Համագործակցության գնա՞ցք. տարածաշրջանային կազմակերպությունը կողմ է Թուրքիա-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնմանըԱնցյալ շաբաթ Ալբանիայում տեղի ունեցած նիստում ՍԾՏՀ ԽՎ-ը, որին անդամակցում են Ադրբեջանը, Հայաստանը, Ալբանիան, Թուրքիան, Ռուսաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան և Ուկրաինան, արձանագրեց, որ երկաթուղային հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանային առևտրի զարգացման համար: Կարս (Թուրքիա)-Գյումրի (Հայաստան)-Թբիլիսի (Վրաստան) երկաթուղին ավելի քան 100 տարի առաջ կառուցել են ռուս շինարարները` Ռուսական կայսրության երկու ամրոցների` Կարսի և Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) միջև կայուն կապ հաստատելու նպատակով: Խորհրդային տարիներին Կարս-Գյումրի երկաթգիծը հիմնականում օգտագործվում էր ուղևորափոխադրումների նպատակով և Խորհրդային Միությունը Թուրքիայի հետ անմիջականորեն կապող միակ երկաթուղին էր: Տեսականորեն այն առ այսօր պահպանել է իր այդ նշանակությունը, սակայն 1992 թվականից փակ է Հայաստանի դեմ Թուրքիայի կիրառած շրջափակման հետևանքով: Որպես շրջափակման վերացման նախապայման Թուրքիան պահանջում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության կետը և Ադրբեջանին «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը: Անցյալ տարվանից Անկարան Թբիլիսիի և Բաքվի հետ աշխատանքներ է տանում Թուրքիան Կովկասի հետ կապող այլընտրանքային` Կարս-Ախալքալաք (Վրաստան)-Թբիլիսի երկաթգծի կառուցման ուղղությամբ: Հայաստանը դեմ է այդ նախագծին: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարել է, որ կոնցեսիոներները ոչ մի բարոյական իրավունք չունեն մեկուսացնելու Եվրախորհրդից նրա մասը կազմող Հայաստանը` հսկայական գումարներ ծախսելով, երբ դե ֆակտո գոյություն ունի Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը: Գոյություն ունեցող երկաթգծի վերագործարկման փոխարեն նորը կառուցելու դեմ է արտահայտվել նաև ԱՄՆ Կոնգրեսի 51 անդամ: Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բառնի Ֆրենքը դիմել է ԱՄՆ կառավարությանը` հորդորելով միջոցներ չհատկացնել Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությանը: Կոնգրեսականը նաև նամակ է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին: Ավելի վաղ նման դիրքորոշում են արտահայտել Եվրամիության ներկայացուցիչները: Սակայն ՍԾՏՀ ԽՎ-ն առաջին միջազգային կազմակերպությունն է, որ Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման մասին որոշում է կայացնում: «Կարծում եմ` ՍԾՏՀ ԽՎ բանաձևը թելադրված է տարածաշրջանային նոր զարգացումներով,- ասում է քաղաքական վերլուծաբան Արմեն Պողոսյանը: - Միջազգային կառույցները նախկինում էլ էին հանդես գալիս հօգուտ երկաթգծի այս հատվածի ապաշրջափակման, սակայն Թուրքիան չէր լսում նրանց: Այսօր, երբ քննարկվում է Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցը, նա այլևս չի կարող հաշվի չնստել այդ առաջարկների հետ»: Ուշագրավ է, որ Կարս-Գյումրի երկաթգծի բացման մասին նոյեմբերի 24-ին Տիրանայում ընդունված բանաձևին կողմ է արտահայտվել նաև Թուրքիայի ներկայացուցիչը: ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ Երևանի առաջարկը հիմնվում էր այն փաստարկի վրա, որ նշված երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հնարավորություն կտա միանգամից միմյանց հետ կապելու տարածաշրջանի չորս պետություն: Ադրբեջանի պատվիրակության անդամները քվեարկությանը չեն մասնակցել: Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման մասին ՍԾՏՀ ԽՎ բանաձևը լայն արձագանք է առաջ բերել Բաքվում: Այդ կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Շաիթդին Ալիևն ասաց. «Չեմ կարծում, թե Թուրքիան կհամաձայնի Հայաստանի հետ նման համագործակցության, քանի որ բազմիցս հայտարարել է, որ չի վերսկսի համագործակցությունը պաշտոնական Երևանի հետ, մինչև Հայաստանը չվերադարձնի Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Նիստում Ադրբեջանի պատվիրակության բացակայությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ երկրի խորհրդարանը դեռևս չի սկսել իր աշխատանքները վերջերս տեղի ունեցած ընտրություններից հետո: «Իսկ Հայաստանի պատվիրակությունն օգտվեց այդ հանգամանքից և քվեարկության դրեց այդ հարցը»,- պնդում է Ալիևը: Թուրքական կողմի համաձայնությունը Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկմանը, բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, կարող է պայմանավորված լինել ոչ միայն Թուրքիայի վրա եվրոպական կառույցների ճնշմամբ: Մասնավորապես, քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը կարծում է, որ դա կարևոր է հենց իր` Թուրքիայի համար. այդպիսով Թուրքիան ազատվում է ամեն անգամ իր կիրառած շրջափակման համար միջազգային հանրության առաջ արդարացում գտնելու անհրաժեշտությունից: Միաժամանակ նա հնարավորություն է ստանում զարգացնելու երկրի ամենահետամնաց արևելյան շրջանները: Ավելին` երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կարող է նաև ռազմավարական նպատակներ հետապնդել, քանի որ Կարսից ոչ հեռու գտնվող Գյումրիում է տեղակայված ռուսական թիվ 102 ռազմակայանը: Վերլուծաբանի կարծիքով` հենց այս տեսանկյունից է այն հետաքրքրություն ներկայացնում ԱՄՆ համար: Այսպիսով, Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկումը ըստ էության բխում է տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների (բացի Ադրբեջանից) և կազմակերպությունների շահերից: Նրանցից յուրաքանչյուրը, անշուշտ, սեփական նպատակներն է հետապնդում: Այդուհանդերձ, պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ ՍԾՏՀ ԽՎ բանաձևն իրավական ուժ չունի, և խոստանում է ապացուցել դա ամենամոտ ապագայում: Միջազգային փորձագետների կարծիքով` երկաթգծի վերագործարկման համար կպահանջվի մոտ մեկ տարի:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.