Վիրտուալ ապագա՞. ՏՏ ցուցահանդեսը հուսով է զարկ տալ Հայաստանի կիբեռնետիկական ռեսուրսների օգտագործմանըԵրկրորդ ամենամյա ցուցահանդեսին կմասնակցեն 46 ընկերություններ: Միջոցառման նպատակը ՏՏ ընկերությունների և սպառողների միջև գործարար կապերի ստեղծումն է: Մասնակիցների թվում է վերջերս Երևանում իր ներկայացուցչությունը բացած հանրահայտ «Մայքրոսոֆթ» ընկերությունը, որը լայն գործունեություն է ծավալել օնլայն ցանցերի, ֆինանսաբանկային համակարգերի, հեռահաղորդակցության և այլ բնագավառներում: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է նաև ճապոնական «Միցուբիշի» հանրաճանաչ ընկերությունը: «Դիջիտեք 2006»-ի (www.digitec.am) կազմակերպիչներն են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» (ՏՏՁՄ) (www.uite.org ) և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» (www.eif-it.com ): Ցուցահանդեսն անցկացվելու է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանու ներքո, ում որոշման համաձայն այս տարվա սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը Հայաստանում հայտարարված է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս»: Վերջին մի քանի տարվա ընթացքում կառավարությունը և գործարարները ձեռնամուխ են եղել ոլորտի զարգացմանը Հայաստանում` անվանելով այն հիմնական ռեսուրս` արտահանվող բնական ռեսուրսներով աղքատ երկրում: Այսօր հանրապետությունում ՏՏ ոլորտում գործում է մոտ 130 ընկերություն` շուրջ 5000 մասնագետներով: ՏՏ մասնագիտությունը հանրապետության ամենաբարձր վարձատրվողներից է` տարեկան մինչև 7200 դոլարի հասնող աշխատավարձով: Հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի մոտ 80 %-ն արտահանվում է աշխարհի ավելի քան 20 երկրներ, որի 68 %-ն առաքվում է ԱՄՆ և Կանադա, 16 %-ը` Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ, իսկ 10 %-ը` եվրոպական երկրներ: Ըստ վիճակագրական տվյալների` եթե Հայաստանը ՏՏ ոլորտում իր ունեցած գիտական ներդրումներով գտնվում է առաջատար դիրքերում, ապա նույն ոլորտի արտադրանքի կիրառման առումով վերջին շարքերում է: «Մեր նպատակն է նման ցուցահանդեսների միջոցով զարգացնել ՏՏ արտադրանքի կիրառումը Հայաստանում, որպեսզի հայ գործարարը օգտվի ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններից ի շահ սեփական բիզնեսի բարգավաճման»,- ասում է ՏՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: ՏՏ ոլորտում 2005 թվականին շուրջ 5 %-ով աճել է աշխատատեղերի քանակը, արտադրության ծավալը գնահատվել է շուրջ 55-60 մլն դոլար: Նույն թվականին համախառն ներքին արդյունքում ՏՏ մասնաբաժինը կազմել է շուրջ 1,7 %, իսկ օտարերկրյա ներդրումների ծավալը գերազանցել է 10 միլիոն դոլարը (ՏՏ ոլորտի ընկերությունների մոտ 30 տոկոսն արտասահմանյան է): «Այսօր ՏՏ ասպարեզում նկատվում է երկխոսություն Հայաստանի կառավարության և բիզնես ընկերությունների միջև, որը միայն կօգնի ոլորտի արագ զարգացմանը,- ասում է Վարդանյանը: - ՏՏ ընկերություններին արտոնություններ պետք չեն, պարզապես օտարերկրյա ներդրումների համար առավել նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով պետք է վերացնել մաքսային և հարկային օրենքների հետ կապված մի շարք խոչընդոտներ»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.