Թարս ու շիտակ. դատավորի 6 մեքենաները՝ 61000$, բնակարանը՝ 100000$, տարեկան աշխատավարձը՝ 7704$... դռան վեճը դուռ է բացում դեպի դատավորների պոտենցիալ եկամուտները

Դատավորը (արխիվային լուսանկար)՝ սեփական ունեցվածքի մասին հարցից մի քիչ քրտնած
Մուտքի դուռը հիմա իսկական սեզամ է դարձել
Մուտքի դռան վեճը պատուհան է բացել դեպի երևանցի մի դատավորի եկամուտները՝ բացահայտելով անհամեմատ ավելի մեծ հարստություն, քան կարող էր ապահովել արդարադատության նախարարության նշանակած աշխատավարձը:

Դատավորը, որի ամսական աշխատավարձը մոտ 642 դոլար է, ունի վեց ավտոմեքենա (ներառյալ որդիներինը)՝ 61000 դոլար արժողությամբ, առանձատուն առողջարանային Ծաղկաձոր քաղաքում և մի չորս սենյականոց բնակարան, որի մեջ 2002 թ. ներդրել է մոտ 100000 դոլար, և երկու այլ բնակարան:

Նոյեմբերին Իսահակյան 22 շենքի բնակիչ, Էրեբունու համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրեն Կոստանյանի նախաձեռնությամբ և թաղապետարանի համաձայնությամբ ու մասնակցությամբ շենքի մուտքի վրա կոդավորված դուռ դրվեց:

Բնակիչների մի մասը ողջունեց դռան տեղադրումը՝ ասելով, որ այն թույլ չի տալիս թափառաշրջիկներին օգտագործել մուտքը որպես քնելատեղ կամ զուգարան:

Սակայն դուռը նաև փակեց Արման և Վահան Քարիմյանների՝ մուտքում գտնվող տարադրամի փոխանակման կետի և ձայներիզների կրպակի բիզնեսը:

Շենք մտնելու համար այցելուները պետք է սեղմեն բնակիչների զանգն ու ներկայանան դոմոֆոնով: Բնակիչները կարող են բացել դուռը բանալիով: Քարիմյանները պնդում են, որ տեղադրված անվտանգության համակարգը զրկում է իրենց հաճախորդներից ու ապրուստից:

«97 թվից ձայներիզների կրպակս աշխատում է, իմ օրվա հացն է, բայց փաստորեն ձեռքիցս վերցրել է, դուռ դրել»,- ասում է Վահան Քարիմյանը:

Քարիմյանն ասում է, որ իրեն բանալի չեն տալիս, թե չէ կարող էր ամիսը 200 դոլարով վարձով տալ:

Իսկ այսօր նա կարող է շենք մտնել միայն դրսի «Վիվասելի» մուտքից (ընկերության զբաղեցրած տարածքը վարձակալությամբ նրանց են տրամադրել Քարիմյանները):

«Դուռը դրել են ու բանալի էլ չեն տալիս»,- ասում է Վահանը:

Քարիմյանի բնակարանի չորս համասեփականատերերը դիմել են արդարադատության նախարարություն, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի և դադարեցվեն դատավորի լիազորությունները:

Դատավոր Կոստանյանը ափերից դուրս է գալիս, երբ լսում է դռան պրոբլեմի մասին:

«Եթե դիմումի հեղինակներից որևէ մեկը իմ ապրելու պահից մինչև այժմ չի բնակվել այդտեղ, ես ինչպես կարող եմ նրանց խոչընդոտ հանդիսանալ,- ասում է Կոստանյանը: - Ընդհանուր օգտագործման մուտքը բոլոր բնակիչների սեփականությունն է: Էլի իրանցը լինի, բայց էդ օգտագործելը ինձ չխոչընդոտի»:

Կոստանյանը պնդում է, որ Քարիմյանների ձայնագրման գործը (սկավառակների ու կասետների վաճառք ու ձայնագրում) պատուհաս է դարձել իր և մյուս բնակիչների գլխին:

«Անտանելի վիճակ էր,- ասում է դատավորը: - Առավոտ 8-ից դինամիկները դրած զռում էին մինչև 11-ը, հետո էլ բոմժերն էին լցվում: Մուտքը դառել էր զուգարան, ինչ ասես՝ անում էին: Անհնար էր ապրել»:

Կոստանյանն ասում է, որ դեպքեր են եղել, երբ իր կինը վախեցել է մուտք մտնել այնտեղ հավաքված շների պատճառով:

Դատավորն ասում է, որ դուռը տեղադրվել է օրինականորեն՝ Կենտրոն համայնքի թաղապետարանի կողմից:

Բնակիչ Վիլեն Ատյանը վճարել է դուռը տեղադրելու համար և ասում է, որ դրանից մուտքը շահել է:

«Մենակ վատ է, որ տղաները զրկվեցին իրենց բիզնեսից»,- ասում է նա:

Դատավորն ասում է, որ Քարիմյանները կարող են դոմոֆոնը միացնել իրենց բնակարանաին (որը վարձով են տվել «Վիվասելին») և օգտվել դրանից մյուս բնակիչների նման, սակայն ինքը չի հանդուրժի, որ ընդահուր մուտքում խանութ տեղադրեն:

«Թող դատի տան՝ ինձ, թաղապետարանին, մյուս բնակիչներին»,- ասում է Կոստանյանը:

Օրենքով դատավորի անձեռնմխելիությունը վերաբերում է քրեական և վարչական գործերին, իսկ քաղաքացիականով դատավորին կարելի է դատի տալ: Վահան Քարիմյանը 40 էջանոց բողոք է ներկայացրել արդարադատության նախարարություն:

Բողոքը կազմելու ընթացքում Քարիմյանը և իրավաբանը հայթայթել են տեղեկություններ, որոնք հարցեր են բարձրացնում դատավոր Կոստանյանի ունեցվածքի առնչությամբ: Դատավորի ֆինանսական կարգավիճակը յուղ է լցնում նրանց կրակին, ովքեր Հայաստանի դատաիրավական համակարգը համարում են անսկզբունքային բախտախնդիրների հանգրվան, ովքեր ծառայեցնում են օրենքը սեփական շահերին և իրենց օրենքից վեր են դասում:

«ԱրմենիաՆաուի» թղթակիցը հարցրել է դատավորին, թե ինչպես է նա իր աշխատավարձով այդպիսի ունեցվածքի տեր դարձել:

Կոստանյանը զայրացած պատասխանել է.

«Դատավոր մարդ եմ, մի «Մերսեդես» ունենալու իրավունք չունե՞մ: (Դատավորն ունի մի ծառայողական «Մերսեդես» և մի հատ էլ անձնական՝ 600SL) Տղաս բժիշկ է, պիտի մեքենա չունենա՞, հը՞: Մյուս որդիս Եվրոպայի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ է, մեքենա չունենա՞»:

Արդարադատության նախարարությունը, ի պատասխան Քարիմյանի բողոքի, հայտնել է, որ հարցը պետք է ներկայացվի համապատասխան իրավական ատյաններին:

Ուշադրության է արժանի, սակայն, որ արդարադատության նախարար Հարությունյանը՝ հանրապետությունում արդարության գերագույն երաշխավորը, Կոստանյանի բարեկամն է: Նա Կոստանյանի որդիների կնքահայրն է, իսկ Կոստանյանի որդիներից մեկը՝ նախարարի խորհրդականը:

Դռան բողոքի առնչությամբ Կոստանյանի ունեցվածքի մանրամասների երևան գալուց հետո դատավորը հայտարարում է, որ շահերի ոչ մի հակասություն չի տեսնում ոչ իր մասնագիտական և ոչ էլ անձնական կյանքում:

«Դավիթ Հարությունյանը որդիներիս հարսանիքի քավորն է,- ասում է Կոստանյանը: - Մարդ երեխա ա ունենում, էրեխեն քավոր չունենա՞: Երեխա է ունեցել, մեծացրել, երեխան առանց քավոր մնա՞: Դու քավոր ունե՞ս, էրեխեքդ ունե՞ն: Հիմա դու վաղը գաս ասես՝ արի էրեխեքիս քավոր եղի, չգա՞մ, հը՞: Դավիթ Հարությունյանը մանկավարժ էր [դպրոցի տնօրեն], երբ ես արդեն աշխատում էի դատական համակարգում (Կոստանյանը 1981 թվականից դատական համակարգում է, եղել է գերագույն դատարանի դատավոր, հետագայում՝ Մաշտոցի դատարանի նախագահ):

Դռան պայքարը սկսում են օգտագործել դատավորի հակառակորդները, և այն վերածվում է միջգերատեսչական պայքարի: «ԱրմենիաՆաուին» հայտնի է դարձել, որ դատավոր Կոստանյանի և Էրեբունու դատախազի հարաբերություններն այնպես են սրվել, որ նույնիսկ միմյանց գրություններին չեն պատասխանում:

Հայտնի է նաև, որ լարված են գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի հարաբերությունները: Հետևաբար, դռան գործը բացահայտում է համակարգերի պատերազմը և դառնում նրա մի մասը:

Վահան Քարիմյանը և նրա իրավաբան ընկերը խոստանում են օրերս նոր տեղեկություններ ներկայացնել Կոստանյանի ունեցվածքի մասին: Ընդհանուր առմամբ, ըստ նրանց, Կոստանյանն ունի 1 միլիոն դոլարից ավելի անշարժ գույք: Սակայն այդպիսի կարողությունն արտառոց չէ Հայաստանի դատավորի համար:

ԱրմենիաՆաուի էջերում