Գյումրիի նոր հույսը. Հայաստանի կառավարությունը փորձում է նոր գիտական կենտրոնի միջոցով վերականգնել քաղաքի սասանված համբավը

Սարգսյան. աշխատում է դոմիկում, երազում տեխնոպարկի մասին
Ո'չ երկրաշարժը, ո'չ էլ «դոմիկային» պայմանները ի զորու չէին խոչընդոտելու հետազոտությունները
Ամեն առավոտ Ռոբերտ Սարգսյանն իր 9 գործընկերների հետ շտապում է ժամանակավոր կացարանում հանգրվանած իր աշխատավայրը` իրականացնելու գիտափորձեր և նախագծելու սեյսմիկ բարդ սարքեր, որոնք խորհրդային տարիներին հայտնի էին ամբողջ Միությունում:

71-ամյա Սարգսյանը Գյումրիի հատուկ փորձարարական-կոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտի տնօրենն է, որը 1988 թ. երկրաշարժից հետո ծավալում է իր գործունեությունը փայտի վառարանով տաքացվող ժամանակավոր տնակներում:

Եթե երկրաշարժը վնասեց ինստիտուտի շենքն ու սարքավորումները, ապա Խորհրդային Միության փլուզման հետևանքով այն կորցրեց իր համբավն ու պատվերները:

«Մեր մասնագիտությունն արդեն մեր արյան մեջ է, և անգամ այս դժվար տարիներին չենք թալանել կամ վաճառել ինստիտուտին պատկանող գույքը, այլ փորձել ենք գոյատևել` շարունակելով իրականացնել մեր մտահղացումները»,- ասում է Սարգսյանը, որը սեյսմիկ սարքավորումների կոնստրուկտորի 50 տարվա աշխատանքային փորձ ունի:

Սարգսյանը հավաստիացնում է, որ երկրաշարժից հետո Գյումրիի տասնյակ նման գիտաարտադրական օջախներից պահպանվել են ընդամենը մի քանիսը, որոնք փորձում են գոյատևել «վաղվա հույսով»:

Այդ վաղը կարող է գալ մի քանի տարուց՝ Գյումրիում տեխնոպարկ կառուցելու կառավարության որոշման իրականացմամբ:

Այս ամսվա սկզբին Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած այս ծրագրի նպատակն է վերականգնել քաղաքի նախկին արտադրական և տեխնոլոգիական ներուժը և աշխատանքով ապահովել Շիրակի մարզի բարձր որակավորում ունեցող մասնագետներին:

«Գյումրիում տեխնոպարկի ստեղծման ծրագիրը կարևոր է մի քանի առումներով` սոցիալական, զբաղվածության, տեղի գիտական պոտենցիալի օգտագործման, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի զարգացման առումով»,- «ԱրմենիաՆաուի» թղթակցին ասաց Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գևորգյանը:

Սա կդառնա Հայաստանի երկրորդ տեխնոպարկը` երևանյան «ՎիաՍֆեր տեխնոպարկից» հետո, որը ստեղծվել է վեց տարի առաջ և այս պահին ընդգրկում է 12 ընկերություն` միկրոէլեկտրոնիկայի, վակուումային տեխնոլոգիաների, բնական էներգիայի շահագործման և այլ ոլորտներում:

Սակայն, ի տարբերություն երևանյան տեխնոպարկի, որը ստեղծվել է հիմնականում ԱՄՆ և եվրոպական երկրների ընկերությունների ջանքերով, Գյումրիի տեխնոպարկի ստեղծման ջատագովը Հայաստանի կառավարությունն է:

«Տեխնոպարկ ստեղծելը թանկ հաճույք է, սակայն այս նպատակով կառավարությունը պատրաստ է և’ ֆինանսապես, և’ կազմակերպչական առումով հնարավորինս աջակցել»,- ասում է փոխնախարարը՝ միաժամանակ կոչ անելով տեղական իշխանություններին ու գիտնականներին ակտիվորեն մասնակցելու ծրագրին:

Մինչև 1988 թ. Գյումրիում գործում էին 38 ձեռնարկություն ու գիտահետազոտական ինստիտուտ, որոնք տալիս էին տարբեր արտադրատեսակներ` հաստոցներ ու սարքավորումներ, կահույք, շինանյութ ու սննդամթերք: Սա կազմում էր Խորհրդային Հայաստանի արտադրանքի շուրջ 7 տոկոսը, իսկ այս ձեռնարկություններում աշխատում էր մոտ 21 հազար մարդ:

Այսօր պաշտոնական տվյալներով Գյումրիում գործող 48 փոքր ձեռնարկություններում աշխատում է ընդամենը 780 մարդ:

Փոխնախարարը հույս է հայտնում, որ տեխնոպարկի շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել այն գիտական պոտենցիալը, որն առկա էր Գյումրիում մինչև երկրաշարժ:

Նախատեսվում է նոր տեխնոպարկը հիմնադրել Գյումրիի «Անալիտիկսարք 1» արդյունաբերական ձեռնարկության հիմքի վրա, որի արտադրանքն այսօր էլ օգտագործվում է նավերի ու սուզանավերի վրա:

Ֆինանսավորման աղբյուր կհանդիսանան «Նոր ներդրումներ» ընկերությունը (որի 100% բաժնետոմսերը պատկանում են պետությանը) և մասնավոր ձեռնարկություններ: Տեխնոպարկի սկզբնական փուլի արժեքը 200 հազար դոլար է:

«Նոր ներդրումներ» ընկերության փոխտնօրեն և ծրագրի ղեկավար Գագիկ Կարապետյանի հավաստմամբ՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով տեխնոպարկը կհանդիսանա նաև բիզնես-ինովացիոն կենտրոն, որը փոքր ձեռնարկություններին կտրամադրի հատուկ սարքավորված տարածքներ, ինչպես նաև կմատուցի տեղեկատվական, խորհրդատվական և այլ օգտակար ծառայություններ:

Ծրագրի շահագրգիռ կողմերը հույս են հայտնում, որ տեխնոպարկը պատրաստ կլինի 2008-ին, երբ Գյումրիում կնշվի Շիրակում առնվազն 25000 մարդու կյանք խլած երկրաշարժի 20-րդ տարելիցը: Նրանք հույս ունեն, որ դա կնշանավորի գիտության վերածննդի սկիզբը Գյումրիում:

Դա լավ նորություն է Ռոբերտ Սարգսյանի տեխնոլոգիական ինստիտուտի համար, որտեղ լավագույն տարիներին աշխատում էր 130 մարդ: Խորհրդային տարիներին այն համարվում էր սեյսմիկ սարքաշինության երկրորդ խոշոր կենտրոնը Մոսկվայից հետո: Ինստիտուտի հեղինակությունը հիմնված էր ոչ միայն նրա արտադրած սեյսմիկ սարքավորումների, այլև սուզանավեր հայտնաբերող սարքերի վրա:

Այսօր ինստիտուտն արտադրում է ատոմակայանների և ջրամբարների համար նախատեսված սեյսմիկ պաշտպանության համակարգեր, որոնք կիրառվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ցույց տալով իր գործընկերների հետ ստեղծած սարքերը՝ Սարգսյանն ասում է. «Գյումրին ունի ոչ թե հոդված գրող, այլ արտադրանք տվող գիտական պոտենցիալ: Եվ եթե տեխնոպարկը ստեղծվի, հիանալի կլինի: Մենք դեռ շատ մտահղացումներ ունենք, որոնք մինչև այսօր թղթի վրա են մնացել, սակայն իրոք մրցունակ են»:

ԱրմենիաՆաուի էջերում