«Ժողովրդական զբոսանքներ». ոստիկանները միջոցներ են ձեռնարկում, իսկ բողոքավորներն ասում են, որ սահմանափակվում է ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքը
«Շախմատային բողոք» Հյուսիսային պողոտայում «Այն, ինչ տեղի էր ունենում երեկ, խայտառակություն է: Ուրիշ կերպ բնութագրել չեմ կարող: Անհեթեթ խայտառակություն,- հինգշաբթի «ԱրմենիաՆաուին» ասաց Լևոն Տեր-Պետրոսյանի դաշնակից Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը: - Մարդկանց առանց որևէ զգուշացման տանում էին ոստիկանություն՝ հարցաքննության, միայն այն բանի համար որ այդ պահին զբոսնում էին Հյուսիսային պողոտայով»: Ըստ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի, որը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ եղել է դեպքի վայրում, Կենտրոն համայնքի ոստիկանություն բերման է ենթարկվել ավելի քան 4 տասնյակ մարդ: «Տվյալները մեզ տրամադրեցին Կենտրոնի ոստիկանությունում: Բերման էին ենթարկել մարդկանց, որոնք պարզապես զբոսնում էին մայրաքաղաքի այդ մասով: Բոլորն էլ հետո ազատ են արձակվել, սակայն այդ ցուցադրական, արհեստականորեն ստեղծված իրավիճակը ոչ միայն ոտնահարում է մարդկանց իրավունքները, այլև գրգռում իրավիճակը»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Ալավերդյանը: Իրավիճակը թեև «գրգռված» էր դեռևս մինչև մարտի 1-ի արյունալի իրադարձությունները, հետաքրքիր ընթացք ստացավ մարտի 21-ի (արտակարգ դրությունը վերացնելու առաջին օրը) մոմավառությանը հաջորդող օրերին՝ ստանալով «ժողովրդական զբոսանքներ» անվանումը: «Ժողովրդական զբոսանքները» հակադարձումն էին մարտի 17-ին ԱԺ-ի ընդունած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխություններին: Մարտի 17-ի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում 90 «կողմ» և 6 «դեմ» ձայնով ընդունված օրենքի լրացումներն ընդլայնում են զանգվածային միջոցառումներ՝ հանրահավաքներ, երթեր և ցույցեր արգելելու հնարավորությունները, որոնք, ՀՀԿ պատգամավորներից մեկի առաջարկությամբ, ուժի մեջ մտան ոչ թե սովորաբար նախատեսվող 10, այլ 1 օրվա ընթացքում: Արտակարգ դրության ավարտի շեմին ընդունված «օրենսդրական» փոփոխությունների նպատակը երթերի ու հանրահավաքների ընթացքում մարդկանց ձայնը լռեցնելու միտում ուներ: «Ճնշումներով հարցերին լուծում չի տրվում, դրանք առաջացնում են նոր լարվածություն,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: - Այդ գործողությունները չեն տեղավորվում ոչ իրավական դաշտի, ոչ էլ մարդու իրավունքների և քաղաքականության շրջանակներում: Եվ արդյունքում` մարդիկ պիտի նոր տարբերակներ գտնեին»: «Նոր տարբերակներով»` մարտի 22-ից` ամեն օր 18:00-ից սկիզբ առած «ժողովրդական զբոսանքների» շրջանակներում մարդիկ սկսեցին փողոց դուրս գալ՝ զբոսնել, բանավիճել, շախմատ խաղալ կամ էլ, ինչպես նախատեսվել էր՝ գիրք կարդալ: «Շարունակվում է իշխանությունների անօրինականությունների շքերթը»,- ասում է Խաչատրյանը, որը պատրաստվում է օրերս դիմել դատական ատյաններ՝ իր զբոսնելու իրավունքը խոչընդոտելու համար: ՀԺԿ անդամը պնդում է, որ հակառակ դեպքում դիմելու է նաև ԱԺ, որպեսզի մի նոր փոփոխություն մտցնեն, որը «կսահմանափակի քաղաքում զբոսնելու մարդկանց իրավունքը»: «Ընդունվում են փոփոխություններ, որոնք ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում,- ասում է Խաչատրյանը: - Հասկանում եմ, որ օրենքում փոփոխություններ են արվել, սակայն նույն այդ փոփոխությունների մեջ ես չեմ տեսել զբոսանքը, զրույցը, գիրք կարդալն արգելող դրույթներ, որի համար կարող են մարդուն բռնի ուժով, առանց հիմնավորման մտցնել ոստիկանական մեքենան ու տանել ոստիկանություն»: Իսկ ոստիկաններն էլ ասում են, որ կատարում են իրենց աշխատանքը: «Մենք մեր աշխատանքն ենք կատարում,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արտյոմ Բաբայանը: - Հնարավո՞ր է, որ այս փողոցում լինի հանցագործ, որը գտնվում է հետախուզման մեջ: Հնարավո՞ր է այս պայմաններում դա ճշտել: Անհնար է, չէ՞: Դրա համար կան համապատասխան բաժիններ, տեղեր, կանոնակարգված աշխատանք»: Նման «կանոնակարգված աշխատանքի» հետևանքով, ըստ քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի, իրավիճակը ոչ թե կմեղմանա, այլ կսրվի: «Նման գործողություններն ուղղված են վախի մթնոլորտ սերմանելուն»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Ենոքյանը: Նա համոզված է, որ իրավիճակն էլ ավելի կսրվի, քանի որ իշխանությունների ամենօրյա «լուծումներն» ու հետապնդումները, որոնք պիտի ապացուցեն, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, դրական արդյունք չեն բերի: «Անկասկած, «ժողովրդական զբոսանքները» կշարունակվեն, քանի որ ցուցադրական բռնություններով իրադրությունը շտկել հնարավոր չէ,- ասում է Ենոքյանը: - Եվ այս իրավիճակում արդեն կարևոր չէ` մեղավո՞ր ես, թե՞ ոչ, օրենք խախտո՞ւմ ես, թե՞ ոչ: Նույնիսկ ստեղծված անհեթեթ իրավիճակը մարդկանց հետ չի պահի իրենց բողոքի ձայնն արտահայտելուց»: ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց «ԱրմենիաՆաուին», թե երկրում «գուցե կա դժգոհության, բայց ոչ վախի մթնոլորտ»: «Խորհուրդ կտայի բոլորին առավել կոռեկտ լինել: Իրավական խնդիրներին պետք է տրվեն միայն իրավական գնահատականներ: Եթե ոտնահարվել են ինչ-որ մեկի իրավունքները, թող դիմեն դատարան,- ասաց Շարմազանովը: - Հայաստանն ունի մեկ ճանապարհ` դեպի ժողովրդավարություն: Իսկ ժողովրդավարությունը զարգանում է այն երկրում, որտեղ կարգուկանոն կա»: Չնայած իշխանության՝ կարգուկանոն հաստատելու մասին պնդումներին, մարտի 27-ին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերի մասնակիցներին բերման ենթարկելը՝ նշելով, որ մարտի 25-27-ը ոստիկանությունը բերման է ենթարկել «ժողովրդական զբոսանքների» մասնակից առնվազն ութ տասնյակ մարդու: «Հայաստանի կառավարությունը պետք է թույլ տա խաղաղ ցույցերը, այլ ոչ թե արգելի դրանք,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հոլի Քարթները: - Ըստ էության, նոր սահմանափակումներով խաղաղ ցուցարարներին պատժում են մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների համար»: Human Rights Watch-ի հայտարարության մեջ նշվում է, áñ հանրահավաքների, երթերի և ցույցերի իրավունքը սահմանափակող վերջին օրենսդրական փոփոխությունները «անորոշ են և չեն համապատասխանում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»: (Հայտարարության տեքստն ամբողջությամբ կարդալու համար այցելեք http://hrw.org/english/docs/2008/03/27/armeni18366.htm:)
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 32 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.