Հիփոթեքային թեթևացում. Հայաստանում հուսով են, որ գերմանական ծրագիրը ավելի մեծ թվով մարդկանց բնակարան գնելու հնարավորություն կտա

Հիփոթեքային վարկերը համեմատաբար նոր երևույթ են Հայաստանում, սակայն բարձր տոկոսադրույքների և վճարման սեղմ ժամկետների պատճառով դրանք անհասանելի են բնակչության միջին խավին:

Մանագիտությամբ ատամնաբույժ Երանուհի Հովհաննիսյանը հինգ ամիս առաջ «Արցախբանկից» վերցրած հիփոթեքային վարկով (29000 դոլար) Երևանի Արաբկիր թաղամասում գնել է 42000 դոլար արժողությամբ երեք սենյականոց բնակարան:

Հովհաննիսյանը դժգոհ չէ «Արցախբանկի» ծառայություններից, սակայն նշում է բարձր տոկոսադրույքը (տարեկան 16,5 տոկոս) և վճարման կարճ ժամկետը՝ 6 տարի:

«Հիփոթեքային վարկը լավ բան է, եթե տոկոսներն այդքան բարձր չլինեին Հայաստանում,- ասում է նա: - Պարզապես ես այդքան մեծ գումար չունեի բնակարան գնելու համար, իսկ կուտակել նույնպես չէի հասցնում, որովհետև բնակարանների գները Երևանում օրեցօր թանկանում են»:

Սակայն, հավանաբար, մինչ այս տարվա վերջ իրավիճակը փոքր-ինչ կլավանա՝ շնորհիվ Հայաստանի հիփոթեքային շուկայի զարգացման նպատակով գերմանական «KfW» բանկի տրամադրած 6 մլն եվրո (7,2 մլն դոլար) վարկի:

Այս մասին մարտի 3-ին հայտնեցին Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Պայչը, որոնք ստորագրեցին Գերմանիայի կողմից Հայաստանին վարկերի ու դրամաշնորհների տրամադրման պայմանագիր:

Ըստ Խաչատրյանի՝ հիփոթեքային նպատակներով տրամադրվող գերմանական վարկը ցածր տոկոսադրույքով կտրամադրվի հայաստանյան մի քանի բանկերի, որոնք կհամապատասխանեն գերմանական կողմի և ՀՀ Կենտրոնական բանկի այս նպատակով ստեղծած հիմնադրամի չափանիշներին: Առայժմ որոշված չէ, թե այս ծրագիրը քանի տոկոսով է վարկ տրամադրելու:

«Այս վարկը կաջակցի Հայաստանում հիփոթեքային շուկայի կայացմանը և հնարավորություն կտա երկարացնելու տրամադրվող վարկերի ժամկետները և նվազեցնելու տոկոսադրույքները»,- ասաց նախարար Խաչատրյանը:

«KfW» բանկի երևանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Կարապետ Գևորգյանը նշեց, որ ծրագիրը հնարավորություն կտա սեփական բնակարան ձեռք բերելու ավելի մեծ թվով հայաստանցիների:

«Գաղտնիք չէ, որ այսօր հիմնականում հիփոթեքային վարկեր տրամադրվում են միջազգային կազմակերպությունների կամ նույն բանկերի աշխատակիցներին, այսինքն՝ տեղի է ունենում վարկավորում փակ շղթայով: Այս վարկի միջոցով մենք կփորձենք այդ շղթան կոտրել»,- ասաց նա:

Ըստ ՄԱԿ-ի փորձագետների գնահատման՝ Հայաստանի բնակչության մոտ 40 տոկոսը բնակտարածքի ավելացման և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման կարիք ունի:

Իսկ տնտեսագետներն ու անշարժ գույքի գործակալներն ասում են, որ հիփոթեքային շուկայի զարգացումը կնպաստի ֆինանսական շուկայի զարգացմանը և երկրի ընդհանուր տնտեսական առողջացմանը: (Տես՝ հարակից հոդվածը:)

Այսօր Հայաստանում գործող 21 բանկերից հիփոթեքային վարկավորման ծառայություն մատուցում են 13-ը` «Հայխնայբանկը», «Հայէկոնոմբանկը», Զարգացման հայկական բանկը, «Արցախբանկը», «Առէքսիմբանկը», «ԲՏԱ ինվեստը», «Ինեկոբանկը», «ԷյչԷսԲիՍի» բանկը, «Կասկադ» բանկը, «Կոնվերս» բանկը, «Մելլաթը», «Պրոմեթեյը» և «Յունիբանկը»:

Հիփոթեքային վարկ տրամադրում են նաև խոշոր վարկային կազմակերպությունները՝ «Առաջին հիփոթեքայինը» և «Վաշինգտոն կապիտալը»:

Բանկերը վարկ տրամադրում են տարեկան 15-17 տոկոսով՝ միջինը 5-7 տարի ժամկետով, իսկ բարձր տոկոսադրույքները բացատրում են հիփոթեքային վարկերի նորությամբ (առաջին հիփոթեքային վարկերը Հայաստանում տրամադրվել են 2001 թվականին) և վարկավորման համար նախատեսված գումարների սղությամբ:

Զարգացած շուկաներով երկրներում, ինչպես ԱՄՆ-ում կամ Գերմանիայում, հիփոթեքային վարկը տրամադրվում է 20-30 տարով` 4-8 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

Ամենացածր տոկոսով վարկը Հայաստանում տրամադրում է «ԷյչԷսԲիՍի» բանկը՝ տարեկան 11 տոկոս մինչև 7 տարվա մարման ժամկետով, իսկ ամենաբարձրը` «Առէքսիմբանկը»` 24 տոկոս 1,5 տարվա մարման ժամկետով:

Ինչպես երկրների մեծ մասում, Հայաստանում ևս հիփոթեքային վարկի հաճախորդները պետք է բավարարեն մի շարք պահանջներ, մասնավորապես՝ պետք է աշխատանք և ապահովագրություն ունենան: Սակայն որոշ հայաստանյան բանկեր պահանջում են նաև անձնագիր, տեղեկանք բնակության ու աշխատանքի վայրից, եկամուտների հաստատման և այլ տեղեկանքներ, ինչպես նաև տեղեկանք հոգեկան առողջության մասին:

Բանկերի մեծ մասը մայրաքաղաքից դուրս բնակարան ձեռք բերելու համար հիփոթեքային վարկ չի տրամադրում:

Անգամ այս պայմաններում բանկիրները պնդում են, որ հիփոթեքային վարկային շուկան Հայաստանում հետզհետե զարգանում է: Ըստ «ԷյչԷսԲիՍի» բանկի 2004 թ. հաշվետվության՝ այդ տարի բանկը տրամադրել է 4,4 մլն դոլար հիփոթեքային վարկ ավելի քան 140 հաճախորդների, ինչը մոտ 6 անգամ գերազանցում է 2003-ին այդ նպատակով տրամադրած գումարը:

Այդուհանդերձ, բանկերի բարձր տոկոսադրույքների պատճառով բնակարան գնողները խուսափում են բանկերի հետ գործ ունենալուց և դիմում են ավանդական մեթոդներին` ցածր կամ առանց տոկոսի գումար վերցնելով ազգականներից կամ բնակարան վաճառողի հետ անձամբ կնքելով ցածր տոկոսադրույքով պայմանագիր:

ԱրմենիաՆաուի էջերում