Որոշում կայացնելու ժամանակը. հուլիսի 19-ին ԼՂՀ-ը նախագահ է ընտրում

Մայիլյանն ու Սահակյանը
Հուլիսի 19-ին նախատեսված Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրություններում այս չճանաչված հանրապետությունում ստեղծվել է շատ խճճված վիճակ: Թեև ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը հուլիսի 3-ին բնութագրեց նախագահական ընտրարշավի վիճակը որպես «իդեալականին մոտ», հիմքեր կան դրանում կասկածելու: Երևանում հուլիսի 3-ին տեղի ունեցած գալիք ընտրությունների քննարկման ժամանակ ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանի դեմարշը վկայում է որոշակի տարաձայնություններ և ընդհանուր թեժ մթնոլորտ: Մելիքյանը հայտարարել է, թե «ԼՂՀ նախագահական ընտրությունների գործընթացի քննարկումը Երևանում միջամտություն է հանրապետության ներքին գործերին», և այդ խոսքերով լքել է կլոր սեղանը:

Կան նաև այլ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ նախընտրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում այնքան էլ «իդեալականին մոտ» չէ: Մասնավորապես, թեև մայիսի 7-ին ԼՂՀ չորս հիմնական կուսակցությունները` Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Արցախի ՀՅԴ կուսակցությունը, «Ազատ հայրենիք» և «Շարժում-88» կուսակցությունները ստորագրեցին համատեղ հայտարարություն այն մասին, որ նախագահական ընտրություններում սատարում են ԼՂՀ անվտանգության ծառայության նախկին ղեկավար Բակո Սահակյանի թեկնածությունը, դրանից ընդամենը մեկ շաբաթ անց «Շարժում-88» կուսակցության խորհրդի անդամները հայտարարեցին, որ կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը լիազորված չէր կուսակցության անունից նման հայտարարություն ստորագրել:

Այսպիսով, ԼՂՀ նախագահի պաշտոնին հավակնում են հինգ թեկնածուներ` Վանյա Ավանեսյանը, Արմեն Աբգարյանը, Մասիս Մայիլյանը, Հրանտ Մելքումյանը և Բակո Սահակյանը: Բոլոր թեկնածուները, բացի ԼՂՀ կոմունիստական կուսակցության ղեկավար Հրանտ Մելքումյանից, առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ: Իսկ այդ ընթացքում գործող նախագահն արդեն կողմնորոշվել է իր հաջորդի ընտրության հարցում: Հուլիսի 3-ին Ղուկասյանն ասել է, որ հանարպետության նախագահի պաշտոնի ամենաարժանի թեկնածու համարում է Բակո Սահակյանին: «Սահակյանն ի վիճակի է իր շուրջը համախմբել ժողովրդին` հանրապետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներին ու մարտահրավերներին դիմագրավելու համար: Նա մեծ ժողովրդականություն է վայելում»: Այդ հայտարարությունը նա արել է ոչ թե Ստեփանակերտում, այլ Երևանում` նախագահի խորհրդականի բողոքի օրը:

Շատերը հակված են բացատրելու Արման Մելիքյանի նման ոչ ադեկվատ վարքը այն փաստով, որ ԼՂՀ-ում և Հայաստանում գործող որոշ հասարակական կազմակերպություններ աջակցում են մեկ այլ նախագահական թեկնածուի` Մասիս Մայիլյանին: Ստեփանակերտում հրատարակվող «Դեմո» թերթի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը պնդում է, որ նախընտրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում այնքան խճճված է, որ «սատանան անգամ ոտքը կկոտրի»: Մյուս կողմից, նրա համար ակնհայտ է, որ եթե Մասիս Մայիլյանը չառաջադրեր իր թեկնածությունը, ապա Ղարաբաղի ժողովուրդը այլընտրանք չէր ունենա, քանի որ մյուս երեք թեկնածուները սատարում են Բակո Սահակյանին:

Մայիլյանը միակ նախագահական թեկնածուն է, որն իր նախընտրական ծրագրում խոսում է Լեռնային Ղարաբաղի հեռանկարների մասին:

Մասնավորապես, նա շեշտում է.

ա) սահմանների հարցի քննարկումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը դե յուրե ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
բ) ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող բոլոր ազատագրված տարածքներն անհրաժեշտ է բնակեցնել:

Որոշ վերլուծաբանների կարծիքով` Մայիլյանի լավ մտածված ծրագիրը նաև նրա գործունեության արգասիքն է: Մասնավորապես, 1992-1993 թթ. նա եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի տեղեկատվության և մամուլի բաժնի առաջատար մասնագետ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ԼՂՀ պատվիրակության անդամ:

Իսկ Ղուկասյանի աջակցությունը վայելող Բակո Սահակյանը սովորաբար խուսափում է տարածքներին վերաբերող հարցերից` ասելով, թե նման հարցերը կարող են սպառնալ Ղարաբաղի անվտանգությանը:

Չնայած Մելիքյանի դեմարշին, Հայաստանում քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, իհարկե, շարունակում են քննարկել նախընտրական գործընթացը Լեռնային Ղարաբաղում: Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար, նախագահի նախկին խորհրդական Արամ Գ. Սարգսյանի կարծիքով` այս գործընթացը քննարկելիս շեշտը պետք է դրվի այն հարցի վրա, թե հակամարտության կարգավորման ինչ քաղաքական և իրավական լուծումներ են առաջարկում նախագահի թեկնածուները:

Ըստ փորձագետ Ալեքսանդր Մանասյանի` ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նախընտրական գործընթացը քննարկելիս ուշադրությունը պետք է կենտրոնացնել ոչ թե թեկնածուների անձի, այլ նրանց առաջարկած ծրագրի վրա:

Քաղաքական վերլուծաբան Լևոն Մելիք-Շահնազարյանն ասում է, որ Ստեփանակերտը պետք է ամեն ինչ անի, որ հանրապետությունում անցկացվող նախագահական ընտրությունները միջազգային հանրության կողմից ընկալվեն որպես նախագահի և ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի ղեկավարի ընտրություններ: Նրա խոսքերով` ով էլ դառնա Լեռնային Ղարաբաղի նախագահ, ընտրություններն այնպես պետք է անցկացնել, որ դրանք օրինական դառնան միջազգային հանրության համար:

Իսկ այդ ընթացքում միջազգային հանրությունը` ի դեմս Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սերբիայի արտաքին գերատեսչության ղեկավար Վուկ Ժերեմիկի վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կայանալիք ընտրությունները չեն կարող նպաստել հակամարտության կարգավորմանը և դժվարացնում են բանակցային գործընթացը: Հուլիսի 4-ին անդրադառնալով այդ հայտարարությանը` ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն ասել է. «Ափսոսանք է առաջացնում, որ ինտեգրման գործընթացների միջոցով պլյուրալիստական ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության իդեալներն ու սկզբունքները պաշտպանելու ու զարգացնելու կոչված կազմակերպության` Եվրախորհրդի ներկայացուցիչները դատապարտում են ընտրությունների անցկացումը Լեռնային Ղարաբաղում»:

Նախընտրական քարոզչությունը ԼՂՀ-ում կշարունակվի մինչև հուլիսի 17-ը:

ԱրմենիաՆաուի էջերում