Որոշում կայացնելու դատապարտված. նախագահական ընտրությունները ստիպում են դիրքորոշում արտահայտել ԼՂՀ-ի նկատմամբԱյս տարվա հունվարին հաստատված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ արձանագրված է. «… Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու օգտին` փոխզիջումների հիմքի վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անթերի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է արժանանա նաև ղարաբաղյան կողմի հավանությանը` Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անդառնալիության ամրապնդմանը: Լեռնային Ղարաբաղը պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ: Պետք է ապահովված լինի նաև անվտանգությունը»: Հակառակ հարցի թվացյալ պարզությանն ու ակնհայտությանը` իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ ու հակասական է: Վերամիավորման մասին դեռևս 1989 թ. դեկտեմբերին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Գերագույն խորհրդի ընդունած պատմական որոշումը հակասում է 1991 թ. սեպտեմբերին ԼՂՀ և ՀՀ անկախության հռչակմանը: Այս երեք իրադարձությունների արանքում տեղի է ունեցել մեկ այլ, ոչ պակաս կարևոր իրադարձություն. 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է Անկախության հռչակագիր, որը հիմնված էր այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը անբաժանելի քաղաքական միավոր են: Փաստաթղթի նախաբանը ոչ մի կասկած չի թողնում այս առումով. «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը` հիմնվելով «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի համատեղ որոշման վրա`հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»: Այս պարագայում ծագում է բնական հարց. ո՞րն է այս չորս իրադարձություններից ամենակարևորը: Վերջին օրերին այս հարցի քննարկումը, ինչպես և սպասվում էր, առանձնապես սուր բնույթ ստացավ: «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ, 1988 թ. Ղարաբաղյան շարժման գաղափարախոսներից ու առաջնորդներից մեկը` Իգոր Մուրադյանը, կարծում է, որ նման հակասությունները վկայում են, որ հայաստանյան քաղաքական շրջանակներում ձևավորվել է կարևորագույն պետական որոշումներն անտեսելու նախադեպ: Ավելին, նա պնդում է, որ ԼՂՀ ճանաչումը ներկա պահին համապատասխանում է հիմնախնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների շահերին: «ԼՂՀ ճանաչումը տվյալ քաղաքական ու սոցիալական պայմաններում նշանակում է ոչ այլ ինչ, քան հրաժարում Դաշտային Ղարաբաղից` մեր հայրենիքի 7600 քառակուսի կիլոմետրից` հանուն արտաքին ուժերին հաճոյանալու և գլխացավանքից ազատվելու: Եթե Հայաստանի խորհրդարանն ընդունակ է որոշում ընդունելու «ճանաչման» մասին, ապա միայն ԼՂԻՄ կոչված նախկին սովետահայ գետտոյի սահմաններում: Ո՞ւմ են պետք նման ճանաչումը և նոր գետտոն արդեն «ազատական ժողովրդավարության» պայմաններում: Միանգամայն պարզ է, որ բացի հայ քաղաքական գործիչներից դա պետք է «Միջազգային ճգնաժամային խմբի» տեսակի կազմակերպությունների քաղաքական գործիչներին ու նրանց պատվիրատուներին: Այսպես էլ ստացվում է, որ տխրահռչակ կարգավորման էությունը այս և նման նախաձեռնություններն են, որոնք հանգեցնում են միայն հակամարտությունները սառեցնելուն, և ոչ թե մեր ժողովրդի ազգային-քաղաքական իրավունքների իրականացմանը»: Հայտնի քաղաքագետն այսպիսով կարծում է, որ «Ժառանգություն» կուսակցության օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ոչ թե Ադրբեջանից դուրս իրական ԼՂՀ-ի, այլ նախկին ԼՂԻՄ-ի անկախության ճանաչմանը: Այլ խոսքով, նա կարծում է, որ տեղի է ունենում հասկացությունների փոխատեղում, քանի որ որպես ԼՂՀ ներկայացվում է նախկին ԼՂԻՄ-ը: Նրա կարծիքով` հենց այդպիսի ԼՂՀ-ի` «որպես երկրորդ հայկական ինքնիշխան պետության հաստատմամբ են շահագրգռված Արևմուտքի ու Արևելքի առաջատար տերությունները»: Բացի այդ, Մուրադյանը կարծում է, որ ԼՂՀ բանակի վերահսկողության տակ գտնվող ամբողջ տարածքի (Լեռնային և Դաշտային Ղարաբաղ) անկախության հնարավոր ճանաչումը չի համապատասխանում ժամանակակից հայ առաջնորդների սերնդի շահերին, ընդ որում, ինչպես Երևանում, այդպես էլ Ստեփանակերտում: «Հայկական քաղաքական խավը պարզապես չի պատկերացնում, թե ինչ պետք է անել այդ ճանաչման հետ, որը պետք է դառնա մեծ աշխատանքի սկիզբ: Հայաստանի ներկա խորհրդարանը կոնֆորմիզմի` որպես վարքի հիմնական քաղաքական կարծրատիպի վճռական ու հետևողական հետևորդների թիմ է: Այն անընդունելի է նաև Ստեփանակերտի վարչակազմի համար: ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքում ստեղծվել է Դաշտային Ղարաբաղի հողերն Ադրբեջանին հանձնելու հուսալի քաղաքական բազա»: Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը տարածաշրջանային գործընթացների կատարյալ կատալիզատոր կլիներ, որը, անկասկած, կհանգեցներ բոլորովին նոր միջազգային իրավիճակի ստեղծմանը կամ, ավելի ճիշտ, կամրապնդեր «փոքր կայսրությունների» փլուզման արդեն կայացած միտումը: Մուրադյանն անհիմն է համարում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին զանազան փաստարկները: «Ադրբեջանը չի կարող հասնել ինքնիշխանության անհրաժեշտ մակարդակի` Ղարաբաղի համար ռևանշ-պատերազմ սկսելու մասին ինքնուրույն որոշում կայացնելու համար: Ոչ Թուրքիան և ոչ էլ Ադրբեջանը բանի տեղ չեն դնում պայմանագրերն ու պարտավորությունները, նրանք ունեն միջազգային հարաբերությունների նկատմամբ սեփական տեսլականը և ի վիճակի են անտեսելու ցանկացած քաղաքական պայման: Հայ-ադրբեջանական պատերազմ սկսելու մասին որոշում կարող է ընդունվել միայն ու միայն Անկարայում»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.