Ձախողված բանակցություննե՞ր. Սարգսյան-Ալիև հանդիպումը Բուխարեստի օրակարգում չկա
Մինչ այդ նախատեսվում էր, որ ապրիլի 2-4-ը Բուխարեստում Հայաստանի նորընտիր նախագահ ու գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբին, որը ձգտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եթե հայկական կողմը դրականորեն էր արձագանքել այդ նախաձեռնությանը, ապա պաշտոնական Բաքուն չէր տվել իր համաձայնությունը` հայտարարելով, թե բանակցությունները «թեմա կամ նպատակ» չունեն: Այդ որոշումը Երևանը չէր ողջունել` ժխտելով, թե հանդիպման խնդրանքով դիմել է Բաքվին` ինչպես պնդում է ադրբեջանական կողմը: «Առանց որևէ լուրջ հիմնավորման ադրբեջանական կողմը ձախողեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նախատեսված հանդիպումը»,- ասել է արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Իսկ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, որ «կա արարողակարգային խնդիր, քանի որ Սարգսյանը պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին և, այսպիսով, Բուխարեստում նա, ըստ արարողակարգի, դեռևս նախագահ չի լինի»: Սակայն ադրբեջանական կողմը ներկայացրել է մերժման այլ պատճառ: «Բաքուն միշտ պատրաստ է բանակցելու, բայց անհրաժեշտ են բանակցությունների թեմա և կոնկրետ նպատակ»,- լրագրողներին ասել է Ալիևի աշխատակազմի արտասահմանյան կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Ադրբեջանի ղեկավարությունը ակնարկել է, որ Սարգսյանի շահագրգռությունն այդ հանդիպումով կարող է նախևառաջ հիմնավորված լինել նրա ցանկությամբ` այդպիսով ցույց տալու ներքաղաքական ընդդիմությանը սեփական լեգիտիմությունը որպես ընտրված նախագահի, ինչն «ընդունում են նույնիսկ Բաքվում»: Հայաստանը ժխտում է, որ Բուխարեստում հանդիպման նախաձեռնությունն իրենն է, սակայն վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը հետագա բանակցություններին: Ադրբեջանցիների հայտարարություններն արվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է իր կոչերը` հրաժարվել բանակցությունների Մինսկի ձևաչափից և տեղափոխել դրանք ՄԱԿ-ի հարթություն: «Ադրբեջանի նամակը ԵԱՀԿ-ին` Մինսկի խումբը ցրելու հնարավորություն մասին ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի առաջարկած [Ղարաբաղի] բանաձևի քննարկումից առաջ,- անցյալ շաբաթ «Արմինֆոյին» տված հարցազրույցում ասել է խոսնակ Բալայանը: - Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի պաշտոնյաների պնդումները և քայլերը կապ չունեն խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու իրենց պարտավորության հետ և ավելի շուտ կեղծ, ցուցադրական հանձնառությունների բնույթ են կրում: Դրա վկայությունն է նաև այն, որ ադրբեջանական կողմը, առանց որևէ լուրջ հիմնավորման տապալեց ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի և ՀՀ նորընտիր նախագահի նախատեսվող հանդիպումը»: Ակնկալվում է, որ ի թիվս այլոց Բուխարեստում ապրիլի 2-4-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման, այդ թվում` ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հեռանկարները:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 17 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.