Աշխարհի «դարդով». Հայաստանն անմասն չէ սննդամթերքի միջազգային գնաճից
Սննդի միջազգային շուկան հայտնվել է ճգնաժամում Համաշխարհային շուկայում պարենի գնաճն անխուսափելիորեն գնաճ է հարուցում նաև Հայաստանի նման փոքր երկրում: Այստեղ հատկապես թանկանում է ներմուծվող սննդամթերքը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` վերջին երեք ամսվա ընթացքում` 2007-ի դեկտեմբերից մինչև 2008-ի մարտ, պարենային ապրանքների գներն աճել են 7.2 տոկոսով: Ավելի երկարաժամկետ հատվածի դիտարկման արդյունքները վկայում են, որ 2007 թվականի մարտից 2008 թվականի մարտն ընկած ժամանակաշրջանում ՀՀ-ում հացամթերքի գնաճը կազմել է 33.9 տոկոս, կենդանական-բուսական յուղինը`33.32 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի գնաճը`5.6 տոկոս, սուրճի, թեյի և կակաոյի գնաճը`9.6 տոկոս: Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի կարծիքով` համաշխարհային պարենի ճգնաժամի պատճառներից մեկը դեֆորմացիայի ենթարկված գյուղատնտեսությունն է: «Զարգացող երկրներից շատերն այսօր պարենային խնդիր ունեն և հայտնվել են սովի եզրին,- ասում է նա: - Ի դեպ, վերջին տարվա ընթացքում 130 տոկոսով աճել է ցորենի արժեքը, 80 տոկոսով` բրնձինը»: Ըստ տնտեսագետի` ավելի կարճաժամկետ ազդեցություն են ունենում նավթի բարձրացող գները, նաև գյուղատնտեսությունում օգտագործվող թանկ քիմիկատները: «Ասեմ, որ այս փուլը աշխարհն արդեն մեկ անգամ անցել է 1970-ականների վերջին և 80-ականների սկզբին, երբ նավթի գների պիկը բերեց նրան, որ գյուղատնտեսական ապրանքների բարձր արժեք գրանցվեց»,- բացատրում է տնտեսագետը: Տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը համաշխարհային տնտեսության ներկայիս իրավիճակը բնութագրում է ճգնաժամային: Էներգետիկ ռեսուրսների գների բարձրացումը «հրահրում» է համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որի հետևանքները անխուսափելիորեն տարածվում են բոլոր, առավել ևս` էներգակիրները բացառապես ներկրող երկրների տնտեսությունների վրա: «Եթե նավթի մեկ բարրելը մի քանի տարի առաջ միջազգային ապրանքային բորսաներում վաճառվում էր 40-45 ԱՄՆ դոլար, ապա այսօր մեկ բարրելն արժե 118 դոլար: Սա աննախադեպ բարձ գին է: Վառելիքի թանկացումն ուղեկցվում է տրանսպորտային ծախսերի աճով, հետևաբար` բարձրանում են ապրանքների գները, հատկապես` ներկրվող»: Թադևոսյանը փաստում է, որ տիրող ճգնաժամի հաջորդ պատճառը դոլարի փոխարժեքի աստիճանական անկումն է (աշխարհի մյուս գլխավոր արտարժույթների համեմատ): Նա կարծում է, որ Հայաստանը չի կարող խուսափել նման օբյեկտիվ գործընթացներից: «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր երկիրը հանքային վառելանյութը, նավթը ամբողջությամբ ներկրում է, և, օրինակ, 2006 թվականին այդ ապրանքախմբի ներկրման տեսակարար կշիռը համախառն ներմուծման 16 տոկոսն է կազմել, ապա, իհարկե, ոչ»,- ասում է նա: Ըստ Ջրբաշյանի` պետությունն այնպիսի սուբսիդավորման մեխանիզմներ պետք է առաջարկի, որոնք ոչ թե կդեֆորմացնեն շուկան (ինչպես գազի դեպքում), այլ կմեղմեն առաջին հարվածը, այսինքն` դա պետք է լինի հստակ հասցեագրված միայն սոցիալապես խոցելի խմբերին: Տնտեսագետի կարծիքով դա հիմնարար հարց է: «Եթե միջազգային շուկայում նկատվում է գների նվազում, դա մեր շուկայում չի նկատվում, և չի էլ նկատվի: Մեզ մոտ բացակայում է արդյունավետ կապը մեր ու միջազգային գների միջև: Դեֆորմացված կապ է, որովհետև ոչ մրցակցային գնագոյացում է»,- ասում է նա: Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն ասում է, որ Հայաստանում գների բարձրացումը ընտրական գործընթացների կոպիտ արդյունքն է: «Տիպիկ հայկական ֆենոմեն է. անկախ նրանից` միջազգային շուկայում գինը բարձրանո՞ւմ է, թե՞ ոչ, Հայաստանում յուրաքանչյուր ընտրությունից հետո գների թռիչք է լինում: Սրա բացատրությունը մեկն է. ընտրություններին մասնակցում են հիմնականում իրենց գումարներով օլիգարխները և նպատակ ունեն իրենց ծախսած գումարները հետ բերել»: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացնում է լայն սպառման ապրանքատեսակների`կարագի, ձեթի, բրնձի, հացի, ալյուրի, շաքարավազի ամենօրյա մոնիթորինգ: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն ասում է, որ գների անօրինական բարձրացումներ չկան: Վերջին շրջանում ամենաբարձր գնաճն արձանագրվել է խոզի մսի շուկայում: Այն ունի իր օբյեկտիվ պատճառները` աֆրիկյան ժանտախտի հետևանքով: Բուսական և կենդանական յուղերի շուկաների հետ կապված` Շահնազարյանն ասում է, որ գները բարձրացել են 1-2 տոկոսով, ինչը կապված է համաշխարհային շուկայում արձանագրվող գների տատանումների հետ: «Հայաստանում գնաճային ճնշումն ավելին չէ, քան աշխարհում, հակառակը` մեզ մոտ գնաճի տեմպը, եթե համեմատենք մեզ նման երկրների հետ, միշտ եղել է նվազ, և դա արձանագրված է ինչպես միջազգային հաշվետվություններում, այնպես էլ տարածաշրջանային վերլուծություններում: Տվյալ առումով, գնաճը Հայաստանում միշտ եղել է ցածր, և կարծում եմ, որ դա կշարունակվի»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թաթուլ Մանասերյանը նույնպես կարծում է, որ գնաճի օբյեկտիվ պատճառները պետք է փնտրել միջազգային շուկայում, բայց կան նաև պատճառներ երկրի ներքին շուկայում` պայմանավորված մենաշնորհներով և այլ անցանկալի երևույթներով: Այս կարծիքին է նաև Աղաջանովը. «Դրանք են որոշ արտադրողների մենաշնորհային դիրքը և տնտեսության կլանային համակարգը: Այս երկուսին գումարվում է նաև դրսի գործոնը, և մեր տնտեսության «բեռը» ծանրանում է: Այդ պատճառով, եթե Ռուսաստանում, օրինակ, գնաճ է տեղի ունենում 20 տոկոսով, Հայաստանում այն կրկնապատկվում է»,- ասում է նա: ՀՀ-ում 2008-ին գնաճը պլանավորվել էր 7-7,5 տոկոս, սակայն արդեն մի շարք ապրանքների` հացամթերքների, ալյուրի, կաթնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի գները բաձրացել են 15-20 տոկոսով:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.