Լավ տնտեսություն, վատ վարք. Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցը ոգևորիչ չէ, բայց անսպասելի էլ չէ

2005 թվականին մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում արժանացել է քննադատության ԱՄՆ-ում տեղակայված Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այս շաբաթ հրապարակած զեկույցում:

«Չնայած միջազգային հանրության բարենպաստ կարծիքը Հայաստանի մասին շարունակվել է 2005 թվականին նրա վարած տնտեսական քաղաքականության շնորհիվ, Հայաստանի իշխանությունները ձեռքբերումներ չեն գրանցել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,- ասված է Human Rights Watch կազմակերպության չորեքշաբթի հրապարակված 2006 թ. համաշխարհային զեկույցում, որն անդրադառնում է մարդու իրավունքների վիճակին աշխարհի 60 երկրներում:

Զեկույցում խիստ քննադատության են ենթարկվել Հայաստանի իրավապահ մարմինները` իրենց աշխատանքում կիրառած տանջանքների ու դաժան վերաբերմունքի համար: «Տանջանքները սովորաբար կիրառվում են նախադատական կալանման ժամանակ` խոստովանություն կամ երրորդ կողմի դեմ ցուցմունք կորզելու նպատակով: Բանակում լայն տարածում են գտել դաժան վերաբերմունքն ու չարաշահումները, ամեն տարի գրանցվում են մահվան տասնյակ կասկածելի դեպքեր»,- նշվում է զեկույցում:

Այն քննադատում է Հայաստանի իշխանություններին ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքները խոչընդոտելու և հավաքների ազատությունը սահմանափակելու համար: «Իշխանությունները բազմիցս ճնշում են գործադրել կառավարության գործողությունները քննադատած մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ: 2005 թվականին այդ ճնշումները տարածվել են ընդհուպ մինչև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»,- ասվում է զեկույցում:

Զեկույցն արձանագրում է, որ Հայաստանում առկա է զգալի թվով անկախ և ընդդիմադիր տպագիր մամուլ, սակայն նշում է, որ իշխանությունները շարունակում են սահմանափակել մամուլի լիակատար ազատությունը երկրում: Հայաստանի մասին անկախ լրատվություն տարածած «Ա1+», «Նոյյան տապան» և ռուսական HTB հեռուստաալիքները շարունակում են զրկված մնալ եթերից, քանի որ իշխանությունները զրկել են նրանց հեռարձակման հաճախականություններից:

Անդրադառնալով դավանանքի ազատությանը` զեկույցը նշում է, որ չնայած 2004 թվականի նոյեմբերին այլընտրանքային ծառայության մասին օրենքում արված փոփոխություններին` Եհովայի վկաները շարունակում են ենթարկվել հետապնդումների` զինվորական ծառայությունից հրաժարվելու համար: Ըստ Հայաստանի հելսինկյան ընկերակցության` 2005 թ. սեպտեմբերին զինվորական ծառայությունից հրաժարվելու համար 16 Եհովայի վկաներ դատապարտվել էին ազատազրկման, իսկ 19-ը սպասում էին դատավարության:

«Չնայած Հայաստանին ուղղված Եվրախորհրդի հորդորներին` կատարել անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները, տեղական կազմակերպությունները քննադատում են Եվրոպայի խորհրդին թույլ մոնիտորինգի և սահմանադրության` իշխանությունների առաջարկած փոփոխություններին հավանություն տալու համար: Եվրախորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններից շատերը մնում են չկատարված, այդ թվում` քաղաքական նպատակներով վարչական կալանքների պրոբլեմը, էլեկտրոնային լրատվամիջոցների բնագավառում բազմակարծության ապահովումը, այլընտրանքային ծառայության հարցի լուծումը և այլն»,- ասված է զեկույցում:

Զեկույցում նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը շարունակում են մրցակցել Հայաստանում ազդեցության համար: Միացյալ Նահանգներն իր բողոքն է արտահայտել ռուսական մի ընկերությանը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի վաճառքում թափանցիկության բացակայության առիթով: Այդ գործարքը մեծացրել է Ռուսաստանի վերահսկողությունը Հայաստանի էներգետիկական հատվածի վրա: Հանելով իր ռազմակայանները Վրաստանից` Ռուսաստանը ռազմական տեխնիկայի մի մասը տեղափոխել է Հայաստան: «Միացյալ Նահանգների հետ կապերի ամրապնդումը հանգեցրել է նրան, որ 2005 թվականի հունվարին Հայաստանը 46-հոգանոց զորախումբ է ուղարկել Իրաք` միանալու կոալիցիոն ուժերին: Մարտին Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրել են փաստաթուղթ ամերիկյան օգնության բազմամիլիոն` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի մասնակցության մասին: Այն հիմնականում ուղղված է ֆինանսավարկային քաղաքականության, բանկային համակարգի և գյուղատնտեսության զարգացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին»:

Զեկույցն ամբողջությամբ կարելի է կարդալ http://www.hrw.org/wr2k6/eca/index.htm կայքում:

ԱրմենիաՆաուի էջերում