Թոշակներ երկնքի՞ց. վարչապետը բարձրացնում է թոշակները` չորս ամիս առաջ դա անհնար հայտարարելուց հետոԵրկրի 530.000 կենսաթոշակառուները 2008 թ. հունվարի 1-ից կստանան մոտ 4000 դրամ ($11) ավելի թոշակ, իսկ միջին կենսաթոշակը կհասնի 15-17000 դրամի ($44-50): Նախընտրական այս քայլն առավել գրավիչ դարձավ, երբ վարչապետը հայտարարեց, որ ծրագրում են հասցնել կենսաթոշակներն աղքատության գծին` մոտ 21.800 դրամի ($64): Կես միլիոն նպաստառուների դրվատանքին արժանացած այս բարձրացումը, այդուհանդերձ, քաղաքական երանգ ունի, քանի որ իրականացվում է ընտրություններից հինգ ամիս առաջ, որոնց արդյունքում Սարգսյանը հույս ունի նվաճելու նախագահական աթոռը: Դեռևս գարնանը` խորհրդարանական ընտրությունների շեմին, վարչապետն ինքն էր քննադատում այն կուսակցություններին, որոնք խոստանում էին միջին թոշակը առաջիկա 5 տարիներին հասցնել 30000 դրամի: Մայիսին, երբ Հայ հեղափոխական դաշնակցությունը խոսում էր թոշակները բարձրացնելու մասին, վարչապետը կառավարության նիստի ժամանակ, որը գրեթե ամբողջությամբ ցուցադրվեց «Հայլուրով», հայտարարեց. «Այդ թոշակները, որ խոստանում են, երկնքի՞ց են ընկնելու: Այդ անիրատեսական խոստումները միայն քաղաքական դիվիդենտներ շահելու համար են»: Վարչապետը խնդրեց ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանին ի լուր հայության պարզաբանել, թե ինչու հնարավոր չէ կտրուկ բարձրացնել թոշակները: Չորս ամիս անց անհնարը նախագահի թեկնածուի համար դարձել է հնարավոր: Կենսաթոշակները բարձրացնելու համար բյուջեին անհրաժեշտ է 50-52 միլիարդ դրամ լրացուցիչ գումար, որը, ըստ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի` ձեռք կբերվի «ներքին ռեսուրսների հաշվին»: «Գործատուի և հարկատուի վրա ոչ մի ծանրաբեռնվածություն չի նախատեսվում, այդ գումարները կան, և ծրագիր կա, որ կենսաթոշակը հասնի 21.000 դրամի»,- ասում է Խաչատրյանը: Նախընտրական շրջանում վարչապետի կողմից քննադատված և անիրատեսական խոստումներ տալու մեջ մեղադրված ՀՅԴ-ում խուսափեցին պատասխանել «ԱրմենիաՆաուի» հարցերին: Արմեն Ռուստամյանը միայն ասաց, որ ուրախ են, որ իրենց ծրագիրն իրականանում է: Կառավարության նոր որոշումը հույսերով է լցրել թոշակառուներին, սակայն կյանքի թանկացման օրեցօր ահագնացող միտումը մթագնում է այդ հույսերը: Չնայած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածում առկա «արժանավայել կյանք տարեցներին» արտահայտությանը` նվազագույն սպառողական զամբյուղից երեք անգամ պակաս թոշակները չեն կարող նման կյանք ապահովել: 71-ամյա Հովհաննես Խոջոյանն ամեն օր ոտքով արևի տակ 8 կմ քայլում է, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածից հասնի 7-րդ զանգվածում գտնվող «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բարեգործական ճաշարան` այնտեղ օրը մեկ անգամ տաք ճաշ ուտի և վերադառնա, որ ճաշ հասցնի նաև 95-ամյա մորը: 41 տարի աշխատած ինժեները մոր հետ ապրում է 14.000 դրամ թոշակով ($ 41), որը եթե ամռանը մի կերպ բավականացնում է, ձմռանը հազիվ հերիքում է մեկ սենյակը տաքացնելու հոսանքի վարձին: «Ես մտածում եմ միայն, եթե մեր իշխանությունները գոնե մեկ ամիս ապրեին իրենց տված թոշակով, հետաքրքիր է, ի՞նչ կլինեին,- ասում է Խոջոյանն ու պատասխանում իր հարցին: - Իրենք չէին դիմանա, բայց մեզ ստիպում են դիմանալ: Ամեն ինչ թանկացել է. ամառը վերջանում է, բայց միրգ դեռ չենք կերել»: Վերջին 7 տարվա ընթացքում թոշակները գրեթե կրկնակի ավելացել են, բայց դրան զուգահեռ թանկացել է գրեթե ամեն ինչ` սննդամթերքից մինչև կոմունալ ծախսերը: Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով` միայն հունիս-հուլիս ամիսներին հացամթերքը թանկացել է 7,8 տոկոսով, ալյուրը` 8,2, ձեթը` 10-12 տոկոսով, կարագը` 20-25 տոկոսով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն ասում է, որ գների նման բարձրացումը պետք է լրջորեն հետազոտվի, քանի որ իրականում ներկրվող ապրանքները պետք է էժանանային: «Ուսումնասիրում ենք` տեսնելու համար` արդյոք ներկրվող ապրանքների թանկացումը միջազգային գների բարձրացմա՞ն հետևանք է, թե՞ ինչ-որ այլ պատճառների»,- ասում է Շահնազարյանը: Հայաստանում ապրող մոտ 80.000 միայնակ ծերերի մեծ մասը, բացի թոշակից, այլ եկամուտ չունի և ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` գոյատևելով հիմնականում բարեգործական ճաշարանների շնորհիվ: «Բարձր կենսաթոշակների ապահովումը շատ դժվար է մի երկրում, որտեղ բարձր է գործազրկությունը: Այսօր յուրաքանչյուր թոշակառուին ընկնում է 0,9 աշխատող, մինչդեռ մեկ անձին թոշակ ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն երկու աշխատող»,- ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.