Կո՞ղմ, թե՞ դեմ. վերլուծաբանը պնդում է, որ քվեարկելով հօգուտ Սահակաշվիլու` վրացահայերը քվեարկել են ՆԱՏՕ-ի դեմ

 Վրացահայ քաղաքական վերլուծաբանի կարծիքով` անցյալ շաբաթ օրը կայացած նախագահական ընտրություններում ՆԱՏՕ-ի անդամակցության ձգտող Միխայիլ Սահակաշվիլուն ձայն տված վրացահայերը, իրականում, քվեարկել են ամերիկացիների ղեկավարած ռազմական դաշինքին հարավկովկասյան այս պետության անհապաղ անդամակցության դեմ:

Հայաբնակ Ախալքալաքում ապրող վերլուծաբան Սեյրան Պետրոսյանը պնդում է, որ Սահակաշվիլու համոզիչ հաղթանակը հայաբնակ շրջաններում պարադոքսալ կերպով ցույց է տալիս վրացահայերի դիմադրությունը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, ինչը պայմանավորված է նրանց մտավախությամբ, թե կաճի Թուրքիայի ազդեցությունը, և կնվազի Ռուսաստանի դերը:

«Վաշինգտոնը քանիցս հնարավորություն է ունեցել հասկացնելու Սահակաշվիլուն, որ ներկայումս Թբիլիսիի հսկողությունից դուրս գտնվող տարածքների` Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նրա վարած քաղաքականությունը լուրջ խոչընդոտ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացում,- բացատրում է Պետրոսյանը: - Վրաստանի նախագահին հասկացրել են, որ ԱՄՆ-ի համբերությունն անսպառ չէ, և հարկավոր է հնարավորինս արագ կարգավորել այդ հակամարտությունները: Փաստորեն, դա նշանակում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչում` ՆԱՏՕ-ում Վրաստանի անհապաղ անդամակցության դիմաց»:

Վրաստանի արտահերթ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը ցույց է տալիս, որ Սահակաշվիլին համոզիչ հաղթանակ է տարել` ստանալով ձայների 52,21 տոկոսը` իր մոտակա մրցակցից գրեթե կրկնակի ավելի:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Սահակաշվիլին մեծ առավելությամբ հաղթանակ է տարել բոլոր հայաբնակ շրջաններում, ընդ որում, Սամցխե-Ջավախեթիում գրանցվել է ընտրողների շատ բարձր ակտիվություն, մասնավորապես, ամենամեծ հայ բնակչություն ունեցող Ախալքալաքում քվեարկել է ընտրողների 65 տոկոսից ավելին:

Մինչդեռ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը պնդում է, որ Ջավախքի հայ բնակչությունը վերաբերվել է Վրաստանի նախագահական ընտրություններին «լիակատար անտարբերության հասնող պասիվությամբ»:

Նրա խոսքերով` «ընտրողների բացառիկ ցածր մասնակցության» պատճառն այն էր, որ «նախագահական թեկնածուներից ոչ մեկը բավարար պատասխան չի տվել շրջանի հայության բարձրացրած հարցերին»:

Նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացված հանրաքվեի երկու հարցերից մեկը Վրաստանի վերաբերմունքն էր ՆԱՏՕ-ին: Թեև հանրաքվեի պաշտոնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել, ելքի հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների մեծ մասը քվեարկել է հօգուտ իրենց երկրի անդամակցության Հյուսիսատլանտյան դաշինքին:

Վրացի քաղաքական վերլուծաբան Գեորգի Շիբուայի կարծիքով` աշխարհաքաղաքական առումով Վրաստանի նման կարևոր տարածաշրջանային պետության անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավորություն կտա Վաշինգտոնին կանխելու Ռուսաստանի ազդեցության տարածումը հարավային վեկտորով և նվազագույնի հասցնելու Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցքի գործակցության հնարավորությունը:

«Ամերիկյան քաղաքականության հենց այդ կարևորագույն ուղղությանն է ներկայումս խոչընդոտում Սահակաշվիլին` ՆԱՏՕ-ին անդամակցելու պարտադիր պայման դնելով Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ լիակատար վերահսկողության վերահաստատումը,- ասում է Շիբուան: - Այսպիսով, ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ. իր կամքից անկախ` Սահակաշվիլու գործողություններն ավելի շատ համապատասխանում են Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի շահերին»:

ԱրմենիաՆաուի էջերում