H2Օ~ֆ. ջրմուղ ցանցի աղետալի վիճակի պատճառով բնակիչները չգիտեն, թե ինչ են խմումՏուժածները տառապում էին զանազան ստամոքսաղիքային հիվանդություններից, իսկ քաղաքի Բաղրամյան փողոցի առավել ծանր վիճակում հայտնված 31 բնակիչներ հիվանդանոց էին տեղափոխվել դիզենտերիա ախտորոշմամբ: Առողջապահության նախարարության հիգիենայի և համաճարակաբանության պետական տեսչության առաջատար համաճարակաբան Լիանա Թորոսյանի հավաստմամբ` վիճակը բարելավվում է: Հիվանդանոցում մնացել է ընդամենը մեկ հիվանդ, որը, հավանաբար, այս շաբաթ դուրս կգրվի: Ապարանի քաղաքապետարանի պաշտոնյաները շարունակում են կոչ անել բնակիչներին օգտագործելուց առաջ եռացնել ջուրը: Քաղաքապետ Գոռ Աբրահամյանն ասում է, որ վարակման պատճառը ջրամատակարարման հնացած ցանցն է, որի համար պատասխանատվություն է կրում «Երևանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը: «Ընկերությունը պնդում է, որ ջրի վարակման պատճառը կենտրոնական ջեռուցման անցկացման աշխատանքներն են եղել: Բայց խողովակները 40 տարի չեն նորոգվել: Նման համաճարակ եղավ նաև 1997-ին, երբ խմելու և կոյուղաջրերը խառնվեցին, իսկ այն ժամանակ շենքերում կենտրոնական ջեռուցում չկար»,- ասաց քաղաքապետը: «Երևանի ջրմուղ-կոյուղի» ընկերության ներկայացուցիչները համաձայն են, որ հին ջրատար խողովակներն անհրաժեշտ է փոխել, սակայն պնդում են, որ այս միջադեպի պատճառը կենտրոնական ջեռուցման ցանցի խողովակների սխալ տեղադրումն է եղել: «Ներկայումս աշխատանքային խումբը վնասված հատվածում է, և 300 մետր խողովակներ կփոխարինվեն ժամանակակից պոլիէթիլենային խողովակներով»,- ասում է ընկերության ներկայացուցիչ Մալխասյանը: Նրա հավաստմամբ` ընկերությունը մինչև այս ամսվա վերջ հանրությանը կներկայացնի 2007 թվականի աշխատանքների ժամանակացույցը: Հայաստանի ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագրերին կմասնակցեն նաև միջազգային կազմակերպություններ: Համաշխարհային բանկը 240 միլիոն դրամ (600 հազար դոլար) կհատկացնի Արագածոտնի մարզում խողովակները փոխելուն, իսկ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը 320 հազար դոլար կհատկացնեն ջրամբարների և խմելու ջրի համակարգերի նորոգմանը Սյունիքի մարզում: Ապարանում կատարվածը Հայաստանում խմելու ջրի վարակման միակ դեպքը չէ: Երեք տարի առաջ Երևանում տեղի ունեցած նման միջադեպի պատճառով 200 մարդ դիզենտերիայով հիվանդանոց ընկավ: Պաշտոնատար անձինք վարակը բացատրեցին հորդառատ անձրևներով, իսկ տուժածներից ոչ մեկը փոխհատուցում չստացավ: Հայաստանում խմելու ջուրը կուտակվում է ինը ջրամբարներում, իսկ հետո ջրմուղ ցանցով մատակարարվում սպառողներին: Անցյալ տարի ջրի վարձը կրկին բարձրացվեց` 54 դրամից հասնելով 90 դրամի (24 սենթ), իսկ պաշտոնատար անձինք դա բացատրեցին ջրամատակարարման ցանցն արդիականացնելուն ուղղված ներդրումների անհրաժեշտությամբ: Հայաստանն ունի մոտ 1000 կմ ջրմուղ խողովակաշար, և բնակիչներին զանազան վարակներից պաշտպանելու համար ամբողջ ցանցը պետք է արդիականացվի: 50-60 տարի առաջ տեղադրված համակարգը մի քանի տեղերում խաչվում է կոյուղու հետ, և ժանգոտ խողովակներից արտահոսքի հետևանքով վարակի վտանգը շարունակում է բարձր մնալ: Իսկ առայժմ առողջապահության պաշտոնյաները պնդում են, որ խմելու ջրի մաքրությունն ապահովելու միակ ուղին դրա գերքլորացումն է: Պաշտոնապես` Հայաստանում քլորի պարունակությունը խմելու ջրում 0,3 տոկոս է, ինչը կրկնակի ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլատրելի չափանիշներից: Այդուհանդերձ, Երևանում ջուրը հաճախ տհաճ համ և հոտ ունի: Այն ժամանակները, երբ մայրաքաղաքի սառնորակ ու մաքուր ջուրը գովաբանում էին երգերում ու բանաստեղծություններում, վաղուց հիշողություն են դարձել:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.