար, ապա «Սու-25»-ը մասնագիտացված և համեմատաբար պարզ գրոհային ինքնաթիռ է»,- ասում է ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը: Միաժամանակ վերլուծաբանն ավելացնում է, որ «Սու-25»-ը լիովին համապատասխանում է Հայաստանի պաշտպանական կարիքներին: «Այն հատկապես արդյունավետ է տեղային հակամարտություններում և լեռնային տեղանքում,- ասաց Հարությունովը «ԱրմենիաՆաուին»: - Այսպիսով, Հայաստանի պաշտպանության նախարարության ընտրությունն արտացոլում է օբյեկտիվ ռազմական և ռազմավարական պայմանները»: Ինքնաթիռներ գնելու լուրն առաջ բերեց խոսակցություններ տարածաշրջանի երկրներում «Եվրոպայում սովորական զինուժի պայմանագրով» սահմանված սպառազինության քվոտաների մասին: Պայմանագրով Ադրբեջանի և Հայաստանի համար սահմանված ռազմական ինքնաթիռների առավելագույն քանակը 100 է, իսկ գրոհային ուղղաթիռներինը` 50: Վերջին գնումները հաշված` Հայաստանն ունի 16 ինքնաթիռ և 14 գրոհային ուղղաթիռ, իսկ Ադրբեջանը, ինչպես ենթադրվում է` 48 ռազմական ինքնաթիռ և 15 գրոհային ուղղաթիռ: (Բացի օդուժից, Հայաստանը և Ադրբեջանը «Եվրոպայում սովորական զինուժի պայմանագրով» պարտավորվել են չգերազանցել սպառազինության հետևյալ տեսակները. տանկեր` 220 (համաձայն Սովորական սպառազինության ՄԱԿ-ի ռեգիստրի` Հայաստանն ունի 110 տանկ, իսկ Ադրբեջանը` խախտելով պայմանագիրը` 270), ռազմական զրահամեքենաներ` 220 (Հայաստանն ունի 140, Ադրբեջանը` 361), հրետանային համակարգ 100 մմ և ավելի տրամաչափի` 285 (Հայաստանն ունի 229, Ադրբեջանը` 301): (Հարությունովը նշում է, որ Հայաստանի օդային տարածքը պաշտպանում են նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանների 18 «ՄիԳ-29» կործանիչները): «Իհարկե, վտանգավոր է, երբ հարևան երկրի ռազմական բյուջեն կտրուկ աճում է,- երեքշաբթի ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: - Բայց այստեղ առկա է նաև այդ միջոցների արդյունավետ օգտագործման հարցը: Գաղտնիք չէ, որ մենք ձեռք ենք բերում նույն ռազմական տեխնիկան անհամեմատ ավելի ցածր գներով, քան Ադրբեջանը: Իհարկե, ցանկալի է, որ ունենանք համեմատելի ֆինանսական հնարավորություններ: Բայց մենք, ամեն դեպքում, որևէ զիջման չենք գնա»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.