ԱՄՆ օգնությունը Հայաստանին` 58,5 միլիոն դոլար. Ամերիկայի հայկական համագումարը, Ամերիկայի հայ դատի գրասենյակը հորդորում են վերականգնել 907-րդ կետը` հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններըՕգնությունը 16,5 միլիոնով պակաս է անցյալ տարվա գումարից, սակայն ավելին է, քան վարչակազմի առաջարկած 35 միլիոնը: Կոնգրեսը նաև հաստատել է 3 միլիոն դոլար արտաքին ռազմական օգնությունը Հայաստանին ու Ադրբեջանին` վերանայելով վարչակազմի որոշումը Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օժանդակության հավասարություն ապահովելու 2001 թվականի պարտավորությունից հրաժարվելու մասին: Չնայած տարվա ընթացքում Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հայտարարություններին և ռազմական բյուջեի աճին` վարչակազմն առաջարկել էր Բաքվին հատկացնել 2 միլիոն դոլարով ավելի ռազմական աջակցություն, սակայն, ի վերջո, հաստատեց միայն սկզբնական գումարը: Այս առաջարկը լուրջ մտահոգություն էր առաջ բերել ամերիկահայ կազմակերպությունների, այդ թվում` ամենամեծ երկուսի` Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ` www.aaainc.org) և Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA, www.anca.org) շրջանում: 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Ազատության աջակցության ակտ, որն ուղղված էր Խորհրդային Միության նախկին հանրապետություններին տնտեսական ու մարդասիրական օժանդակության դյուրացմանը` այն համոզմամբ, որ նման օժանդակությունը կօգնի կայունացնելու կառավարման ժողովրդավարական ձևերն ու նպաստելու տնտեսական զարգացմանը: Ակտի 907-րդ կետով արգելվել էր ուղղակի ռազմական օգնությունն Ադրբեջանին` որպես Հայաստանի դեմ նրա կիրառած շրջափակման հակազդեցություն: Սակայն 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ Կոնգրեսը 2007 թ. հունվարին պայմանականորեն դադարեցրեց 907-րդ կետի գործողությունը` ընդառաջելով ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի խնդրանքին: Ամերիկահայ լոբբիստները մտահոգված են, որ դա ավելի շատ կնպաստի Ադրբեջանի ռազմական ուժի մեծացմանը, քան ահաբեկչությունը կանխելու իր նպատակին: «Հաշվի առնելով Ադրբեջանի չդադարող ռազմատենչ հայտարարությունները, ԱՀՀ-ն կոչ է անում խստորեն վերահսկել Ազատության աջակցության ակտի 907-րդ կետի պայմանական դադարեցումը` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու նպատակով, և ակնկալում է վարչակազմից բավարար հաշվետվություն այդ հարցով,- անցյալ տարվա մարտին հանդես գալով Պետական, արտաքին գործողությունների և առնչվող ծրագրերի ենթահանձնաժողովի առջև` ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայըն Արդունին: - ԱՀՀ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների շարունակվող ռազմատենչ հայտարարություններից: Ադրբեջանի ուժգնացող հակահայկական քարոզչությանը վերջ չտալու պարագայում ԱՀՀ-ն կոչ է անում ենթահանձնաժողովին կասեցնել 907-րդ կետի գործողության դադարեցման մասին որոշումը և վերահաստատել այն»: Հանձնաժողովին ուղղված իր կոչում Հայ դատի` կառավարության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանն անդրադարձել է մի շարք առանցքային հարցերի, այդ թվում` Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օժանդակության հավասարության վերականգնմանը, Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի մարդասիրական ու զարգացման օժանդակությունն առնվազն մինչև 10 միլիոն դոլար հասցնելուն, ինչպես նաև Ազատության աջակցության ակտի 907-րդ կետի պահպանմանը: 2007 թ. հունիսի 12-ին Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն ընդունեց 2008 թ. ֆինանսական տարվա արտաքին աջակցության իր տարբերակը` 68 միլիոն դոլար հատկացնելով Հայաստանին, 6 միլիոն դոլար ուղղակի օժանդակություն` Լեռնային Ղարաբաղին, և հավասարություն պահպանելով Հայաստանին ու Ադրբեջանին ցույց տրվող ռազմական օժանդակության մեջ: Հունիսի 28-ին հատկացումների հանձնաժողովի ընդունած Սենատի տարբերակով նախատեսվում էր 39 միլիոն դոլար օգնություն Հայաստանին, ինչը 4 միլիոնով ավելի է նախագահի առաջարկից, սակայն զգալիորեն պակաս անցյալ տարվա հատկացումներից: 2007-ին Կոնգրեսն ընդունեց որոշում նախորդ տարվա 75 միլիոն դոլարի ֆինանսական հատկացումները շարունակելու մասին, քանի որ չէր կարողացել ընդունել հատկացումների մասին օրենքը: «Մենք անհանգստացած ենք Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ցույց տրվող օգնության կրճատմամբ, հատկապես` Թուրքիայի ու Ադրբեջանի շրջափակման շարունակական տնտեսական վնասների և հայերի դեմ պատերազմը վերսկսելու`Ադրբեջանի ուժգնացող ռազմատենչ քարոզչության պարագայում,- ասել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: - Մենք շնորհակալ ենք Կոնգրեսի մեր բոլոր բարեկամներին, ովքեր հատկացումների քննարկումների ընթացքում կարողացան դիմագրավել զգալի ճնշումների և հասնել նախագահի առաջարկը նկատելիորեն գերազանցող հատկացման ու նաև ապահովել հավասար ռազմական օժանդակություն»: 2008 թ. հատկացումը կազմում է մոտ 10 տարի առաջվա ԱՄՆ օգնության (որը կազմում էր շուրջ 100 մլն դոլար) գրեթե երկու երրորդը: (Այդ գումարը ներառում է գործառնական ու աշխատակազմի ծախսերը, և բոլորն էլ գիտեն, որ դրա առնվազն մեկ երրորդը «երբեք դուրս չի գալիս գոտուց», այսինքն` գնում է Վաշինգտոնի վարչական ծախսերը ծածկելու վրա:) «Հայաստանին հատկացված վերջնական գումարն այս տարեսկզբին հաստատված Ներկայացուցիչների պալատի ու Սենատի հատկացումների` համապատասխանաբար 68 և 39 մլն դոլար, փոխզիջման արդյունք է,- ասել է Արդունին` բարձր գնահատելով ենթահանձնաժողովի նախագահ Նիտա Լոուիի (դեմոկրատ Նյու Յորքից) աջակցությունը: - Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չնայած օգնության կրճատմանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը իրենց ժողովրդավարական հաստատություններն ամրապնդելու անհրաժեշտ ռեսուրսներ ունենան»: Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի 2008 ֆինանսական տարվա տարբերակում 6 միլիոն դոլարի ուղղակի օգնություն էր նախատեսված Լեռնային Ղարաբաղին: Սակայն Սենատի տարբերակում միայն կոչ է արվում ուղղակի օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղին` առանց նշելու ստույգ գումարը: Ի դեպ, 2007 թ. ֆինանսական տարվա վերջնական տարբերակում նույնպես Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում չկա: Սենատի տարբերակում նաև չկա անդրադարձ ռազմական օգնության հավասարությանը: Վերջնական տարբերակում նաև նախատեսվում է շարունակել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը, թեև այն 1,8 միլիարդ դոլարից կրճատվել է 1,5 միլիարդի: Հայաստանն այդ ծրագրի շահառուներից է (հիմնվելով հիմնական ցուցիչների տվյալների վրա) և հինգ տարվա ընթացքում ստանալու է 235,65 միլիոն դոլար, որն ուղղվելու է գյուղական շրջաններում աղքատության կրճատմանն ու գյուղմթերքների արտադրության արդյունավետության բարձրացմանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.