Կարմիր հիշատակ. բոլշևիկյան հեղափոխության տարեդարձը կարոտախտ է առաջ բերում նվիրված կոմունիստների սրտերում89 տարի առաջ այս օրը` նոյեմբերի 7-ին (հին տոմարով` հոկտեմբերի 25-ին), Վլադիմիր Լենինի գլխավորությամբ պատմության մեջ տեղի ունեցավ առաջին սոցիալիստական հեղափոխությունը, որի արդյունքում կործանվեց ցարական Ռուսաստանը և ստեղծվեց Խորհրդային Միությունը: 70 տարի Հայաստանում իշխած կուսակցության շարքերը թեև այսօր բավականին նոսրացել են, սակայն մոտ 18 հազարանոց կուսակցության անդամները (հիմնականում` տարեցներ) հավատով սպասում են անցյալի վերադարձին: «Այն ժամանակ ունեինք անվճար կրթություն, առողջապահություն, մարդիկ ապահովված էին աշխատանքով,- ասում էին հավաքի մասնակիցները՝ ծաղիկներ դնելով Մյասնիկյանի և Շահումյանի արձաններին: - Սոցիալիստական գաղափարախոսությունը և կոմունիզմը մարդկանց իրական ազատություն էին պարգևում»: Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը շնորհավորեց հայ ժողովրդին և մաղթեց նորանոր հաջողություններ «միայն սոցիալիստական գաղափարախոսության պայմաններում»: «Նախկին Խորհրդային Հայաստանը մեր աչքի առջև բզկտվում է, թալանվում: Հիմա, երբ չկա Հոկտեմբերի գաղափարը, իշխանությունները կարծում են, թե իրենց առաքելությունը ժողովրդին թալանելն և իր երկրից քշելն է»,- ասաց Թովմասյանը: Նրա համոզմամբ` ԽՍՀՄ փլուզման պատճառը ոչ թե հակակոմունիստական ապստամբությունն էր կամ ժողովրդի դժգոհությունը, այլ կուսակցության ղեկավարությունում տեղ գտած դավաճանությունը: Կուսակցության սակավաթիվ երիտասարդ անդամներից մեկը` ՀԿԿ երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի երկրորդ քարտուղար Հովհաննես Մանուկյանը, 17 տարեկանում սեփական համոզմունքներից ելնելով է դարձել կոմունիստ: Նա վստահ չէ, որ կոմունիստները երբևէ կկարողանան նորից իշխանության գալ, բայց կարծում է, որ Հայաստանում ինչ-որ բան, այնուամենայնիվ, կփոխվի: «Կարելի է ժողովրդին հիմարացնել 5 տարի, 10 տարի, բայց ստի վրա հիմնված պետությունը երկար չի գոյատևի, ինչ-որ բան հաստատ կփոխվի»,- ասում է նա:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.