Վիճակը բարելավվում է. դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ի հավաստմամբ` քարոզարշավն ավելի մաքուր է, քան անցյալ գարնանը

Դիտորդական առաքելություն իրականացնող ամենամեծ տեղական կազմակերպության հավաստմամբ` քարոզարշավի առաջին տասնօրյակում գրանցվել են ինչպես խախտումներ, այնպես էլ որոշ առաջընթաց անցյալ գարնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների համեմատ:

«Թեկնածուներն ավելի շատ քարկոծում ու մեղադրում են միմյանց` իրենց ծրագրային դրույթները ներկայացնելու փոխարեն, ինչի պատճառով ընտրողները դժվար են կողմնորոշվում` ում տալ իրենց ձայնը»,- երկուշաբթի «Ուրբաթ» ակումբում ասաց «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանը:

ՀԿ-ի դիտորդները խախտումներ, խոչընդոտներ ու բռնարարքներ են արձանագրել Սյունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում:

«Սյունիքի մարզի «Սոսի» ու «Խուստուփ» հեռուստաընկերությունները մերժել են հեռարձակել նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի ընտրողների հետ հանդիպման վերաբերյալ հայտարարությունները գովազդային սկզբունքով»,- նշեց ՀԿ նախագահը:

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի դիտորդները անճշտություններ են արձանագրել նաև ընտրացուցակներում` մահացած մարդկանց անուններ, բանակից զորացրվածների տվյալների բացակայություն և այլն:

Որպես դրական առաջընթաց Համբարձումյանը նշեց բոլոր ընտրատեղամասերում ժամանակին ու պատշաճ ձևով փակցված ընտրացուցակները, որոնց բացակայությունը նախորդ ընտրություններում համատարած բնույթ էր կրում:

«Այս տարի չկա նաև այն բռնությունը, որը կիրառվում էր շրջաններից հանրահավաքների եկող մարդկանց դեմ նույնիսկ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- ասաց Համբարձումյանը:

Ըստ ՀԿ նախագահի` հստակեցման կարիք ունեն, օրինակ, քարոզարշավին նախորդող շրջանի վերաբերյալ դրույթները, քանի որ Ընտրական օրենսգիրքը չի գործում մինչև քարոզարշավն ընկած ժամանակահատվածում, եթե անգամ խախտումներ են լինում:

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն փետրվարի 19-ին 4.010 դիտորդ է ունենալու Հայաստանի բոլոր 1923 ընտրատարածքներում և պատրաստակամ է իրենց արձանագրած խախտումները տրամադրել նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին` դատարան դիմելու համար:

ԱրմենիաՆաուի էջերում