«Տագնապալի վիճակ». Հայաստանում կոռուպցիայի համաթիվը վատանում է

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության 2005 թվականի կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ)` Հայաստանը հետազոտված 159 երկրներից այն 70-ի շարքում է, որտեղ կոռուպցիայի մակարդակը «տագնապալի» է:

«Թրանսփարենսի ինթերնեշնլի» («ԹԻ») (www.transparency.org) ԿԸՀ-ն արտացոլում է տեղացի և արտասահմանյան գործարարների ու վերլուծաբանների տեսակետները և հիմնված է 10 անկախ հետազոտական հաստատությունների անցկացրած հասարակական կարծիքի 16 հարցումների արդյունքների վրա:

2005 թվականի ԿԸՀ-ն գնահատվում է 10 բալանոց սանդղակով, որտեղ 10-ը կոռուպցիայի բացակայության ցուցանիշն է:

Հայաստանը 2,9 համաթվով 88-րդ տեղում է: (Համեմատության համար նշենք, որ Վրաստանի համաթիվը 2,3 է (130-րդ տեղ), Ադրբեջանինը` 2,2 (137), իսկ Թուրքիայինը` 3,5 (65): Ամենաքիչ կոռուպցված երկիրը Իսլանդիան է` 9,7 համաթվով: Երկրորդ-երրորդ տեղերը կիսում են Ֆինլանդիան ու Նոր Զելանդիան` 9,6 համաթվով: Մեծ Բրիտանիան 11-րդն է 8,6 համաթվով, իսկ ԱՄՆ-ն` 17-րդը` 7,6 համաթվով):

Ցուցակում ընդգրկված աշխարհի 159 պետություններից ավելի քան երկու երրորդի ԿԸՀ-ն 5-ից փոքր է, ինչը մատնանշում է այդ երկրներում առկա կոռուպցիայի տագնապալի մակարդակը:

«Վրաստանում ու Ադրբեջանում կոռուպցիան շատ ավելի վատ վիճակում է, սակայն այս տարի այդ երկրներում, ըստ հետազոտության, նկատվում է ավելի ակտիվ պայքար այդ երևույթի դեմ, քան Հայաստանում»,- «ԱրմենիաՆաուին» ասաց «ԹԻ» հայաստանյան մասնաճյուղի հանրային քաղաքականության գծով փորձագետ Վարուժան Հոկտանյանը:

Վիճակագրական տվյալներով` եթե անցյալ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 198 կոռուպցիոն հանցագործություն, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում հանցագործությունների թիվն աճել է 29-ով` հասնելով 227-ի:

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի կոռուպցիայի հարցերով խորհրդական Բագրատ Եսայանը սա դրական միտում է համարում և հավաստում, որ ոչ թե կոռուպցիան է ավելացել, այլ բացահայտված դեպքերը:

«Կոռուպցիան երևույթ է և ոչ թե կարտոֆիլ, որ կիլոյով կշռես ու ասես` ավելացավ, թե պակասեց,- ասում է Եսայանը: - Կոռուպցիան մի երևույթ է, որը չափել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ չափել սերը»:

Սակայն «ԹԻ» հայաստանյան գրասենյակի նախագահ Ամալյա Կոստանյանն ասում է, որ խոսքն այս դեպքում ոչ միայն թվերի, այլև հանրապետությունում տիրող իրավիճակի մասին է:

«ԹԻ» հայաստանյան գրասենյակի «Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանում կոռուպցիան աճե՞լ է, թե՞ նվազել» հարցին Հայաստանի 1500 քաղաքացիների 62,9 %-ը պատասխանել է, որ կոռուպցիան Հայաստանում չի նվազել, 15,5%-ը պնդել է, որ նույնն է մնացել: Միայն 4,5%-ն է ասել, որ կոռուպցիան նվազել է:

«Մեզ պետք չէ գլխաքանակ, թե քանի ծառայող կամ գործարար է դատապարտվել և բանտարկվել: Մեզ բավարար կլինի ցույց տալ, որ Հայաստանում իրոք կա քաղաքական կամք` կոռուպցիայի դեմ պայքարելու համար»,- ասաց Կոստանյանը նոյեմբերի 7-ին Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Կոռուպցիայի դեմ պայքարում «ԹԻ»-ն կոչ է անում դրսևորելու ավելի մեծ քաղաքական կամք, ինչպես նաև ավելի թափանցիկ դարձնելու պետական բյուջեի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Կոստանյանը հավատացած է, որ Հայաստանում դեռևս կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք չկա, որի արդյունքում էլ, ըստ նրա, եթե անգամ անուններ հրապարակվեն, ապա կպարզվի, որ այդ մարդիկ ամենացածր օղակում աշխատող քաղծառայողներ են, մինչդեռ կոռուպցիան տարածված է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում` մաքսային, հարկային, առողջապահության, կրթության և այլն:

«Ունենալով հիմքից կոռուպցված համակարգ` առանձին ոլորտներ մատնանշել պետք չէ, որովհետև կան ոլորտներ, որոնց հետ մենք պարզապես չենք առնչվում»,- ասում է Կոստանյանը:

Ըստ Կոստանյանի` այդ ոլորտներից են, օրինակ` մենաշնորհները, ամենուրեք առկա ապօրինի շինարարությունը:

«ԹԻ» գործադիր տնօրեն Դեյվիդ Նուսբաումը ուսումնասիրության մեջ ասում է, որ կոռուպցիան բնական աղետ չէ:

«Դա հասարակության առավել անպաշտպան խավերին իրենց հնարավորություններից սառնասրտորեն և հաշվենկատորեն զրկելն է»,- ասում է նա:

Ըստ «ԹԻ» հայաստանյան գրասենյակի` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում կատարվում է օրենսդրական փոփոխություններ կատարելով:

«Դրանք չեն իրագործվում, իսկ հասարակ քաղաքացին մնում է անտեղյակ այդ ամենից,- ասում է Կոստանյանը: - Հունգարիայում պայքարը սկսվեց միայն այն բանից հետո, երբ մի պատգամավորի բանտ նստեցրին: Ավելի լավ կլիներ օրենքներ քիչ ընդունեին, քանի որ այդ ամենը ձևական բնույթ է կրում»:

ԱրմենիաՆաուի էջերում