Կոռուպցիան և նրա բուժումը. հարմա՞ր է արդյոք Հայաստանին «սինգապուրյան ֆենոմենը»

Ազգային ժողովի ներկա նստաշրջանում քննարկման է դրված մի օրինագիծ, որը նախատեսում է 40 տոկոսով բարձրացնել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը: Առաջարկված բարձրացումը կոռուպցիայի դեմ պայքարի մասն է կազմում:

Պետական պաշտոնյաների «պաշտոնական» աշխատավարձերը տպավորիչ չեն: Օրինակ` հանրապետության նախագահի ամսական աշխատավարձը 400 հազար դրամ է` 1000 դոլարից մի քիչ ավելի: Վարչապետի, ԱԺ խոսնակի, Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձերն էլ ավելի համեստ են` 310 հազար դրամ` մոտ 835 դոլար: Մարզպետների ամսական աշխատավարձերը մոտ 610 դոլար են:

Համեմատության համար նշենք, որ Վրաստանի նախագահը ստանում է ամսական 2400, Ռուսաստանի նախագահը` 6200, իսկ Ուկրաինայի նախագահը` 6500 դոլար:

Վերջերս հանդես գալով խորհրդարանում` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը (որի պաշտոնական աշխատավարձը 300 հազար դրամ է (815 դոլար) որպես օրինակ բերեց Սինգապուրը (որի բնակչությունը 4,4 միլիոն է)` նշելով, որ այդ երկրի վարչապետ Լի Սյան Լունի տարեկան աշխատավարձը 50 հազար դոլար է:

Քաղաքագետ Գարեգին Գաբրիելյանը նշում է, որ այն մտայնությունը, թե ավելի բարձր աշխատավարձը հանգեցնում է ավելի քիչ կոռուպցիայի, ենթադրում է, որ հայ պաշտոնյաները չունեն կաշառակերությանը դիմագրավելու համար անհրաժեշտ բարոյական որակներ:

«Կառավարությունն այս նախաձեռնությամբ, փաստորեն, ընդունում է, որ հայ պաշտոնյան հակված չէ հայտարարագրելու իր շահույթը, սիրում է թաքցնել եկամուտները, կաշառք վերցնել, հովանավորել կլանային տնտեսությունը և ժամանակ առ ժամանակ տատանել հիմնական արտադրատեսակների գները»,- ասում է Գաբրիելյանը:

«Ուշագրավ է, որ աշխատավարձը 40 տոկոսով բարձրացնելու խորհրդարանական քննարկումները, փաստորեն, ստվերային տնտեսության մեջ սեփական մասնակցության արձանագրությունն են,- նշում է քաղաքագետը: - Համենայն դեպս, նման բարեփոխման նպատակահարմարությունը պաշտոնապես ներկայացվում է հենց իշխանության բարձրագույն պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Այդ ֆոնի վրա Սինգապուրի վարչապետի բարձր աշխատավարձի մատնանշումը համոզիչ չի թվում»:

Արդարադատության նախարարի օրինակը վերաբերում է մի երկրի, որն ամենակոռուպցված երկրների շարքից անցել է ամենաքիչ կոռուպցված երկրների շարքը: Եվ այդ երկրի զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ հենց իշխանությունների քաղաքական կամքն է եղել երկրի բարգավաճման գրավականը:

Գաբրիելյանը նշում է, որ Սինգապուրի վարչապետին կից ստեղծվել է կոռուպցիայի հետաքննության վարչություն, որը 1966 թվականին հետաքննել է ազգային զարգացման նախարար Տակ Կիա Գանի գործը: Հետաքննության արդյունքում նախարարին հեռացրել են կառավարության կազմից:

«Քանի՞ նման նախադեպ կարող ենք նշել Հայաստանի անկախության 15-ամյա պատմության ընթացքում»,- հարցնում է վերլուծաբանը:

2005 թ. փետրվարին պատասխանելով այն հարցին, թե ինչու աշխատանքից ազատված ոչ մի հայ նախարար քրեական պատասխանատվության չի ենթարկվել, նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Նախարարը նյութական պատասխանատվություն կրող անձ չէ, անձնական ստորագրությամբ չի բաշխում ֆինանսական ու նյութական ռեսուրսները: Նախարարի չարաշահումները դատարանում ապացուցելը դժվար է, քանի որ դրանք միջնորդավորված բնույթ են կրում: Խնդիրն այն է, որ բոլորն ուզում են պետական գույքի հափշտակողներին ու կաշառակերներին բանտ նստեցնել, բայց շատ քչերն են պատրաստ, որ դա կատարվի իրենց վկայության հիման վրա: Նման դեպքերում դատավարությունը հաճախ դառնում է անհեռանկարային»:

Իսկ 1975 թվականին Սինգապուրի բնապահպանության նախարար Վի Տուն Բունը ենթարկվեց քրեական պատասխանատվության: Շինարարության համար հողահատկացմանն աջակցելու համար նա ստացել էր երկու բանկային փոխանցում` յուրաքանչյուրը 300 հազար դոլար: Հետաքննությունից հետո նրան դատապարտեցին 4,5 տարվա ազատազրկման և խոշոր դրամական տուգանքի:

«Այս առնչությամբ ծագում է նոր հարց. հողահատկացում արած հայ բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞վ է քրեական պատասխանատվության ենթարկվել,- հարցնում է Գաբրիելյանը: - Կարելի է բերել այլ օրինակներ. Սինգապուրի ազգային զարգացման նախարար Տե Չինգ Վանը երկու անգամ կաշառք էր ստացել` յուրաքանչյուրը 1 միլիոն դոլար, բնակելի շենքերի համար հողահատկացում անելու համար: Մինչև հետաքննության վերջին պահն այդ պաշտոնյան իրեն մեղավոր չէր ճանաչում, իսկ երբ հայտարարվեց դատի օրը, ինքնասպան եղավ»:

Այսօրվա Սինգապուրի սերմերը ցանվել են հենց այսպիսի անզիջում պայքարի հողում:

«Ավաղ, սինգապուրյան փորձի ողջ ներկապնակից Հայաստանի իշխանություններն ընտրել են միայն բարձր աշխատավարձերը և փորձում են այդ առանձին վերցված մեկ գործոնով բնակչությանը ներկայացնել «սինգապուրյան ֆենոմենը»,- ասում է Գաբրիելյանը:

Եթե Հայաստանը հետևելու է Սինգապուրի օրինակին, ապա Ազգային ժողովը պետք է ականջ դնի այդ կոռուպցիայի հետաքննության վարչության տնօրեն Սո Կի Հինի հետևյալ խոսքերին. «Կարծում եմ, որ կարող է լինել միայն մեկ բաղադրատոմս. անհրաժեշտ է ենթարկվել օրենքներին, և դրանք պարտադիր դարձնել բոլորի համար: Կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի կարելի անել առանց ուժեղ քաղաքական կամքի: Մարդիկ պետք է հավատ ունենան, որ երկրի ղեկավարները զերծ են կոռուպցիայից և ազնիվ են: Եթե նախագահը կամ վարչապետը գողանում են, ապա ազգային մասշտաբով կոռուպցիայի դեմ պայքարելն անիմաստ է»:

ԱրմենիաՆաուի էջերում