Դեպի պետականություն. ԼՂՀ-ում կանցկացվի առաջին սահմանադրության հանրաքվե15 տարի է անցել այն օրվանից, երբ կազմվեց ինքնահռչակ հանրապետությունը` դուրս բերելով մոտ 150000 հայ բնակչություն ունեցող անկլավը Ադրբեջանի կազմից: Հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են 16-ամյա հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: 1994 թվականին հաստատվել է հրադադար, սակայն խաղաղ բանակցությունների դանդաղ առաջընթացի պատճառով Բաքվից լսվում են ռազմատենչ կոչեր, իսկ Հայաստանը, ոչ պաշտոնական տվյալներով, վերաբնակեցնում է ԼՂՀ-ը: «Քաղաքական իրավիճակը թելադրում է ԼՂՀ Սահմանադրության ընդունման հրամայական անհրաժեշտությունը,- իր համոզմունքն է հայտնում «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը: - Մեր կարծիքով` ԼՂՀ Սահմանադրությունը բացառիկ կարևոր նշանակություն պետք է ունենա և արտաքին քաղաքականության հայեցակարգի ու սկզբունքների ճշտման, և ներքին քաղաքականության արմատական բարեփոխման առումով»: Հայրենասեր հայերի, հատկապես` ղարաբաղցիների համար, սահմանադրության ընդունումը դարավոր երազանքի իրականացման գրավականն է: Սակայն եթե փաստաթղթի անհրաժեշտությունն ընդունում են բոլորը, առաջարկված տարբերակի գնահատականները տարբեր են: Այստեղ` մայրաքաղաքում, իշխանություններն այն համարում են լավագույն տարբերակ, փորձագետների կարծիքով` այն լրամշակման կարիք ունի, իսկ շարքային քաղաքացիները դժգոհում են, որ չեն գտնում իրենց հարցերի պատասխանները: Այդուհանդերձ, ԼՂՀ գլխավոր իրավական փաստաթուղթը փորձագիտական վերլուծության են ենթարկել ՀՀ և միջազգային փորձագետներն ու հավանություն տվել: «Միջազգային հանրությունը կարող է գնահատել այս սահմանադրությունը որպես մարդու իրավունքները լավագույնս դրսևորող փաստաթուղթ»,- նշում է ԼՂՀ սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը: «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպության համակարգող Կարեն Օհանջանյանը կարծում է, որ սահմանադրության ընդունումը կնպաստի նաև պետության իմիջի ձևավորմանը: «Գոյություն ունեն զարգացած ժողովրդավարական երկրներ, որոնք շատ հանգիստ ապրում են առանց սահմանադրության: Սակայն ԼՂՀ համար, որը չճանաչված երկիր է, սահմանադրության ընդունումը կարող է մեկ անգամ ևս վերահաստատել երկրի ժողովրդավարական ուղղվածությունն ու մեր նպատակները: Դա, անտարակույս, կնպաստի, որ առաջադեմ մարդկությունն առավել համակրանքով վերաբերվի մեզ»,- ասում է Օհանջանյանը, որը նաև «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահն է: 12 գլխից բաղկացած սահմանադրության նախագծի համար հիմք է ծառայել ՀՀ Սահմանադրությունը: Սակայն ինչպես նշում են նախագծի հեղինակները, ԼՂՀ Սահմանադրությունն ունի շատ էական առանձնահատկություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են պետության կառավարմանը. մասնավորապես, ՀՀ Սահմանադրության համեմատությամբ` նախագահի լիազորություններն ավելի սահմանափակ են: Համաձայն նախագծի` հանրապետության գլխավոր դատախազին նշանակում է ոչ թե նախագահը, այլ Ազգային ժողովը: Վարչապետի թեկնածու թեև առաջադրում է նախագահը, բայց ընտրության որոշում կրկին կայացնում է Ազգային ժողովը: «Մեր գնահատմամբ` Սահմանադրության նախագիծը տարանջատում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները` միաժամանակ ամրագրելով իշխանության 3 թևերի միջև զսպման և հավասարակշռման մեխանիզմները,- նշում է Արցախի ժողովրդավարական կուսակցության «Ժողովրդավարություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը: - Թեև կուզենայինք, որ հիշյալ մեխանիզմները խորհրդարանական քննարկման փուլում ավելի հստակեցվեին: Մասնավորապես, խոսքս վերաբերում է կառավարության ձևավորման սահմանադրական մեխանիզմներին և խորհրդարանի կողմից կառավարության գործունեության վերահսկողությանը»: Բացի կառավարման սկզբունքային մոտեցումներից, դրական է գնահատվում նաև մարդու իրավունքների ու ազատությունների համապարփակ ընդգրկումը, թեև այստեղ իրավունքների հարցը դիտարկվում է անկայուն խաղաղության և պատերազմի վտանգի տեսանկյունից: «Եթե ռազմական դրության մասին օրենքը սկսում է գործել, ապա մարդու իրավունքների մասին խոսելը ինչ-որ տեղ անիմաստ է դառնում: Իսկ ընդհանրապես, մարդու իրավունքները` ներկայացված ողջ համատեքստով, երաշխավորված են: Այն հիմնականում համապատասխանում է ՀՀ Սահմանադրության դրույթներին»,- բացատրում է ԼՂՀ կոմունիստական կուսակցության ղեկավար Հրանտ Մելքումյանը: Տեղի փորձագետները, սակայն, պնդում են, որ նախագիծը կազմված է հապճեպ, ինչի հետևանքով որոշ կարևոր դրույթներ ամրագրված չեն կամ թերի են: ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը մտահոգություն է հայտնում, որ նախագծից դուրս է մնացել ամենակարևոր դրույթներից մեկը, որը վերաբերում է «ազատագրված տարածքների» իրավական ամրագրմանը: «Այսօր որոշակի տարածքներ իրավականորեն գտնվում են Ղարաբաղից դուրս: Ուստի մենք առաջարկել ենք ԱԺ խումբ-խմբակցություններով միանալ և մեկ իրավական ակտ կազմել,- ասում է Մոսիյանը: - Չնայած մեր երկրի բնակչության մի մասն ազատագրված տարածքներում է ապրում, բայց այդ տարածքները, փաստորեն, իրավական ոչ մի հիմք չունեն: Շատ ենք խոսում, որ վերաբնակեցումը դանդաղ է ընթանում, գուցե պատճառը հենց դա՞ է: Մարդն ապրում է այդ տարածքում և չգիտի` այն իրավականորեն Ղարաբաղի՞ն է պատկանում, թե՞ ոչ»: Սակայն Մելքումյանն ավելի իրատեսորեն է մոտենում այս հարցին և ասում. «Այսօր` աշխարհաքաղաքական այս պայմաններում, ամրագրել սահմանները, իմ կարծիքով, անիմաստ է»: Շարքային արցախցուն այսօր հետաքրքրում է մի հարց. ի՞նչ կփոխի սահմանադրությունն իր կյանքում: «Մեր կյանքն այսօր ուղղակիորեն կապված է մեր կարգավիճակի հետ,- ասում է 35-ամյա արցախցի Նաիրա Հայրումյանը, որը ներկայացնում է «Բաց հասարակության ինստիտուտ» և «Ստեփանակերտի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունները: - Իսկ սահմանադրությունն այդպես էլ պատասխան չի տալիս այն հարցերին, թե արդյո՞ք մենք անկախ ենք կամ գուցե Հայաստանի մաս ենք կազմում, կամ ընդհանրապես կարգավիճակ ունե՞նք: Սահմանադրությունը պատասխան չի տալիս նաև քաղաքացիությանն ու սահմաններին վերաբերող հարցերին»: Վերոհիշյալ ՀԿ-ների նախաձեռնությամբ անկախ փորձագիտական հարցում է անցկացվել` պարզելու համար, թե սահմանադրության նախագիծը որքանով է ծառայում երկրի զարգացմանն ու ժողովրդավարական բարեփոխումների արմատավորմանը: 12 հարցվածներից 5-ը պատասխանել է, որ նախագիծը չի կարող լինել վերոնշյալ նպատակների իրականացման գրավական: Փորձագետների կարծիքով` պետք է հստակեցնել իշխանության թևերի տարանջատումը, քաղաքացիությանը, սեփականության իրավունքին և փախստականներին առնչվող հարցերը, ամրագրել պետության փաստացի սահմանները:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.