2007 թվականի տեսություն. արտաքին քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումըՀունվարի 23-ին ԵԽԽՎ-ն այդ հարցով ընդունեց համապատասխան բանաձև: Փաստաթղթում նշվում էր, որ պարտավորությունների կատարման գործում Հայաստանն առաջընթաց է արձանագրել: Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը գնահատեց այդ փաստաթուղթը որպես «աննախադեպ դրական բանաձև, որ ԵԽԽՎ-ն երբևէ ընդունել է Եվրախորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ»: Այդուհանդերձ, չնայած Ստրասբուրգի հանդիպման ողջ կարևորությանը` հենց Հրանտ Դինքի սպանությունն էր, որ նշանավորեց արտաքին քաղաքական տարվա մեկնարկն ու բնորոշեց նրա գլխավոր հատկանիշներից մեկը` լարվածության խորացումը հայ-թուրքական հարաբերություններում: Տարեսկիզբը նշանավորվեց լավատեսական տրամադրությունների հերթական մակընթացությամբ ազդեցիկ հայկական կազմակերպությունների շրջանում` ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հնարավոր ընդունման առնչությամբ: Այդ լավատեսությունը նախևառաջ պայմանավորված էր Կոնգրեսի վերջին ընտրություններում դեմոկրատների տարած հաղթանակով և Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությամբ, որ բանաձևի նախագիծը քննարկման կներկայացվի մինչև 2007 թ. ապրիլի 24-ը: Թիվ 106 բանաձևի նախագիծը ներկայացվեց Ներկայացուցիչների պալատ արդեն հունվարի 30-ին: Ամբողջ տարվա ընթացքում աշխարհասփյուռ հայությունն ու Հայաստանի արտաքին գերատեսչությունը սպասման մեջ էին` ակնկալելով բանաձևի ընդունումը: Ի սկզբանե 2007 թ. արտաքին քաղաքական ասպեկտը ենթադրում էր աշխուժացման երկու փուլ, որոնք միմյանցից բաժանված էին խորհրդարանական ընտրություններով: Սակայն առաջին փուլն ավարտվեց ակնկալվածից շուտ` նոր անկանխատեսելի հանգամանքի` մարտի 24-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահվան պատճառով: 2007 թ. առաջին երկու ամիսներին ՀՀ նախագահը հանդիպումներ ունեցավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսի` Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների հետ: Հունվարի 24-ին Ռուսաստանի Սոչի առողջարանային քաղաքում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, իսկ փետրվարի 19-ին Փարիզում` Ժակ Շիրակի հետ: Հատկանշական է, որ այդ երկու հանդիպումների արանքում ղարաբաղյան հակամարտության գոտի այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները: Մասնավորապես, հունվարի 27-ին համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) այցելեցին Ստեփանակերտ ու հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Նորություն դարձավ ռուս դիվանագետի հայտարարությունն այն մասին, որ կա «ընդհանուր տեսակետ», սակայն Մերզլյակովը հրաժարվեց մանրամասնել` վկայակոչելով բանակցությունների գաղտնիությունը: Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հանդիպման մասին մանրամասներ չեն հրապարակվել: Սակայն ակնհայտ է, որ քննարկվել են ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդիրը, այլև Հայաստանում ռուսական տնտեսական ներկայության ամրապնդման և Մոսկվա-Երևան-Թեհրան ուղղահայաց աշխարհաքաղաքական առանցքի ձևավորման հեռանկարների հարցերը: Հատկանշական է, որ արդեն մարտի 19-ին սկսվեց իրանական գազի առաքումը Հայաստան, ընդ որում, գազամուղի սահմանային հատվածի բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի և Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեժադը: Իրանական գազի ներկրումն ավելացնելու նպատակով «Հայռուսգազարդ» ընկերությունը սկսեց Քաջարան-Արարատ 197 կիլոմետրանոց գազամուղի շինարարությունը: Ընդհանուր առմամբ, 2007 թվականը նշանավորվեց Հայաստանի շուկայում ռուսական կապիտալի ուժեղացմամբ: Մասնավորապես, ռուսական «MTC» ընկերությունը ձեռք բերեց «Ղ-տելեկոմ» ընկերության («Վիվասել» բրենդ) սեփականատեր «Ինթերնեյշնլ սել հոլդինգ» ընկերության արժեթղթերի 80 տոկոսն ու ստորագրեց մնացած 20 տոկոսը ձեռք բերելու մասին օպցիոն համաձայնագիր: Ավարտվող տարում Հայաստանը նաև որոշում ընդունեց Մեծամորի ատոմակայանը փակելու մասին, որի շահագործման ժամկետը, ըստ տեխնիկական պահանջների, լրանում է 2016 թվականին: Սակայն ստորագրելով Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը` Երևանը պարտավորություն ստանձնեց հնարավորինս արագ փակել ատոմակայանը: Ռուսաստանի ատոմային էներգետիկայի գործակալության («Ռոսատոմ») ղեկավար, նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն պատրաստակամություն հայտնեց ոչ միայն օգնելու հայկական կողմին նոր բլոկ կառուցելու գործում, այլև մասնակցելու ծրագրի ֆինանսավորմանը: Ռուսական ներկայության ամրապնդումն իրոք դարձավ ավարտվող տարվա բնորոշ գծերից մեկը: Սակայն արտաքին քաղաքականության ոլորտում ամենակարևոր իրադարձությունը դարձավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Մադրիդում: Նոյեմբերի 29-ին Իսպանիայի մայրաքաղաքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդ երկրները (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին հանձնեցին այսպես կոչված «հակամարտության խաղաղ կարգավորման արդար ու հավասարակշռված հիմնական սկզբունքների» մասին փաթեթը: Ստույգ հայտնի չէ, թե ինչ են նախատեսում այդ առաջարկները, սակայն այդ առնչությամբ հատկանշական է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիքոլաս Բերնսի հայտարարությունը. «Կոսովոյում ձեռք բերված ոչ մի համաձայնություն չի կարող տարածվել այլ հակամարտությունների վրա: Իրավիճակը Կոսովոյում յուրահատուկ է, և ես չեմ կարծում, թե կարելի է զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի ու Կոսովոյի հնարավոր լուծման միջև»: Հատկանշական է, որ հակամարտության կողմերին հորդորել են հիմնական սկզբունքներին հավանություն տալով ավարտել բանակցությունների ներկա փուլը և անմիջապես անցնել նոր փուլի` խաղաղության համապարփակ պայմանագրի նախագծի մշակմանը: Բացի այդ, նրանց խնդրել են նախապատրաստել իրենց երկրների բնակչությանը խաղաղությանը և անհապաղ դադարեցնել հանդես գալ ելույթներով, որոնք հնարավոր են համարում, թե պատերազմը կարող է լինել հակամարտության լուծման միջոց: Ղարաբաղյան հակամարտության մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը. «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են գալիք ընտրական տարում շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ բանակցությունները: Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին և կողմերի հետ համատեղ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների մշակման գործընթացին: Մենք վճռականորեն կոչ ենք անում երկու կողմերին հաղթահարել մնացած վերջին տարաձայնությունները` դրանով հաստատելով կարգավորման ընդհանուր հայեցակարգը և դրա հիման վրա ձեռնամուխ լինել խաղաղության համապարփակ պայմանագրի մշակմանը»: Այս առումով հարկ է նշել, որ գալիք տարին խոստանում է ոչ միայն ներքաղաքական (փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների պատճառով), այլև արտաքին քաղաքական ակտիվություն, ընդ որում` շատ ավելի մեծ չափերի: Ինչպես միանշանակորեն նշվել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում` միջազգային դիվանագիտական հանրությունը մտադիր է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը տեսանելի ապագայում:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.