Մեկ կոպեկ` մեկ ռուբլու դիմաց. սկսվում է ավանդների փոխհատուցումը` ուշացած ու անհամարժեքՍակայն ավանդատուների ակնկալիքները մեծ չեն: Բյուջեից այս նպատակի համար հատկացվել է 1 միլիարդ դրամ (մոտ 2,2 մլն դոլար), որը կազմում է անհրաժեշտ մոտ 83 մլն դոլարի մեկ քառասուներորդ մասը: Արդեն գրանցվել է մոտ 2500 ավանդատու: Քանի որ հատկացված գումարը փոքր է, առաջին հերթին փոխհատուցում կստանան նրանք, ովքեր արդեն ընդգրկված են կարիքավորների ցուցակում և պետությունից նպաստ են ստանում: Փոխհատուցման է ենթակա շուրջ 110 հազար ավանդատուների մոտ 8,2 միլիարդ խորհրդային ռուբլի գումար: Համաձայն փոխհատուցման կարգի` 1000 խորհրդային ռուբլու դիմաց պետությունը հատկացնում է 84 հազար դրամ (մոտ 190 դոլար); մինչև 3000 ռուբլուն` մոտ 143000 դրամ (մոտ 317 դոլար); մինչև 5000 ռուբլուն` 176400 դրամ (մոտ 390 դոլար); մինչև 10000 ռուբլուն` 216400 դրամ (մոտ 480 դոլար): 10000 ռուբլին գերազանցող գումարների համար գործւմ է հետևյալ բանաձևը. 10000-ը գերազանցող գումարը բազմապատկվում է 4-ով, փոխարկվում նույն գումարի դրամի և գումարվում 216400 դրամին: Առայժմ պարզ չէ, թե Հայաստանում առկա 110 հազար ավանդատուներից քանիսը կկանգնի հաշվառման, սակայն փաստ է, որ ներկայիս աղքատները աղքատ չեն ծնվել: Նրանց ներկայացրած ավանդների չափն ու գրքույկների քանակն այսօր արդեն վկայում է, որ մեկ միլիարդ դրամը չի բավարարի նույնիսկ միայն նպաստառուների ավանդների փոխհատուցմանը: Իսկ այս երկուշաբթի Գյումրիում հայտնվեց մի նպաստառու, որի գրքույկի հաշվին կար ավելի քան մեկ միլիոն խորհրդային ռուբլի: Նրա մասին լուրը տարածվեց ողջ հանրապետությունով, երբ գրասենյակի համակարգչի ծրագիրը խափանվեց, քանի որ ծրագրված չէր յոթանիշ թվի համար: Նպաստառուի սառեցված միլիոնի փոխհատուցումը կազմում է 4 մլն 176 հազար դրամ (մոտ 9300 դոլար): Բանկային այս խամրած գրքույկները ներկա կարիքավորներից շատերի միակ ապացույցն են, որ ժամանակին նրանք ի վիճակի են եղել վեցանիշ թվերով գումար կուտակել: «Եղել են դեպքեր, երբ նպաստ ստացող քաղաքացիները ներկայացրել են 100 կամ 150 հազար ռուբլու գրքույկ, և մենք գրանցել ենք: Եթե կեղծիքի կասկածներ են լինում, իհարկե, ստուգում ենք, բայց առայժմ կեղծիք չի եղել»,- ասում է Երևանի Կենտրոն համայնքի սոցիալական ծառայության գլխավոր մասնագետ Հայարփի Միսակյանը` ավելացնելով, որ ոմանք մինչև 20 տարբեր գրքույկ են ներկայացնում: Ըստ Միսակյանի` Կենտրոն համայնքի սոցգործակալությունն ապրիլի 12-ից արդեն գրանցել է 600 քաղաքացի, որոնք ներկայացրել են մոտ 4000 գրքույկ: «Միջին հաշվով յուրաքանչյուրը ներկայացնում է հինգից յոթ անվանական գրքույկ»,- ասում է նա: 80-ամյա Արշալույս Գաբրիելյանը, որն այս շաբաթ մահացած ամուսնու գրքույկով ներկայացավ սոցիալական գործակալություն, իմացավ, որ գրքույկի 8000 ռուբլուց նրան կփոխհատուցեն գումարի միայն 50 տոկոսը` որպես գրքույկի տիրոջ կնոջ: Սակայն 13 տարվա սպասումից հետո այդ լուրը նրան չտխրեցրեց: «Այս գումարն ամուսնուս հետ հավաքում էինք մեր թաղման համար, քանի որ այս աշխարհում ուրիշ մարդ չունենք,- ասաց նա: - Ամուսինս արդեն 12 տարի է մահացել է: Հիմա մի թաղման փող էլ չեն տա, բայց գոնե մի հեռուստացույցի գումար տան, որ մենակությունից չգժվեմ չորս պատի մեջ: Բայց վախում եմ` էնքան ձգձգեն էտ փող տալը, վայթեմ չապրեմ էտքան»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.