Կրկին թամբի վրա. ընդդիմադիրները հավաքվում են կառավարության նիստերի դահլիճում` լսելու Տեր-Պետրոսյանի ելույթը

Կրկին թամբի վրա. ընդդիմադիրները հավաքվում են կառավարության նիստերի դահլիճում` լսելու Տեր-Պետրոսյանի ելույթը


Ուրբաթ կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը: Հազարից ավելի մարդ էր կուտակվել Մելիք-Ադամյան փողոցում, իսկ նախասրահում ու դահլիճում կանգնելու տեղ գտնելն անգամ դժվար էր:

Ընդդիմությանը երկար ժամանակ դահլիճ չէին տրամադրում, անգամ նշվում էր, թե կոնգրեսը կարող է անցկացվել Վրաստանում, սակայն նորընտիր վարչապետը մեծահոգաբար զիջեց` նշելով, որ կառավարության նիստերի դահլիճը բոլոր քաղաքական ուժերին տրվում է նույն պայմաններով:

Կոնգրեսը, որը կազմակերպիչներն անվանեցին «Ազգային զարթոնքն ազդարարող շարժում», իր աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ` հարգելով մարտի 1-ի առնվազն 10 զոհերի հիշատակը:

Շարժումը շարունակելու և չհիասթափվելու կոչերով լեցուն ելույթները պարբերաբար ընդմիջվում էին բուռն բացականչություններով` «Լևոն», «Պայքար մինչև վերջ» , իսկ բանտարկվածների կանանց անունից ելույթ ունեցող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, ասաց, որ թեև իրենք մնացել են առանց ամուսինների, բայց «մեղք չեն, այլ բախտավոր են, քանի որ իրենց ամուսինները հերոսներ են»:

Առաջին նախագահի ելույթը առաջինն էր մարտիմեկյան իրադարձություններից հետո, որը, ինչպես սովորաբար, երկարաշունչ էր, բաղկացած մի քանի բաժիններից` «Բախո՞ւմ, թե՞ սպանդ», «Արևմուտքի վերաբերմունքը հայաստանյան ընտրությունների ու մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ», «Հասարակության պառակտո՞ւմ, թե՞ միավորում» և «Համաժողովրդական շարժման առաջիկա խնդիրները»:

Տեր-Պետրոսյանը «սպանդ» որակեց մարտի 1-ի իրադարձությունները` կատարվածի հիմնական «դիրիժոր» անվանելով «վարչախմբի պարագլուխ» նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և շեշտեց, որ «Սերժ Սարգսյանը թեև ֆորմալ առումով հրաման արձակելու հետ կապված չէ, բայց պարտավոր էր թույլ չտալ եղածը` որպես ընտրված նախագահ»:

Նախկին նախագահն ասում է, որ Քոչարյանի խոսքերն անվայել սուտ են, «առևտրականի մակարդակի սուտ», թե ոստիկանությունը լուսաբացին խուզարկության էր գնացել:

«Եթե ոստիկանությունը ցուցարարներին տեղեկացներ, որ ընդամենը եկել է Ազատության հրապարակ խուզարկության, ապա այդ կադրերը իշխանական լրատվամիջոցները հարյուր անգամ կցուցադրեին: Բացի այդ, աշխարհի ոչ մի երկրում տեսնված չէ, որ իրավապահ մարմինները խուզարկության գնան երեք-չորս հազար ոստիկանով»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Իսկ հասարակության և իշխանությունների միջև լարվածության լիցքաթափման միակ միջոցն ու ելքը, ըստ նախկին նախագահի, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են:

«Բայց ոչ իշխանությունները, ոչ եվրոպական կազմակերպությունները, որոնք վերահսկում են Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը, դեռևս այս ելքին պատրաստ չեն, իսկ մենք պետք է շարժումն օժտենք կազմակերպական նոր ձևով և նոր անվանմամբ»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահն առաջարկում է ավելի քան երկու տասնյակ կուսակցությունների ու կազմակերպությունների հիմքի վրա ստեղծել «Հայ ազգային կոնգրես», որը կարող է կուսակցության վերաճել` «մշտական և վճռորոշ դերակատարություն» ունենալով Հայաստանի բոլոր քաղաքական իրադարձություններում, միասնական թեկնածուներով կամ ընդհանուր ցուցակներով մասնակցելով բոլոր մակարդակի ընտրություններին:

Առաջին նախագահը խոսեց նաև վերջին մի քանի շաբաթվա ընթացքում անընդհատ արծարծվող երկխոսության մասին` ասելով, որ, «իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը չընդունելով հանդերձ` չեն անտեսում նրանց «քաղաքական գործոն լինելու հանգամանքը և պատրաստ են երկխոսության»:

«Դրա համար անհրաժեշտ է, որ իշխանությունը կատարի ԵԽԽՎ ապրիլի 17-ի բանաձևի պահանջները»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը` ավելացնելով, որ առաջին հերթին պետք է ազատ արձակվեն իրենց բանտարկված ընկերները:

Տեր-Պետրոսյանն իր ելույթում քննադատությամբ հիշեց ոչ միայն երկրորդ և երրորդ նախագահներին, այլ նաև միջազգային կառույցներին` նշելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները տեղի ունեցած իրադարձություններում ունեն իրենց մեղքի բաժինը:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը առերևույթ խիստ, բայց, ըստ էության, ոչինչ չասող իր եզրակացությամբ լեգիտիմացրել է խայտառակ մակարդակի և համատարած ընտրակեղծիքների պայմաններում անցկացված նախագահի ընտրությունը: Չնայած մանրամասնորեն արձանագրում են, որ եղել են խախտումներ, բռնություններ, կեղծիքներ, ընտրակաշառք, լցոնումներ, սակայն նշել են, թե դա չի ազդել ընտրության ելքի վրա»:

Ըստ նրա` այդ հայտարարությունից «ոգևորված` ՀՀ իշխանությունները ոչ միայն վիժեցրին ձայների վերահաշվարկի գործընթացը», այլև խաղաղ ցույցերը «իշխանության ապօրինի զավթման փորձ» որակելով կազմակերպեցին մարտի 1-ի արյունոտ սադրանքը»:

ԱրմենիաՆաուի էջերում