Գազը թանկացավ. ինչպես սպասվում է, ռուսական գազի գնի բարձրացումը կհարվածի սպառողներին ու արտադրողներինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի պատասխան Հայաստան բնական գազ ներկրող միակ ՝ «Հայռուսգազարդ» ընկերության հայտի, մարտի 10-ին սահմանեց բնական գազի նոր սակագներ կենցաղային և արդյունաբերական սպառողների համար: Ապրիլի 10-ից կենցաղային սպառողների համար գազի սակագինը կաճի 52,5, իսկ արդյունաբերական սպառողների համար՝ 85,2 տոկոսով: Գազի միջին գինը Հայաստանում կլինի 162,95 դոլար 1000 խմ համար, ինչն աննշան էժան է «Հայռուսգազարդի» պահանջած 168,40 դոլարից: Ամսական մինչև 10000 խմ սպառողների համար (հիմնականում դա բնակչությունն է) 1 խմ գինը սահմանվել է 90 դրամ՝ ներկայիս 59-ի փոխարեն: 10000 խմ-ից ավելի սպառողները (դրանք, հիմնականում, արդյունաբերական ձեռնարկություններն են) 1000 խմ համար կվճարեն 146,51 դոլար (կամ 1 խմ համար 61,5 դրամ)՝ ներկայիս 79,20 դոլարի փոխարեն: Հաշվարկները կհիմնվեն վճարման ամսվան նախորդած ամսվա ԱՄՆ դոլարի փոխարժեքի վրա: Մասնագետների հավաստմամբ՝ գազի սակագնի բարձրացումը նաև 15 տոկոսով կբարձրացնի էլեկտրաէներգիայի մանրածախ գինը: Ներկայումս 1 կվտ/ժամի գինը կենցաղային սպառողների համար 25 դրամ է: «Հայռուսգազարդի» ներկայացուցիչները սակագների բարձրացումը բացատրում են Հայաստան մատակարարվող ռուսական գազի թանկացմամբ (56-ից 110 դոլար 1000 խմ համար) և ընկերության շահագործման ծախսերի ավելացմամբ: «Հայռուսգազարդի» հիմնական բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, որոնց պատկանում է ընկերության բաժնետոմսերի 45-ական տոկոսը, իսկ 10 տոկոսի տերը ԱՊՀ տարածքում բնական գազի խոշորագույն անկախ արտադրող ու վաճառող «Իտեռա գրուպ» միջազգային ընկերությունն է: «Հայռուսգազարդը» Հայաստան գազ է ներմուծում Վրաստանի տարածքով: 2005 թվականին այն ներմուծել է 1,685 մլրդ խմ գազ: «Հաշվի առնելով, որ տարվա ընթացքում Հայաստանի բնակչության սպառած գազի կեսն ընկնում է առաջին եռամսյակին, սա արդեն լավ արդյունք է»,- ասաց «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը՝ նկատի ունենալով Հայաստանի համար ռուսական գազի թանկացման հետաձգումը մինչև ապրիլի 1-ը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության բաժնի պետ Արմեն Արշակյանը նշեց, որ գազի գինը հաշվարկվել է 1 դոլարը 420 դրամ փոխարժեքով (2006 թ. պետբյուջեում սահմանված փոխարժեքով): Նրա հավաստմամբ՝ ընկերությունը խնդրել էր հանձնաժողովից կենցաղային սպառողների համար 1 խմ համար սահմանել 108 դրամ (24 սենթ) ներկայիս 59 դրամի (13 սենթ) փոխարեն, իսկ արդյունաբերական սպառողների համար՝ 1000 խմ համար 145 դոլար՝ ներկայիս 79,10 դոլարի փոխարեն: «Սակայն հանձնաժողովը համարեց, որ ընկերության ներկայացրած մի շարք ծախսեր չափազանցված էին»,- ասաց նա: Իսկ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը պնդում է, որ հանձնաժողովը կարող էր ավելի ցածր սակագին սահմանել, քանի որ, նրա հավաստմամբ, ներկա գինը ուժեղ կհարվածի հասարակությանը: «Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի փոխշահավետ գինը կարող էր լինել 70-80 դոլար, և իշխանությունները պետք է պնդեին այդ գինը «Գազպրոմի» հետ բանակցություններում: Որքան էլ ռուսական կողմը փորձի համոզել բոլորին, թե սա պարզապես առևտուր է, ոչ ոք չի հավատա դրան. սա քաղաքական հարց է»,- ասում է նա: Աղաջանովը պնդում է, որ սխալ է բնակչության համար սակագինը սահմանել դրամով, իսկ արդյունաբերության համար դոլարով՝ շուկայական փոխարժեքից ցածր ֆիքսված փոխարժեքով: «Դա, միևնույն է, նշանակում է, որ բնակչությունն է կրելու թանկացման բեռը՝ 1000 խմ համար վճարելով 90000 դրամ կամ 200 դոլար»,- ասում է նա: Աղաջանովի կարծիքով՝ ավելի իրատեսական սակագին կլիներ 1 խմ համար 70 դրամը, ինչին հնարավոր էր հասնել ընկերության կառավարման բարելավման և արդյունավետության բարձրացման շնորհիվ: «2005 թվականին «Հայռուսգազարդը» արձանագրել է 5,37 տոկոս գազի տեխնիկական կորուստ, ինչը հավասար է 85 մլն խմ գազի կամ անցյալ տարի բնակչության սպառած գազի մոտ մեկ քառորդին»: Տնտեսագետի համոզմամբ՝ գազի սակագնի բարձրացումը անխուսափելիորեն կխթանի սղաճը: «Գազի սակագների այս բարձրացումը կհանգեցնի գների բարձրացմանը գրեթե բոլոր ոլորտներում: Հայաստանում գազը էլեկտրաէներգիայի, բենզինի և ցորենի հետ այն ապրանքն է, որը ձևավորում է մյուս ապրանքների ու ծառայությունների գինը: Գազն օգտագործվում է ամենուր՝ հաց թխելուց ու պահածո սարքելուց մինչև կաուչուկի արտադրություն «Նաիրիտում»: Հասարակության մեջ շատերն են ասում, որ թանկացումն ուժեղ հարված կլինի իրենց գրպաններին: Երևանի 49-ամյա բնակիչ Գոհար Ավագյանն ասում է. «Անցյալ ամիս գազի համար վճարել եմ 6600 դրամ: Ամռանը դեռ ոչինչ, բայց ձմռանը տունը գազով ենք տաքացնում»: Նրա ամուսինը՝ 55-ամյա Մանուչար Հակոբյանը, ավելացնում է. «Նախ կթանկացնեն գազի գները, հետո՝ էլեկտրաէներգիայի: Վերջում մեր աշխատած ամբողջ փողը կտանք կոմունալ վարձերին ու ուտելիքին»: «Հայռուսգազարդի» փոխտնօրեն Աշոտ Հովսեփյանն ասում է, որ ընկերությունը երջանիկ չէ հանձնաժողովի սահմանած գներից, սակայն ընդունում է դրանք՝ հաշվի առնելով այն սոցիալ-տնտեսական հետևանքները, որ ավելի բարձր սակագները կարող էին առաջացնել: Միաժամանակ նա ասում է, որ սակագնի բարձրացումը կարող է հանգեցնել գազի սպառման կրճատմանը և անդրադառնալ ընկերության շահույթի վրա: «Հայռուսգազարդը» հայտարարում է, որ շարունակում է բանակցել ռուսական ընկերության հետ գազի առաքման, մասնավորապես՝ հնարավոր փոխհատուցման մեխանիզմների շուրջ: «Եթե այդ բանակցությունների արդյունքում Ռուսաստանից առաքվող գազի գինը 1000 խմ համար 110 դոլարից ցածր սահմանվի, ապա մենք նորից կդիմենք հանձնաժողովին՝ բնակչության համար սակագները վերանայելու խնդրանքով»,- ասաց Հովսեփյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.