Հիշատակի օր. ոչ միայն ցեղասպանությունԲայց այս բնավ ոչ կլոր տարելիցին թույլ տվեք ինձ` ցեղասպանություն վերապրածի ծոռանն ու հային, ով չի խնայել ոչ մի միջոց ի պաշտպանություն ցեղասպանության ճանաչման, ազատ արտահայտվել, ազատվել իմ սփյուռքի սիրած փոխաբերություններից ու կոնգրեսական բանաձևերից և նույնիսկ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը լինելու պատվից: Այս մի քանի հարյուր բառի սահմաններում եկեք մոռանանք «ցեղասպանություն» տերմինը, եկեք նորովի վերաիմաստավորենք մեր ազգային վիշտը մի ողբերգության հանդեպ, որին ենթարկվածների մեծ մասը մահացել է, և որի զոհերը, եթե վերապրել են, ապա այսօր մահացած կլինեն: Կատարվածը ցեղասպանություն անվանելը բավական չէ: Այդ բառը, թերևս, տեղին, բայց ոչ բավարար փոխարինող է «սպանություն» հանցագործության համար, որը կատարվել է և պետք է գրանցվի առանձին-առանձին` 1,5 միլիոն անգամ: (Զոհերի անունների լրիվ ցանկը ծավալով հավասար կլիներ չորս Աստվածաշնչի:) Բայց ավելի կարևոր է այն, որ «ցեղասպանություն» բառը չի ներառում այն իրողությունը, որ պատմական Հայաստանի բնիկները կորցրել են ոչ միայն իրենց կյանքը, այլև հայրենիքը, որը նրանցն է եղել ավելի քան 3000 տարի: Հայոց ցեղասպանությունը, նախևառաջ, հայրենիքի սպանություն էր: Օսմանյան Թուրքիայի իշխանությունները մտադիր էին ոչ թե ժամանակավոր, այլ մեկընդմիշտ լուծել կայսրության առջև ծառացած քրիստոնյա հայ բնակչության խնդիրը: Նրանց հանցագործությունը ոչ միայն մարդկանց սպանությունն էր, այլև նրանց տեղահանումն ու արտաքսումը, որպեսզի ժողովրդի բոլոր զավակները սպանվեն, իսկ քաղաքակրթությունը վերանա: Իհարկե, հարկադիր տարագիրների շատ զավակներ մեծացել ու օրհնել են իրենց անցյալը: Վտարանդի ռուսների կամ ստրկացված աֆրիկացիների որդիներն ու դուստրերը, որոնք փոխել են իրենց թշվառ գոյությունը Միացյալ Նահանգների բարեկեցիկ կյանքի հետ, կարող են ամառային արձակուրդին կամ կարոտից այցելել իրենց հայրենիքը: Իսկ ես չեմ կարող վերադառնալ իմ պապերի հայրենիքը: Ես չեմ կարող վերադառնալ Կարին, որի փողոցներից մեկում գտնվող տատիս հայրական տանն այսօր մի ինչ-որ թրքուհի է ապրում: Եվ ոչ էլ Խարբերդ, որտեղ պապիս հայրը, որը 1915-ին պատանի էր, ականատես է եղել իր ողջ գերդաստանի կոտորածին: Արտաքսումն այսօր նվազ սարսափելի է թվում Օսմանյան Թուրքիայի հանցագործությունների շարքում, սակայն այն ամենահարատևողն է, և այսօրվա Թուրքիան այս հարցում իր նախորդի մեղսակիցն է: Ժամանակակից Թուրքիան մեղավոր չէ 1915 թվականի սպանությունների համար, սակայն մեղավոր է ինձ Կարին քաղաքից զրկելու մեջ, որի անունն ու ինքնությունը իմն են: Մեր սփյուռքում երեխաներին տալիս են քրիստոնյա սրբերի կամ հայ գրողների անուններ: Բայց մեզ նաև կոչում են մեր քաղաքների, գավառների, գետերի ու սարերի անուններով` Տարոն, Վան, Սասուն, Անի, Արաքս, Արարատ, որոնք միասին կազմում են ցեղասպանության հետևանքով կորսված մեր հայրենիքի կենդանի քարտեզը: Ես տեսել եմ Անին` 1001 եկեղեցիների առասպելական քաղաքը: Եկեղեցիները` այսօր կիսավեր ու դատարկ, ժամանակակից Հայաստանի ու Թուրքիայի սահմանի ճիշտ մյուս կողմում են: Այս շաբաթ 1915-ին սկսված Հայոց ցեղասպանության հիշատակի օրն էր: Սակայն դա նաև 2008-ին շարունակվող Հայոց մեծ հայրենազրկման ճանաչման օրն է: Ես հպարտանում եմ, անշուշտ, «ցեղասպանություն» բառի բարոյական հաղթանակով: Բայց ձեր ներողամտությունն եմ հայցում, որ չեմ կարող մոռանալ, որ իմ նախնիների տները, եկեղեցիները, դպրոցներն ու նշխարները դեռ թաղված են Թուրքիայի արևելքում, որը Արևմտյան Հայաստանն է: Կարին Հովհաննիսյանը Կոլումբիայի համալսարանի լրագրության ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանող է, որը նաև թղթակցում է LuckyFrown.com բլոգին:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 6 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.